Մեթոդաբանություն

Մեդիայի բազմակարծությունը (պլյուրալիզմ) ժողովրդավարական հասարակությունների հիմնարար բաղադրիչն է, քանի որ ազատ, անկախ և բազմազան մեդիան արտացոլում է տարբեր տեսակետներ և հնարավորություն է տալիս քննադատել իշխանություն ունեցողներին։

Ընդհանրապես, տարբերակում են մեդիայի բազմակարծության երկու տեսակ՝ ներքին և արտաքին։

Ներքին բազմակարծությունն այն է, թե ինչպես է մեդիայի բովանդակության մեջ ներկայացված սոցիալական և քաղաքական բազմազանությունը (օրինակ՝ տարբեր մշակութային խմբերի ներկայացվածություն, տարբեր քաղաքական կամ գաղափարական կարծիքների արտահայտում)։

Արտաքին բազմակարծությունն, իր հերթին, վերաբերում է սեփականատերֆերի թվին և կառուցվածքին՝ այսպես կոչված «բովանդակություն մատուցողների բազմազանությանը»։

Գաղափարների բազմազանությունը վտանգվում է մեդիա շուկայի կենտրոնացման հետևանքով, երբ․

  • միայն մի քանի խաղացողներ են որոշիչ ազդեցություն ունենում հանրային կարծիքի վրա և խոչընդոտում մյուսների մուտքը շուկա (մեդիայի սեփականության կենտրոնացում),
  • մեդիայի բովանդակությունը միօրինակ է և կենտրոնացած սահմանափակ թեմաների, մարդկանց կամ գաղափարների վրա (մեդիայի բովանդակության կենտրոնացում),
  • լսարանն ընթերցում, դիտում կամ լսում է միայն որոշ լրատվամիջոցներ (լսարանի կենտրոնացում)։

Թեև մեդիայի բազմակարծությունը ներառում է բազմաթիվ չափումներ և ենթարկվում է բազմաթիվ ռիսկերի, «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» նախաձեռնությունը կենտրոնանում է արտաքին բազմակարծության վրա՝ մասնավորապես մեդիայի սեփականության կենտրոնացման, որպես բազմակարծությանը սպառնացող հնարավոր վտանգ։

Դրան հակազդելու գլխավոր խոչընդոտը մեդիայի սեփականության թափանցիկության պակասն է․

  • Ինչպե՞ս կարող են քաղաքացիները գնահատել տեղեկատվության արժանահավատությունը, եթե չգիտեն, թե ով է այն մատուցում։
  • Ինչպե՞ս կարող են լրագրողները պատշաճ աշխատել, եթե չգիտեն, թե ով է վերահսկում իրենց լրատվամիջոցը։
  • Եվ ինչպե՞ս կարող են կարգավորող մարմինները պայքարել մեդիայի կենտրոնացման դեմ, եթե չգիտեն, թե ով է մեդիայի ղեկին։

«Մեդիայի սեփականության մոնիտորինգ» նախագծի նպատակը մեդիայի սեփականության թափանցիկությանը նպաստելն է և պատասխանելը հարցին՝ «Ո՞վ է, վերջիվերջո, վերահսկում մեդիայի բովանդակությունը»։

«Մեդիայի սեփականության մոնիտորինգ» նախագիծը՝

  • Տեղեկություն է տալիս տարբեր տեսակի՝ հեռուստատեսային, ռադիո, առցանց և տպագիր դաշտի առավել կարևոր լրատվամիջոցների սեփականատերերի և նրանց կապերի մասին,
  • վերլուծում է հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցության հնարավոր չափը՝ լսարանի կենտրոնացման հիման վրա,
  • ներկայացնում է մեդիայի սեփականության և կենտրոնացման իրավական կարգավորման շրջանակը, ինչպես նաև՝ կարգավորող մեխանիզմները։

«Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (Media Ownership Monitor-MOM) նախագիծը հիմնված է ընդհանուր մեթոդաբանության վրա և մշակվել է որպես քարտեզագրման գործիք՝ ստեղծելու հանրային, շարունակաբար թարմացվող տվյալների շտեմարան, որտեղ նշված են բոլոր համապատասխան զանգվածային լրատվամիջոցների սեփականատերերը։

Ապահովում է թափանցիկություն այն հարցում, թե ով է տիրապետում մեդիան, ինչ շահեր և կապեր ունեն սեփականատերերը, ինչ կախվածություններ գոյություն ունեն և, հետևաբար, ով է իրականում ազդում հանրային կարծիքի ձևավորման վրա։

Այս աշխատանքի նպատակն է ոչ միայն պարզել, թե ով է բաժնետեր, այլ նաև՝ ով է փաստացի վերահսկում այս կամ այն մեդիան։ Բացի այդ, այն համատեքստային և որակական վերլուծություն է առաջարկում՝ գնահատելով յուրաքանչյուր երկրի շուկայի առանձնահատկություններն ու իրավական միջավայրը։

Հետազոտությունը Հայաստանում իրականացրել է «Հետքը»՝ «Մեդիայի գլոբալ ռեգիստր» կազմակերպության հետ համագործակցությամբ։

Տվյալները հավաքվում են օգտագործողի մանրամասն ուղեցույցի հիման վրա, որը ներառում է հետևյալ բաժինները․

  • Բաժին Ա. Համատեքստ - ներկայացնում է մեդիա շուկայի ընդհանուր պատկերը և ուղեկցող պայմանները, ինչպիսիք են սեփականության հետ կապված կարգավորող շրջանակը, երկրի տվյալները և մեդիային առնչվող հատուկ տեղեկություններ։ Այս բաժինը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ հաջորդ բաժինների բովանդակությունը և գնահատել մեդիայի բազմազանության ռիսկերը։
  • Բաժին Բ. Մեդիա շուկա - ներկայացվում են մեդիայի այն տեսակները, որոնք կարևոր են հանրային կարծիքի ձևավորման համար՝ ելնելով լսարանի ընդգրկումից։ Մեդիայի յուրաքանչյուր տեսակի (հեռուստատեսություն, ռադիո, տպագիր, առցանց մամուլ) համար ընտրվում է առավելագույնը 10 լրատվամիջոց։
  • Բաժին Գ. Սեփականություն - ուսումնասիրվում են առավել կարևոր լրատվամիջոցների սեփականատերերը, բաժնետերերը և ազդեցություն ունեցող անձինք։ Հիմնական մեդիա ընկերությունները սահմանվում են տնտեսական չափանիշներով (եկամուտների հիման վրա) և ուսումնասիրվում են սեփականության բնութագրերով։
  • Բաժին Դ. Ցուցիչներ - բացատրվում են ցուցանիշները, որոնցով հաշվարկվում է մեդիայի բազմակարծության ռիսկերի ինդեքսը՝ կապված մեդիայի սեփականության վերահսկման մակարդակի հետ։

գտագործողի ուղեցույցը հիմնված է մեդիայի սեփականության և բազմակարծության առկա ուսումնասիրությունների վրա։

Ցուցանիշները մշակել և ներդաշնակեցրել է Եվրոպական համալսարանական ինստիտուտի (EUI, Ֆլորենցիա) Մեդիայի բազմակարծության և լրատվամիջոցների ազատության կենտրոնը (CMPF)՝ ԵՄ-ի ֆինանսավորած «Մեդիայի բազմակարծության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում։