Հաճախ տրվող հարցեր
Media Ownership Monitor-ը (MOM) կամ «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագիրը ստեղծվել է որպես քարտեզագրման գործիք՝ հանրության համար հասանելի, շարունակաբար թարմացվող տվյալների բազա ձևավորելու նպատակով, որտեղ ներկայացված են բոլոր համապատասխան զանգվածային լրատվամիջոցների (տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և առցանց մեդիա) սեփականատերերը։
«Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ի նպատակն է ներկայացնել մեդիայի բազմակարծությանը սպառնացող վտանգները, որոնք առաջանում են մեդիայի սեփականության կենտրոնացման հետևանքով (մեթոդաբանության մասին ավելին՝ «Մեթոդաբանություն» բաժնում)։ Հասկանալու համար տվյալ երկրի առանձնահատկությունները և բացահայտելու մեդիայի կենտրոնացմանը նպաստող կամ այն նվազեցնող գործոնները, «Մեդիայի սեփականության մոնիթորինգ»-ի շրջանակում նաև ուսումնասիրվում են շուկայի պայմաններն ու իրավական միջավայրը։
«Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագիրը 2015 թվականին մշակել և իրականացրել է «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders, RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական բաժինը՝ Reporter ohne Grenzen e. V.-ն, որի առաքելությունն է պաշտպանել մամուլի ազատությունն ու տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքն աշխարհում։ 2019 թվականին ծրագիրը փոխանցվել է Գերմանիայում գրանցված «Մեդիայի գլոբալ ռեգիստր» հասարակական կազմակերպությանը (Global Media Registry- GMR)։
Հայաստանի Հանրապետությունում «Մեդիայի գլոբալ ռեգիստր» հասարակական կազմակերպությունը համագործակցել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ («Հետք»)։ Ծրագիրը համաֆինանսավորվել է «Ֆրիդոմ Հաուս Հայաստան»-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերություն» ծրագրի կողմից։
Մեդիայի բազմակարծությունը (պլյուրալիզմ) ժողովրդավարական հասարակությունների հիմնարար բաղադրիչն է, քանի որ ազատ, անկախ և բազմազան մեդիան արտացոլում է տարբեր տեսակետներ և հնարավորություն է տալիս քննադատել իշխանություն ունեցողներին։
Մտքերի բազմազանությանը սպառնացող հիմնական վտանգը մեդիա շուկայի կենտրոնացումն է, երբ մի քանի խաղացողներ գերիշխող ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա՝ միաժամանակ սահմանափակելով նոր մասնակիցների մուտքը և այլընտրանքային տեսակետների արտահայտումը (մեդիայի սեփականության կենտրոնացում)։
Այդ երևույթի դեմ պայքարի ամենամեծ խոչընդոտը մեդիայի սեփականության թափանցիկության բացակայությունն է․
- ինչպե՞ս կարող են քաղաքացիները գնահատել տեղեկատվության արժանահավատությունը, եթե չգիտեն, թե ով է այն մատուցում։
- ինչպե՞ս կարող են լրագրողները պատշաճ աշխատել, եթե չգիտեն, թե ով է վերահսկում իրենց լրատվամիջոցը։
- ինչպե՞ս կարող են կարգավորող մարմինները պայքարել մեդիայի կենտրոնացման դեմ, եթե չգիտեն, թե ով է մեդիայի ղեկին։
Այդ պատճառով «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» նախագծի նպատակը մեդիայի սեփականության թափանցիկությանը նպաստելն է և պատասխանելը հարցին՝ «Ո՞վ է, վերջիվերջո, վերահսկում մեդիայի բովանդակությունը»։ Սա անհրաժեշտ է հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ջատագովության համար փաստական հիմք ստեղծելու և քաղաքական ու տնտեսական դերակատարներին հաշվետու դարձնելու համար։
Առավելապես օգտագործվում են տվյալների պաշտոնական և/կամ արժանահավատ աղբյուրներ։
Եթե տվյալները հանրությանը հասանելի չեն, տեղեկատվությունը ձեռք է բերվում լրատվամիջոցներից՝ ուղիղ հարցումներով, պետական հաստատություններից, քաղաքական գործիչներից և հետազոտական ինստիտուտներից։
Մասնավորապես, օգտագործվել են հետևյալ աղբյուրներում առկա տեղեկությունները.
