Տնտեսություն

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը աստիճանաբար ձգտել է շուկայական տնտեսություն կառուցել։ Չնայած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, որոշ մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ ազատ շուկայական չէ, քանի որ ձեռնարկությունների եւ ոլորտների մի մասում կա պետական մասնակցություն, որոշ ոլորտներում՝ մենաշնորհ, թույլ ՓՄՁ, կոռուպցիոն ռիսկեր եւ այլն։ Այս պայմաններում Հայաստանի տնտեսական մոդելը կարելի է գնահատել որպես խառը տնտեսություն։

2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ կիրառում է նշված միության նորմատիվ իրավական բազայի դրույթները, որոնք վերաբերում են մաքսասակագնային եւ սակագնային կարգավորումներին։2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը՝ ՀՆԱ-ի հավելաճը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է 5.9 %: 2022-ին գրանցված երկնիշ աճի տեմպը շարունակել է թուլանալ։

2009-ից ի վեր Հայաստանում տարեկան ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է 2022-ին՝ 12.6%։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքը Հայաստան 2022-ին մեծ նշանակություն ունեցավ հայկական տնտեսության համար։ Որոշ տնտեսագետների եւ տնտեսական բլոկի պատասխանատու պաշտոնյաների գնահատմամբ՝ Հայաստանը 2024-ից վերադարձել է իր տնտեսական բնականոն աճին։ 

Economy 03

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը ներկայում առեւտուրն ու ծառայություններն են։ Մասնավորապես, 2024-ին գրանցված 5.9 % տնտեսական աճի 5 տոկոսային կետն ապահովել են առեւտուրն ու ծառայությունները։ Մշակող արդյունաբերությունում աճը ցածր է, եւ այս ճյուղը փոքր նպաստ ունի տնտեսական աճի մեջ։ Շինարարության ոլորտը, չնայած ծավալների տեսանելի աճին, իր տեսակարար կշռով եւ տնտեսական աճին բերած նպաստով զգալիորեն զիջում է առեւ տրի եւ ծառայությունների ոլորտին։ Գյուղատնտեսությունը շատ դանդաղ է աճում։ 2024 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է մոտ 10.2 տրիլիոն դրամ։ Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն տարեկան կազմել է 3.4 մլն դրամ կամ 8.5 հազար ԱՄՆ դոլար։ Համաշխարհային բանկը եւս հրապարակում է այս տվյալները։ 

Պետական պարտքը

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ամբողջ պետական պարտքը՝ ներքին եւ արտաքին պարտքի հանրագումարը, կազմում է 12 մլրդ 842 մլն ԱՄՆ դոլար։ Դրանից 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ 2023 թվականի վերջի համեմատ, այսինքն՝ մեկ տարում, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8.4 %-ով։Պետական պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին։

Արտաքին պարտքը հիմնականում օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպերպություններից վերցրած վարկերն են, եվրապարտատոմսերից ստացված գումարները։ Տարիների ընթացում Հայաստանի պետական պարտքը միայն աճել է։Հարկաբյուջետային կանոններով սահմանված ցուցանիշներով պետական պարտքը դեռեւ ս կառավարելի է եւ դեֆոլտի վտանգ չկա։ Չնայած դրան՝ պարտքը ծանրացել է եւ հետեւ աբար՝ մեծացել է այն սպասարկելու ու մարելու բեռը, որը կատարվում է պետական բյուջեի, իսկ ավելի պարզ՝ հարկատուների հաշվին։

Economy 01

Գործազրկություն

Պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13.9 %: 2023-ի համեմատ այն բարձրացել է 1.5 տոկոսային կետով։ Միջին ամսական անվանական աշխատավարձը, որը, այսպես կոչված, կեղտոտ աշխատավարձն է եւ ներառում է նաեւ հարկերը, կազմել է 287 հազար դրամ (750 USD)՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6.4 %-ով։ Հայաստանում առավել բարձր վարձատրվող երեք ոլորտներն են՝ ֆինանսականը, տեղեկատվությունը եւ կապը, շահումով խաղերի ոլորտը։ Սակայն մեդիայի ոլորտի աշխատակիցների վարձատրության մասին առանձին վիճակագրություն չի վարվում։ 

Մեդիայի կազմակերպական ձեւերը 

Հայաստանում մեդիայի հիմնադիրներ են՝ պետությունը (Հանրային հեռարձակողների տեսքով), խոշոր բիզնեսմենները կամ օլիգարխները, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են/ունեն քաղաքական առնչություններ, քաղաքական կուսակցությունները/գործիչները, առանձին պաշտոնյաներ, որոնք իրենց պատկանող մեդիան օգտագործում են ներքաղաքական գործընթացներում իբրեւ միջոց, անհատ լրագրողներ, հասարակական կազմակերպություններ։

