ՀԱՄԱՏԵՔՍՏ
Մեդիայի սեփականությունը Հայաստանում արտացոլում է երկրի բարդ անցումը ժողովրդավարության՝ 1991 թվականին Կոմունիստական կուսակցության տոտալիտար ռեժիմի անկումից հետո։ Կոմունիստական վարչակարգի ժամանակ մեդիան ամբողջությամբ ծառայել է որպես ռեժիմի քարոզչության միջոց՝ գործելով խիստ գրաքննության ներքո։
Չնայած ռեժիմի անկումից հետո Կոմունիստական կուսակցության մեդիայի մենաշնորհն ավարտվեց՝ վերջին երեք տասնամյակներում ստեղծված նոր կոմերցիոն լրատվամիջոցներն առավելապես շարունակել են ծառայել որպես քարոզչության գործիքներ՝ սպասարկելով նոր տնտեսական և քաղաքական էլիտաների շահերը։
Երկու տասնամյակ տևած գերակայությունից հետո հեռուստատեսությունն այլևս հասարակության ստվար մասի հիմնական տեղեկատվական աղբյուրը չէ, ինտերնետը և սոցիալական ցանցերն անցել են նրան։ Տպագիր մամուլը, որը գերակշռում էր Հայաստանի անկախության առաջին տասնամյակում, այսօր անկման եզրին է՝ ինտերնետից բխող տեխնոլոգիական մարտահրավերների, ներդրումների պակասի, գովազդային եկամուտների անկման և թույլ ազդեցության պատճառով, որը հեռացրել է ընթերցողին թերթից։
Ռադիոն, բացառությամբ Հանրային ռադիոյի եւ «Գործարար ալիքի», հիմնականում եղել եւ մնում է զվարճանքի մեդիա Հայաստանում։ Ներկայում որոշ ռադիոկայաններ և անհատներ փորձարկում են փոդքասթի ձեւաչափը, դրանցից որոշները տեղեկատվական են եւ կարող են ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի ձեւավորման վրա։
Ինտերնետը և, առաջին հերթին, սոցիալական ցանցերը՝ «Ֆեյսբուքը» և «Ինստագրամը», դարձել են հայաստանցիների տեղեկատվության հիմնական աղբյուրը։ Սոցիալական մեդիան տեղեկատվական միջավայր է բերել հնարավորություններ և մարտահրավերներ, այդ թվում՝ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աճող սպառնալիք, ալգորիթմների ազդեցություն՝ նորությունների տարածման վրա, գովազդի արտահոսք՝ ավանդական մեդիայից սոցիալական հարթակներ եւ այլն։
Լրագրողներին և լրատվամիջոցներին շրջանցելով՝ քաղաքական գործիչներն ու ազդեցիկ անձինք ավելի հաճախ օգտագործում են սոցիալական մեդիան՝ ուղղակիորեն հաղորդակցվելու լսարանի հետ՝ այդպիսով նվազեցնելով լրատվամիջոցների դերը իբրեւ միջնորդի իշխանության եւ հասարակության միջեւ։ Ավելին, որոշ քաղաքական գործիչներ ստանձնում են լրագրողի դերը եւ փոդքասթներ, հաղորդումներ վարում քաղաքականության մասին։
Քաղաքական գործիչները հաճախ վիրավորում են լրագրողներին, մեղադրում կոռուպցիայի, պատվերով նյութեր գրելու և իրենց հակառակորդներին ծառայելու մեջ, ինչն անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում եւ խաթարում մեդիայի նկատմամբ առանց այդ էլ ոչ մեծ վստահությունը։ Իսկ զրպարտության կամ վիրավորանքի մեղադրանքով լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերը մեծացնում են ինքնագրաքննությունը։
Այս բաժնում ներկայացված են պատմական, քաղաքական, տնտեսական, հասարակական, տեխնոլոգիական այն պայմանները, որոնցում ձեւավորվել եւ գործում է հայաստանյան մեդիան։