- Լրատվական կազմակերպություններ/ընկերություններ
- Դատական ռեգիստրներ
- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
- ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստր
- Arlis, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
- ՀՀ պաշտոնական ծանուցումների կայք
- ՀՀ Ազգային ժողով
- Հայաստանի լրագրողների միություն
- Երևանի մամուլի ակումբ
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե։
Հիմնական հարցն է՝ ո՞ր լրատվամիջոցներն են ազդում հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Ընդհանուր համեմատությամբ, ամենահամապատասխան լրատվամիջոցներն ընդգրկելու համար ներառվել են լրատվամիջոցների բոլոր ավանդական տեսակները՝ տպագիր եւ առցանց պարբերականներ, ռադիո, հեռուստատեսություն։
Լրատվամիջոցներն ընտրվել են հետևյալ չափանիշներով.
- Ամենամեծ ընդգրկումն ունեցող լրատվամիջոցները՝ ըստ լսարանի։ Յուրաքանչյուր տեսակի լրատվամիջոցից (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր եւ առցանց պարբերականներ) ընտրվել է առավելագույնը 10-ը։
- Նորություններ և կարծիք պարունակող բովանդակություն. ուսումնասիրության շրջանակում կենտրոնացել ենք տվյալ երկրի մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ մատուցող լրատվամիջոցների վրա։ Այդ պատճառով բացառվել են թեմատիկ ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները (երաժշտություն, սպորտ), սոցիալական ցանցերը, որոնման համակարգերը և գովազդային նյութերը։
«Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ի ստանդարտ մեթոդաբանության համաձայն՝ յուրաքանչյուր մեդիա ոլորտում ուսումնասիրման համար ընտրվել է ամենամեծ լսարան ունեցող 10 լրատվամիջոց։
Ամենից համապատասխան լրատվամիջոցները որոշելու նպատակով «Մեդիայի սեփականության մոնիտորինգ Հայաստան»-ի հետազոտական խումբն ընդգրկեց լրատվամիջոցների բոլոր տեսակները՝ տպագիր եւ առցանց պարբերականներ, ռադիո, հեռուստատեսություն։
Սակայն, Հայաստանի մեդիա շուկայում առցանց, ռադիո և տպագիր լրատվամիջոցների լսարանի ամբողջական տվյալներ չկան, ինչը դժվարացնում է ստանդարտ մեթոդաբանության կիրառումը։ Այս խնդիրը լուծելու համար ձևավորվեց խորհրդատվական խումբ՝ կազմված փորձառու լրագրողներից, փորձագետներից և հետազոտողներից։ Նրանց խորհրդատվությունն օգտագործվել է լրատվամիջոցների ընտրությունը կատարելիս։
Տվյալները հավաքվել են 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբեր։
Ուսումնասիրության համար ընտրվել են ընդհանուր բնույթի տեղեկություններ հայտնող լրատվամիջոցներ։ Բացառվել են թեմատիկ ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները (երաժշտություն, սպորտ, կենսակերպ, զվարճանք), սոցիալական ցանցերը, որոնողական համակարգերը և գովազդային հարթակները։
- Հեռուստատեսություն - Հեռուստաընկերությունների ընտրությունը հիմնված է «Ադմոսֆեր» ընկերության՝ թվային հեռուստատեսության լսարանի հետազոտության 2024 թվականի տվյալների վրա։ Դիտարկվել են ամենամեծ լսարան ունեցող հեռուստածրագրերը։ Ընտրությունը կատարվել է նաև խմբագրական չափանիշների հիման վրա՝ ապահովելու թեմատիկ համապատասխանությունը․ հեռուստաընկերությունները պետք է հաղորդեն լուրեր և հասարակական-քաղաքական հաղորդումներ, գործեն Հայաստանում։ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում վերահեռարձակվող ռուսական ծրագրերը, որոնք Հայաստանի լսարանի համար հատուկ բովանդակություն չեն արտադրում, չեն դիտարկվել։ 10 հեռուստաընկերություն է ընտրվել, ներառյալ «Հ2»-ը՝ խորհրդատվական խմբի առաջարկով, որը 2021-ին զրկվել է վերգետնյա հեռարձակման լիցենզիայից, սակայն տարիներ շարունակ Հայաստանում մեծ ծածկույթ եւ ճանաչում ունեցող մասնավոր հեռուստաընկերություններից էր եւ շարունակում է հեռարձակումը մալուխային ցանցով։
