«Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագրի թիմը

MOM-ի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է իրազեկ գործընկեր կազմակերպություն։ MOM Հայաստանը հնարավոր չէր լինի առանց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի/Hetq-ի կողմից ընտրված տեղական թիմի ցուցաբերած նվիրվածության և եռանդի։

Լիաննա Սայադյան, հետազոտական խմբի եւ ծրագրի ղեկավար, «Հետք»

Լիաննա Սայադյանը «Հետքի» փոխմբագիրն է։ Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ, Լրագրողների եվրոպական ասոցիացիայի անդամ։ 2000 թվականից դասավանդում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Մեդիայի վերաբերյալ գիտական մի շարք հոդվածների հեղինակ է։ 2024 թվականին Մադրիդի Ռեյ Խուան Կառլոս համալսարանի Հաղորդակցային գիտությունների ֆակուլտետի դասախոս Պատրիսիա Իզքիերդո Իրանզոյի հետ համահեղինակել է «Հայկական մեդիա համակարգի համապարփակ դիտարկում՝ ըստ Հալինի և Մանչինիի մոդելի» թեմայով գիտական աշխատանքը, որը հրապարակվել է Cogitatio Press-ի «Մեդիա եւ հաղորդակցություն» ամսագրում։

Մասնագիտական վերապատրաստում է անցել Փարիզի Պանթեոն-Ասսա (Université Paris-Panthéon-Assas), Ստրասբուրգի եւ Պոզնանի (Լեհաստան) Ադամ Միկեւիցի անվան համալսարաններում, Փարիզի Լրագրողների վերապատրաստման և զարգացման կենտրոնում։

Էդիկ Բաղդասարյան, խմբագիր, «Հետք»

Էդիկ Բաղդասարյանը «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության համահիմնադիրն է, «Հետքի» գլխավորը: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (International Consortium of Investigative Journalists) անդամ է:

Կարիերան սկսել է 1989 թվականից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի գրական գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում, 1991-1992թ.թ.-ին հեռուստատեսությունում վարել է քաղաքական և լրատվական-վերլուծական հաղորդումներ՝ «2+1», «Օր 7-րդ», որոնք փակվել են քաղաքական դրդապատճառներով:

Մասնակցել է միջազգային հետաքննական մի քանի նախագծերի՝ «Պանամայի փաստաթղթեր», «Դրախտային փաստաթղթեր», «Տրոյկա Դիալոգ», «Պանդորայի փաստաթղթեր», «Շվեյցարական գաղտնիքներ»: Արժանացել է տեղական և միջազգային մրցանակների, որոնցից գլխավորներն են 2008 թ.-ին հետաքննական լրագրության միջազգային մրցանակը (Global Shining Light Award) եւ 2010-ին եվրոպական «Բուցերիուս» հիմնադրամի «Արևելյան Եվրոպայի մամուլի ազատություն-2010» մրցանակը:

2001-2017 թթ. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում վարել է «Հետաքննական լրագրություն» դասընթացը: Նրա հեղինակած «Հետաքննական լրագրություն. հայկական փորձը» գիրքը որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։

2019-ին նրա նախաձեռնությամբ կազմակերպությունը հիմնել է հետաքննական լրագրության դպրոց՝ «Հետք մեդիա գործարան» անվանումով։

Արեն Նազարյան, հետազոտող, «Հետք»

Արեն Նազարյանը լրագրող է, 2023 թվականից աշխատում է «Հետք»-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտ է։ «Հետքում» հիմնականում աշխատում է հետազոտական նյութերի վրա, մասնագիտացած է տվյալների հավաքագրման եւ վիզուալացման մեջ։

Նարե Պետրոսյան, հետազոտող, «Հետք»

Նարե Պետրոսյանը լրագրող է, 2023 թվականից աշխատում է «Հետքում»։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտ է։

Լրագրությամբ սկսել է զբաղվել 14 տարեկանից՝ առաջին քայլերն անելով Հայաստանի հանրային ռադիոյի «Զարթուցիչ» ծրագրում։ 2019-2021 թթ. Հանրային ռադիոյի մանկապատանեկան ալիքում՝ «Արևիկում» վարել է «Էկոակումբ» ծրագիրը։

«Հետքում» հիմնականում աշխատում է հետազոտական նյութերի վրա, զբաղվում է տվյալների լրագրությամբ ու լուսաբանում տեխնոլոգիական ոլորտը։

Մարիամ Խաչատրյան, հետազոտող

Մարիամ Խաչատրյանը մեդիա հետազոտող է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Աշխատել է Հանրային հեռուստաընկերության մի քանի հաղորդումներում՝ որպես սցենարիստ։ Մասնակցել է մեդիա էթիկայի թեմայով հետազոտության իրականացմանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ։ Այժմ սովորում է Շվեդիայի Լունդի համալսարանում՝ Մեդիայի և հաղորդակցության ուսումնասիրությունների ֆակուլտետում։

Շուշան Ստեփանյան, հետազոտող, «ՍիվիլՆեթ»

Շուշան Ստեփանյանը մեդիա հետազոտող և փաստեր ստուգող լրագրող է։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի «Մուլտիմեդիա լրագրություն և մեդիա մենեջմենթ» բաժինը։ Erasmus+ միջազգային փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ սովորել է Նորվեգիայի NLA Høgskolen համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնում։ Հետաքննական հոդվածների համար մրցանակներ է ստացել Oxygen հիմնադրամից և DVV International Armenia կազմակերպությունից։ 2024-ից միացել է ՍիվիլՆեթի (civilnet.am) փաստերի ստուգման թիմին։



Նաֆիսա Հասանովա, «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (MOM) ծրագրի ղեկավար, Գլոբալ Մեդիա Ռեգիստր (GMR)

Նաֆիսա Հասանովան ղեկավարում է «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագիրը (Media Ownership Monitor) «Գլոբալ Մեդիա Ռեգիստր» կազմակերպությունում՝ համակարգելով և առաջնորդելով հետազոտական աշխատանքները մի շարք երկրներում, ներառյալ՝ Ուկրաինա (2016), Թուրքիա (2016), Սերբիա (2017), Ալբանիա (2018), Շրի Լանկա (2018), Հնդկաստան և Պակիստան (2019), Արևմտյան Բալկաններ (2023), Գերմանիա (2024-2025), Մոլդովա (2024-2025), Հայաստան (2025) և Իռլանդիա (2025):

Նա նաև մասնակցել է պետական ազդեցության գնահատման նպատակով մշակված «Պետական մեդիայի մոնիտորինգ» (State Media Monitor) մեթոդաբանության մշակմանը և համակարգում է ծրագրի իրականացումը Արևելյան Եվրոպայում, հետխորհրդային երկրներում, Բալկաններում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։

Մինչ 2016-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը միանալը, Հասանովան աշխատել է Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի հիմնադրած Ֆիննական ճգնաժամերի կառավարման նախաձեռնության (CMI) կազմում՝զբաղվելով Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացով։ Ավելի վաղ նա քաղաքականության պատասխանատու է եղել Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար APRODEV կազմակերպությունում (ներկայում՝ ACT Alliance EU), ինչպես նաև եղել է Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (CEPS, Բրյուսել) ԵՄ-Կենտրոնական Ասիա մոնիտորինգի ծրագրի համակարգողը։

Հասանովան ունի միջմշակութային հաղորդակցության և եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան, որը ստացել է Գերմանիայի Ֆուլդայի համալսարանում, ինչպես նաև՝ անգլերեն բանասիրության բակալավրի աստիճան (գերազանցությամբ), որը ստացել է Սամարղանդի Արտաքին լեզուների պետական ինստիտուտում (Ուզբեկստան)։

Անի Ավետիսյան, հետազոտող և ծրագրի օգնական, Գլոբալ Մեդիա Ռեգիստր (GMR)

Անի Ավետիսյանն աջակցում է «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (MOM) ծրագրի իրականացմանը Հայաստանում։ Մինչ Գլոբալ Մեդիա Ռեգիստրին միանալը՝ նա ավելի քան հինգ տարի աշխատել է որպես լրագրող՝ լուսաբանելով Հարավային Կովկասի իրադարձությունները՝ հատկապես կենտրոնանալով հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Նրա նյութերը հրապարակվել են տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցներում։

Լրագրողի և հետազոտողի իր գործունեության ընթացքում Անի Ավետիսյանը մասնագիտացել է բաց աղբյուրների վրա հիմնված հետաքննությունների և ապատեղեկատվության ուսումնասիրությունների մեջ։ Նա ունի լրագրության բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանից և պատերազմի ուսումնասիրությունների մագիստրոսի աստիճան Լոնդոնի Թագավորական քոլեջից։

Լեա Աուֆարթ, Գործառնությունների ղեկավար, Գլոբալ Մեդիա Ռեգիստր (GMR)

Լեա Աուֆարթը համակարգում է «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (Media Ownership Monitor, MOM) ծրագրի իրականացումը տարբեր երկրներում՝ ղեկավարելով դրանց մի մասը անձամբ։

Մինչ Գլոբալ Մեդիա Ռեգիստրին միանալը՝ նա աշխատել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունում (Reporters Without Borders), որտեղ համակարգել է Լրագրողական վստահության նախաձեռնությունը (Journalism Trust Initiative, JTI) և ղեկավարել դրա տեխնոլոգիական ենթակառուցվածքի մշակումը։ Լեայի գործունեությունը մեդիայի թափանցիկության, մեդիագրագիտության և լրագրողական էթիկայի ոլորտներում ներառում է նաև «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագիրը և Լիբանանի «Սամիր Կասիր» հիմնադրամի Թվային իրավունքների նախագիծը։

Լեա Աուֆարթը մասնագիտությամբ լրագրող է: Նա աշխատել է Գերմանիայի հանրային հեռարձակող WDR-ում և տարածաշրջանային մամուլում։ Ունի կոնֆլիկտների կարգավորման մագիստրոսի աստիճան Լոնդոնի Թագավորական քոլեջից։