Խոշոր բիզնեսը եւ պետությունը հիմնականում տիրապետում են հեռարձակման ոլորտը՝ ռադիոն եւ հեռուստատեսությունը, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, անհատները, ՀԿ-ները ավելի շուտ տնօրինում են տպագիր եւ առցանց մեդիայի ոլորտը։Ինչպես մանրամասն ներկայացրել ենք պետության կողմից հիմնադրված մեդիայի մասին հոդվածում, պետությունը ֆինանսավորում է հանրային հեռարձակողներին («Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ներ), որոնք հեռարձակում են համապետական երեք հեռուստածրագիր («Առաջին ալիք», «Առաջինի լրատվական ալիք», «Շողակաթ»)  ու մեկ ռադիոծրագիր («Առաջին ծրագիր»)։ 

Economy 07

Պետությունը հիմնադրել է եւ ֆինանսավորում է նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ տարեկան մոտ 300 մլն դրամի չափով, տարեկան մոտ 60 մլն դրամի հատկացում է անում ոչ պետական մամուլին եւ մոտ 280 մլն դրամ էլ՝ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ՀՀ ազգային մասնաճյուղին։

Առաջիկայում նախատեսվում է նաեւ աջակցություն մասնավոր հեռուստաընկերություններին՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամի միջոցով, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական եւ այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելու համար: Հիմնադրամի բաշխելիք դրամաշնորհների բյուջեի մասին տեղեկություններ դեռ չկան։ 

Տպագիր մամուլ. գոյատեւման պայքար

Մամուլի տարածման «Բլից-Մեդիա» գործակալության տնօրեն ու սեփականատեր Արմեն Դավթյանի խոսքով՝ հինգ տարի առաջ Հայաստանում հանրապետական նշանակության մոտ երկու տասնյակ օրաթերթ էր տպագրվում, 2025-ին դրանցից մնացել է 8-ը՝

  • «Առավոտ» օրաթերթ (երկուշաբթիից ուրբաթ)
  • «Ժողովուրդ» օրաթերթ (երկուշաբթիից ուրբաթ)
  • «Հրապարակ» օրաթերթ (երկուշաբթիից ուրբաթ)
  • «Փաստ» (շաբաթը երեք անգամ)
  • «Իրավունք» (շաբաթը երեք անգամ)
  • «Ազգ» շաբաթաթերթ (յուրաքանչյուր ուրբաթ)
  • «Գոլոս Արմենիի» շաբաթաթերթ (յուրաքանչյուր երեքշաբթի)
  • «168 ժամ» շաբաթաթերթ (յուրաքանչյուր հինգշաբթի)

Այս թերթերի տպաքանակը տատանվում է 1000-6000-ի սահմանում, թերթերի վաճառքը, «Բլից-Մեդիա» գործակալության տնօրենի խոսքով, միջինում 50 % է՝ հատավաճառը եւ բաժանորդագրությունը միասին։

Նախկինում թերթերի հրատարակության համար երկու հիմնական տպարան կար՝ «Տիգրան Մեծ», որը խոշորագույնն էր, եւ «Գինդ» տպարանը։ 2024-ի մայիսին «Տիգրան Մեծ» տպարանը դադարեցրել է թերթերի հրատարակությունը, եւ «Գինդ» տպարանը հիմա մենաշնորհային դիրք ունի այս ոլորտում։ «Բլից-Մեդիա» գործակալության տնօրեն Արմեն Դավթյանի խոսքով, իբրեւ մոնոպոլիստ «Գինդը» իր պայմաններն է թելադրում թերթերին՝ պահանջելով առնվազն 1000 օրինակ տպել, շատ լավ իմանալով, որ այդ քանակի կեսն է վաճառվում։ Պատճառաբանությունն այն է, որ ավելի ցածր տպաքանակի դեպքում թերթի ինքնարժեքը կբարձրանա։ Տասնամյակների ընթացքում թերթերը վաճառվում էին 100 դրամով, սակայն վերջին տարիներին որոշ թերթերի գինը բարձրացել է՝

  • «Առավոտ» - 200 դրամ,
  • «Հրապարակ» - 200 դրամ,
  • «Ժողովուրդ» - 100 դրամ,
  • «Իրավունք» - 150 դրամ՝ ուրբաթ օրը, մյուս օրերին՝ 100 դրամ,
  • «Փաստ» - 150 դրամ,
  • «Ազգ» - 200 դրամ,
  • «Գոլոս Արմենիի» - 250 դրամ
  • «168 ժամ» - 250 դրամ։

Ըստ «Զինք Նեթվորք»-ի «Մեդիա շուկայի վերլուծություն» հետազոտության՝ տպագիր մեդիայի սպառումը կազմում է ընդամենը 3 % (հետազոտությանը մասնակցածների 3 %-ն է ասել, որ տպագիր թերթ է կարդում): Այս հատվածի ֆինանսական եւ տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր է, թերթերի գովազդային ռեսուրսները սակավ են, ինչը հանգեցնում է տպագիր մամուլի գրեթե ամբողջական թվայնացմանը եւ հիմնականում ինտերնետի եւ սոցիալական ցանցերի միջոցով հասանելիությանը։