- Ռադիո - Հայաստանում ռադիոկայանների լսարանը չափող որեւէ կազմակերպություն չկա։ Լսարանի մասին տվյալների բացակայության պայմաններում «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագրի թիմը հաշվարկել է յուրաքանչյուր ռադիոկայանի հետևորդների ընդհանուր քանակը սոցիալական մեդիայի բոլոր հարթակներում (Facebook, Instagram, X, LinkedIn, TikTok, Telegram, YouTube)՝ այն օգտագործելով որպես լսարանի հասանելիության ցուցանիշ։ Նախապատվություն է տրվել հանրապետական ծածկույթ ունեցող կամ երևանյան ռադիոկայաններին՝ հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության խտությունը։ Քաղաքական և վերլուծական հաղորդումներ ունեցող ռադիոկայաններն առաջնահերթ են դիտարկվել, քանի որ դրանք զգալիորեն նպաստում են հանրային քննարկումներին և քաղաքական իրազեկվածությանը։ Բոլոր ռադիոկայանները, որոնք ունեն նորությունների թողարկումներ, անգամ հինգ րոպեանոց, ներառվել են ուսումնասիրության մեջ։ Ընտրվել է ինը ռադիոկայան։
- Տպագիր մամուլ - Հայաստանում չկա հետազոտական որևէ կազմակերպություն, որը չափում է տպագիր մամուլի ընթերցման ցուցանիշները։ Ներկայում Հայաստանում հասարակական-քաղաքական նշանակության ընդամենը ութ թերթ է հրատարակվում, ուստի, ուսումնասիրության համար ընտրվել են բոլոր ութ թերթերը։ Ընտրությունը կատարվել է նաև լրացուցիչ խմբագրական չափանիշների հիման վրա՝ թերթերը պետք է ունենան առնվազն շաբաթական պարբերականություն, կենտրոնանան տեղեկատվական, հասարակական-քաղաքական և տնտեսական հարցերի վրա և լինեն Հայաստանում հրատարակվող ու գործող։ Ընտրված ութ թերթից հինգն օրաթերթ է, երկուսը՝ շաբաթաթերթ, իսկ մեկը լույս է տեսնում շաբաթը երեք անգամ։
- Առցանց մամուլ - Առցանց լրատվամիջոցներից ամենաազդեցիկն ընտրելը բարդ է ցանկացած երկրում, հատկապես, երբ ամբողջական տվյալներ չկան լսարանի վերաբերյալ։ Հայաստանում չկան կազմակերպություններ կամ գործիքներ, որոնք չափում են առցանց լրատվամիջոցների լսարանը, իսկ լրատվամիջոցների մեծ մասը նման տվյալներ չի հրապարակում։ Անկախ չափումների բացակայությունը ստիպեց «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագրի թիմին մշակել այլընտրանքային ընտրության չափանիշներ։ Գլխավոր չափանիշը դարձավ հետևորդների ընդհանուր թիվը յոթ սոցիալական հարթակում՝ Facebook, Instagram, YouTube, X, LinkedIn, Telegram և TikTok, որը կիրառվեց որպես լսարանի ընդգրկման և ազդեցության ցուցանիշ։ Սակայն, հաշվի առնելով, որ սոցիալական մեդիայի թվային ցուցանիշները միշտ չէ, որ ճշգրիտ արտացոլում են ազդեցությունը, հետազոտական թիմը խորհրդակցեց փորձագետներից, փորձառու լրագրողներից և հետազոտողներից կազմված խորհրդատվական խորհրդի հետ։ Քաղաքական կողմնորոշումն ընտրության չափանիշ չէր։ «Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ի թիմը նախնական ցուցակ կազմեց՝ ներառելով սոցիալական հարթակներում ամենամեծ լսարան ունեցող 24 առցանց լրատվամիջոց։ Այս ցուցակը քննարկվեց խորհրդատվական խորհրդում, որի առաջարկությամբ լրացվեց մինչև 32 լրատվամիջոց։ Այդ ցանկից ընտրվեցին առաջատար 10 լրատվամիջոցները։ Լսարանի ցուցանիշներով առաջատար տասնյակում էին iravaban.net-ը և A1+-ը։ Սակայն հետազոտական թիմը բացառեց iravaban.net-ը, քանի որ այն հիմնականում կենտրոնանում է իրավական վերլուծությունների, օրենսդրության մեկնաբանության վրա, ոչ թե հասարակական-քաղաքական թեմաների, իսկ A1+-ը շատ սակավ սեփական բովանդակություն ունի և հիմնականում՝ խորհրդանշական ազդեցություն։