Օլաֆ Շտինֆադտ, Գլոբալ ծրագրերի տնօրեն, Գլոբալ Մեդիա Ռեգիստր (GMR)

Օլաֆ Շտինֆադտը Գլոբալ Մեդիա Ռեգիստրի (Global Media Registry, GMR) հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ GMR-ը բարեգործական սոցիալական ձեռնարկություն է, որը խթանում է թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բազմակարծությունը տեղեկատվական դաշտում։

Լրագրության և հետաքննական լրագրության ոլորտում իր փորձով Շտինֆադտը հանդես է գալիս որպես հանրային բանախոս, դասախոս, ձեռնարկատեր և մեծ ճանաչում ունեցող միջազգային փորձագետ՝ թվային մեդիայի քաղաքականության և էթիկայի թեմաներով։ Նրա հեղինակային նախագծերից են «Մեդիայի սեփականության մոնիտորինգը» (Media Ownership Monitor) և «Լրագրողական վստահության նախաձեռնությունը» (Journalism Trust Initiative), որոնք նա մշակել և իրականացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության (Reporters Without Borders) անունից։

Օլաֆ Շտինֆադտը նախկինում աշխատել է Գերմանիայի հանրային հեռարձակող ARD և ZDF ալիքներում՝ տարբեր պաշտոններում, ինչպես նաև Եվրոպական հեռարձակողների միությունում (European Broadcasting Union, EBU)։

Նա Եվրամիության հանձնաժողովի Կեղծ նորությունների և առցանց ապատեղեկատվության բարձր մակարդակի փորձագիտական խմբի անդամ է, ինչպես նաև անդամակցում է Եվրոպայի խորհրդի Թվային դարաշրջանում լրագրության որակի փորձագետների կոմիտեին և Մեդիա միջավայրի և բարեփոխումների հարցերով փորձագետների կոմիտեին ։

«Հետքը» ինտերնետային պարբերական է, գործում է 2001 թվականից Երեւանում: Այն հիմնադրել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը: Համարվում է Հայաստանի առաջատար հետաքննական լրատվամիջոցը։ Կենտրոնացած է կոռուպցիայի, հանցավորության, փողերի լվացման եւ այլ թեմաների վրա, պարբերաբար մեջբերվում է հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցների կողմից։

«Հետքի» բացահայտումների արդյունքում տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, դրանց հիման վրա հարուցվել են քրեական գործեր, Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել ապօրինի սեփականաշնորհված՝ պետական հուշարձան համարվող շենքեր, հողատարածքներ, խոշոր գումարներ։

2019-ից «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունն իրականացնում է «Հետք մեդիա գործարան» կրթական ծրագիրը։ Այն հետաքննական լրագրության դպրոց է, որի նպատակը երիտասարդ հետաքննող լրագրողներ պատրաստելն ու նորարարական մեդիա արտադրանք ստեղծելն է։

2021-ին «Հետքը» նախաձեռնել է InFact/Փաստացի հարթակը, որը միավորում է փաստերի ստուգմամբ զբաղվող հայաստանյան մի շարք լրատվամիջոցների և նախատեսված է ոչ միայն լրագրողների, այլև փաստերի ստուգմամբ հետաքրքրվող այլ անձանց համար։

«Հետքը» անդամակցում է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ), Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին (OCCRP), Լրագրողների եվրոպական ասոցիացիային (AEJ), Հետաքննական լրագրության գլոբալ ցանցին (GIJN) եւ Արեւելյան Եվրոպայի լրագրողների ցանցին։

2025-ին «Հետքը» միացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Լրագրողական վստահության նախաձեռնությանը (Journalism Trust Initiative, JTI):

Գլոբալ Մեդիա Ռեգիստրը (GMR) հավաքում, համակարգում և տրամադրում է հանրային կամ ինքնահայտարարագրվող աղբյուրներից ստացված տվյալների շտեմարաններ ու համատեքստային տեղեկատվություն աշխարհի տարբեր երկրների մեդիա կազմակերպությունների մասին։

GMR-ի նպատակն է տեղեկատվական դաշտում բարձրացնել թափանցիկությունը, հաշվետվողականությունը և պատասխանատվությունը՝ նպաստելով թե՛մարդկային, թե՛ ալգորիթմային որոշումների որակի բարելավմանը։ Այն ծառայում է բոլոր շահառուներին՝ քաղաքացիներից և սպառողներից մինչև կարգավորող մարմիններ, դոնորներ, ինչպես նաև մասնավոր հատված՝ գովազդատուներ, հարթակներ և բովանդակություն տարածողներ։

Որպես սոցիալական ձեռնարկություն՝ Գլոբալ Մեդիա Ռեգիստրն այս հանրային ծառայությամբ նպաստում է տեղեկատվության և արտահայտվելու ազատության զարգացմանը ողջ աշխարհում։

Կազմակերպությունը հիմնադրվել է որպես «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» (Media Ownership Monitor) ծրագրի շարունակություն և ներկայում գործում է որպես շահույթ չհետապնդող ընկերություն՝ գրանցված Գերմանիայի օրենսդրության ներքո։