Ընտրված մնացած ութ առաջատար լրատվամիջոցներին խորհրդատվական խորհրդի առաջարկությամբ ավելացվեց ևս յոթ լրատվամիջոց՝ ապահովելու ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ձայների ներկայացվածությունը, ինչպես նաև մեկ նորաստեղծ լրատվամիջոց, որը խորհուրդն արժանի համարեց ներառելու (ընդհանուր՝ 15 առցանց լրատվամիջոց)։ Թեև խորհրդատվական խորհուրդն առաջարկեց ուսումնասիրության մեջ ներառել նաև «Հետք»-ը, հետազոտական թիմը հրաժարվեց այդ առաջարկից՝ էթիկական նկատառումներից և շահերի բախման հավանականությունից ելնելով։
Մեդիայի սեփականության թափանցիկությունը քաղաքացիներին օգնում է գնահատել իրենց մատուցված տեղեկատվությունը և բացահայտել հնարավոր կողմնակալությունները։ Հայաստանում, որտեղ չկան ռադիոյի, տպագիր կամ առցանց լրատվամիջոցների լսարանները չափող կազմակերպություններ, դժվար է պարզել, թե որ լրատվամիջոցներն են իրականում ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա։
Որոշ լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ընկերությունների սեփականատերեր մեղադրվում են քրեական հանցանքների մեջ, իսկ քաղաքական կապերն ու սեփականության կենտրոնացվածությունը մեծապես մնում են հանրության տեսադաշտից դուրս։ Այս կապերի բացահայտումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկացված ընտրություն կատարել՝ որոշելու, թե որ աղբյուրներին արժե վստահել մի երկրում, որտեղ մեդիան կարևոր դեր ունի ժողովրդավարական քննարկումների և կարծիքների բազմազանության ապահովման գործում։
Մեդիայի սեփականության թափանցիկությունը հնարավորություն է տալիս հասկանալու՝ լրատվամիջոցը ծառայում է հանրությա՞նը, թե՞ կուսակցական կամ տնտեսական խմբերի։ Իրական սեփականատերերի բացահայտումը կարող է նպաստել նաեւ լրատվամիջոցների նկատմամբ վստահության աճին:
Թեեւ Հայաստանի հասարակությունն ընդհանուր առմամբ պատկերացում ունի, թե որ լրատվամիջոցն ինչ ուղղվածություն, դիրքորոշում ունի, բայց չկա համապարփակ ուսումնասիրություն, որտեղ կբացահայտվեն սեփականատերերը, հատվող շահերն ու փոխկապակցվածությունները:
Մեդիայի սեփականության թափանցիկությունը կարեւոր է ժողովրդավարության զարգացման ուղին բռնած Հայաստանի Հանրապետության համար, որը շրջապատված է հիմնականում ավտորիտար հարեւաններով։
«Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ը հիմնված է ընդհանուր մեթոդաբանության վրա, որը հնարավոր է կիրառել աշխարհագրորեն ցանկացած երկրում։ Փորձնական փուլն իրականացվել է 2015 թվականին Կոլումբիայում և Կամբոջայում։ 2025 թվականի դրությամբ այն իրականացվել է աշխարհի ավելի քան 27 երկրում։ Վերջին թարմացումները կատարվել են Ֆիլիպիններում, Ալբանիայում, Սերբիայում, Լիբանանում և Գերմանիայում։ Իռլանդիան դարձավ առաջին ԵՄ երկիրը, որտեղ «Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ն իրականացվեց, իսկ Գերմանիան՝ ԵՄ երկրորդ երկիրը։
Լսարանի մասին տվյալների բացակայություն: Հայաստանում չկան ռադիոյի, պարբերական և առցանց լրատվամիջոցների լսարանները չափող կազմակերպություններ։ Հեռուստալսարանի չափումներն իրականացնում է «Ադմոսֆեր» ընկերությունը, սակայն որոշ հեռուստաընկերությունների սեփականատերերի և ոլորտի մասնագետների համար այս տվյալներն արժանահավատ չեն։ Լսարանի մասին հուսալի տվյալների բացակայության պատճառով մեդիայի ոլորտների մեծ մասի դեպքում հնարավոր չէր գնահատել շուկայի կենտրոնացումը՝ ըստ շուկայում լսարանի մասնաբաժնի։
Ֆինանսների մասին սահմանափակ տվյալներ: Մեդիայի որևէ ոլորտում հնարավոր չէր հաշվարկել շուկայի կենտրոնացումը՝ ըստ եկամուտների։ Չնայած Հայաստանի օրենսդրությունը պահանջում է բոլոր լրատվամիջոցներից հրապարակել տեղեկություններ իրենց եկամուտների մասին՝ ոչ բոլոր ընկերությունների ֆինանսական տվյալներն են հասանելի, ինչն անհնար է դարձնում ընդհանուր շուկայի չափը և շուկայում անհատական մասնաբաժինը հաշվարկելը։ Ավելին, ֆինանսական հաշվետվությունների առկայության պարագայում միշտ չէ, որ դրանք արտացոլում են լրատվամիջոցի ֆինանսական տվյալները, քանի որ բազմաթիվ մեդիա ընկերություններ եկամուտ են ստանում նաեւ այլ բիզնես գործունեությունից։ Որոշ լրատվամիջոցներ գրանցված չեն որպես առանձին իրավաբանական անձինք, հետեւաբար անհնար է նրանց ֆինանսական գործունեությունն առանձնացնել։
Հանրային ծախսերի թափանցիկության բացակայություն: Լրատվամիջոցների վրա Կառավարության կատարած ծախսերը՝ գովազդի և դրամաշնորհների միջոցով, այնքան էլ թափանցիկ չեն։ Հանրային միջոցներից լրատվամիջոցներին ուղղված գումարները հնարավոր չէ ճշգրիտ պարզել, քանի որ դրանք բյուջետային փաստաթղթերում միշտ չէ, որ նշվում են որպես գովազդ կամ լրատվամիջոցներին աջակցություն։
Պրոքսի սեփականություն (proxy ownership): Որոշ լրատվամիջոցներ օգտագործում են դրածո մարդկանց՝ իրական սեփականատերերի ինքնությունը թաքցնելու համար։ Որոշ դեպքերում իրական սեփականատերերին հնարավոր չէր պարզել բաց աղբյուրներում առկա տեղեկատվության միջոցով։ Հայաստանում 2021-ին ներդրված իրական շահառուների համակարգը եւս չի ապահովում սեփականատերերի լիակատար բացահայտում, քանի որ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը չունի համապատասխան ռեսուրսներ և գործիքներ հնարավոր կեղծիքները բացահայտելու համար։
Պետական ռեգիստրի տվյալների անհամապատասխանություն: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկությունները երբեմն հին են, սխալ եւ լրացուցիչ ստուգում են պահանջում։ Տպագիր լրատվամիջոցների գրանցման համակարգը եւս թերի է, գործունեությունը դադարեցրած ընկերությունները շարունակում են մնալ պաշտոնական ռեգիստրում՝ առանց տվյալների թարմացման։
Կենսագրական տեղեկությունների բացակայություն: Բազմաթիվ լրատվամիջոցների կայքերում չկա «Մեր մասին» բաժին՝ իրենց վերաբերյալ հիմնական տեղեկատվությամբ։ Շատ դեպքերում անհնար էր կենսագրական տեղեկություններ գտնել սեփականատերերի, հիմնադիրների կամ խմբագիրների մասին, ինչի պատճառով սեփականության պատկերներն ամբողջական չեն։
Սահմանափակ ռեսուրսներ: Որոշ ուսումնասիրություններ, հատկապես տեղական զանազան շուկաների և սեփականության քողարկված սխեմաների մասին, ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ էին պահանջում, քան առկա էր այս ուսումնասիրության համար։ Սա հատկապես վերաբերում է սեփականության բարդ շղթաները և իրական սեփականատերերի կապերը հետագծելուն։
Տվյալների այս բազան նախատեսված է մի քանի լսարանի համար․
Ընդհանուր հասարակություն․ տվյալների բազան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանի մեդիա համակարգին և պարզել, թե ովքեր են այն լրատվամիջոցների սեփականատերերը, որոնց իրենք հետևում են։ Նորությունների աղբյուրները գնահատելը նպաստում է մեդիայի սեփականության և թափանցիկության կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ․ հետազոտությունը տվյալներ և վերլուծություն է տրամադրում մեդիայի սեփականության կենտրոնացման և թափանցիկության խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել ջատագովության և քաղաքականության մշակման առաջարկությունների համար՝ մեդիայի բազմակարծությունն ամրապնդելու նպատակով։
Կառավարություն և կարգավորող մարմիններ․ ուսումնասիրության արդյունքները կարող են օգտագործվել մեդիայի բազմազանությունը խթանելու նպատակով քաղաքականություն մշակելիս, ինչպես նաև օգնել կարգավորող մարմիններին ավելի արդյունավետ իրականացնել իրենց լիազորությունները մեդիայի սեփականության թափանցիկության և մրցակցության ապահովման հարցում։
Հետազոտողներ և լրագրողներ․ տվյալների բազան Հայաստանի մեդիայի սեփականության կառուցվածքի համապարփակ փաստաթուղթ է, որը կարող է հիմք ծառայել մեդիայի անկախության և քաղաքական ազդեցության թեմաներով հետագա գիտական ուսումնասիրությունների և հետաքննական լրագրության համար։
Տվյալների այս բազան ներկայացնում է Հայաստանի մեդիա դաշտի ներկա վիճակը։
Նախագծի նպատակն է խթանել հանրային քննարկումներ և փոփոխություններ, հատկապես հետևյալ ոլորտներում՝
- Մեդիայի թափանցիկություն
- Տնտեսական իրավիճակ
- Քաղաքական կապեր
Եվրոպական համալսարանի ինստիտուտի (EUI) կազմում գործող Մեդիայի բազմակարծության և ազատության կենտրոնն (CMPF) իրականացնում է «Մեդիայի բազմակարծության մոնիտորինգ» (MPM) ծրագիրը։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը բացահայտում է մեդիայի բազմակարծությանը սպառնացող վտանգները՝ հիմնվելով ավելի լայն ցուցանիշների վրա, որոնք ներառում են իրավական, տնտեսական և սոցիալ-մշակութային գործոններ։ Մեդիայի սեփականության կենտրոնացումը դիտարկվում է որպես վեց չափումներից միայն մեկը։ Ծրագրի միջոցով գնահատվում են մեդիայի բազմակարծության ռիսկերը Եվրամիության անդամ երկրներում։
Կազմակերպություն | Նկարագրություն |
|---|---|
Իսպանական ՀԿ, որը գործունեություն է ծավալում մի շարք եվրոպական երկրներում՝ մեդիայի սեփականության թափանցիկության ոլորտում։ | |
ՀԿ, որը գործում է մամուլի ազատության ոլորտում և իրականացնում է մեդիայի կենտրոնացման հետ կապված ծրագրեր։ | |
«Դոյչե Վելե»-ի Մեդիայի ազատության նավիգատորը մեդիայի ազատության ինդեքսների ամփոփ պատկեր է տալիս։ | |
Եվրոպայում գործող տեսալսողական ծառայությունների տվյալների բազա։ | |
Կայքը ներկայացնում է մեդիայի վիճակի ամփոփ վերլուծություն Եվրոպայում և հարևան երկրներում։ | |
Եվրոպական համալսարանի ինստիտուտի Մեդիայի բազմակարծության և ազատության կենտրոն | Գնահատում է մեդիայի բազմակարծության ռիսկերը ԵՄ անդամ պետություններում։ |
Ցանց, որը տեղեկություններ է տալիս տարբեր երկրներում մեդիայի վիճակի մասին։ | |
«Մեդիայի կայունության ինդեքս» ծրագիրը վերլուծում է անկախ մեդիայի պայմանները 80 երկրում։ | |
Կայք, որը տեղեկատվություն է տրամադրում Մեծ Բրիտանիայում մեդիայի սեփականության վերաբերյալ։ | |
Կազմակերպությունը ինտերակտիվ տվյալների բազա է հրապարակում ԱՄՆ-ի մեդիայի վերաբերյալ։ | |
Հետևում է մեդիայի սեփականությանը և դրա ազդեցությանը մեդիայի բազմակարծության վրա Հարավային Եվրոպայում և ԵՄ անդամ երկրներում։ | |
Կոլումբիայի բիզնես դպրոցին կին հեռուստատեղեկատվության Կոլումբիայի ինստիտուտ | Հետազոտական ինստիտուտ, որը համագործակցում է 30 երկրի հեղինակների հետ՝ մեդիայի կենտրոնացման ընդհանուր մեթոդաբանությամբ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։ |
Տեղեկատվական բազա, որը ներառում է աշխարհի խոշորագույն մեդիա կորպորացիաների տվյալները։ | |
Մեդիայի զարգացման ցուցիչներ՝ մեդիայի զարգացման գնահատման շրջանակ։ |