Հայաստանում խոսքի ազատության եւ մեդիայի սպառման 2024 թ. հետազոտության համաձայն՝ հասարակության ընդամենը 0,5 %-ն է տպագիր մամուլը համարում քաղաքական եւ սոցիալական լուրեր ստանալու աղբյուր, իսկ առհասարակ հարցվածների ընդամենը 17 %-ն է հայկական տպագիր մամուլը համարում մեդիաաղբյուր։

Հայաստանում նախկինում գործում էր մամուլի տարածման 4 գործակալություն՝ «Հայմամուլ», «Հայփոստ», «Բլից-Մեդիա» եւ «Պրես Ստենդ», ներկայում մնացել է երեքը՝ «Հայփոստը», որը կենտրոնացած է փոստային առաքումների վրա եւ մամուլի վաճառքը խորհրդանշական բնույթ ունի ընկերության համար, «Բլից-Մեդիա»-ն, որը զբաղվում է միայն թերթերի եւ ամսագրերի վաճառքով, եւ «Պրես Ստենդ»-ը, որը, թերեւս, ամենախոշորն է։ «Պրես Ստենդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007 թ.: Նրա իրական շահառուն եւ 100 % փայատերը Արման Սահակյանն է։ Սահակյանը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, նախկին պատգամավոր։ Նրա հիմնադրած մեկ այլ ընկերություն՝ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն, 2008 թվականին հիմնադրել էր tert.am լրատվական կայքը:

Ըստ «Պրես Ստենդ»-ի պաշտոնական կայքի՝ ընկերությունն ունի մամուլի 330 կրպակ՝ տեղակայված Երեւան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Դրանցից 195-ը նախկինում պատկանել է «Հայմամուլ»-ին, որոնց ընկերությունն ավելացրել է եւս 135-ը: Այդ կրպակներում, թերթերից եւ ամսագրերից բացի, վաճառվում են ծխախոտ, ինչպես նաեւ մանրածավալ այլ ապրանքներ (կոնֆետներ, մաստակներ, կրակայրիչներ եւ այլն):

Մամուլի տարածման գործակալություններից մեկի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում տպագիր մամուլի վիճակն անմխիթար որակեց։ Ասաց, որ թերթերում գովազդի ծավալը շատ փոքր է, յուրաքանչյուրն իր կապերի հաշվին է գովազդ ձեռք բերում։ Գովազդից եւ վաճառքից բացի, եկամտի աղբյուր է հայտարարությունների կամ ծանուցումների հրապարակումը, սակայն 2025-ի հուլիսին Արդարադատության նախարարությունը Կառավարությանն առաջարկեց վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կատարվող հրապարակմամբ։ Եթե այս փոփոխությունն ընդունվի, տպագիր մամուլը կզրկվի նաեւ ֆինանսական այս աղբյուրից։

Հեռուստատեսություն եւ ռադիո

Մասնավոր հեռուստառադիոընկերությունները մեծ մասամբ կապված են խոշոր բիզնեսի եւ քաղաքականության հետ (թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության)։ Նրանց ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են գովազդը եւ հիմնադիրների ներդրումները։ Վերջին տարիներին հեռուստառադիոլորտում գովազդի ծավալների անկում է գրանցվել, որը հետեւանք է «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում կատարված փոփոխությունների։ Մասնավորապես՝ արգելվեց շահումով խաղերի գովազդը, կրճատվեց մեկ ժամվա ընթացքում գովազդային ժամանակը (20 րոպեի փոխարեն՝ 14 րոպե) եւ հանրային հեռարձակողները, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից, 2020 թվականից գովազդ հեռարձակելու իրավունք ստացան, ինչն անհավասար պայմաններ ստեղծեց մասնավոր հեռուստառադիոընկերությունների համար եւ կրճատեց նրանց եկամուտները։Հեռուստառադիոլորտում գովազդային մուտքերի ծավալները վերջին 5 տարիներին՝

Economy Artboard 5

Նվազել են նաեւ հիմնադիրների ներդրումները։ Թեեւ այս մասին հստակ տվյալներ չկան, սակայն մեզ հետ մասնավոր զրույցներում որոշ հեռուստաընկերությունների ղեկավարներ նշել են, որ հիմնադիրները կամ սեփականատերերը դժվարանում են գումար ներդնել։ 

Առցանց մեդիա

Այս ոլորտում կան մի քանի տեսակի լրատվամիջոցներ՝ մասնավոր իրավաբանական անձանց հիմնադրած լրատվամիջոցներ, որոնք կապ ունեն քաղաքական ուժերի, անհատ քաղաքական գործիչների հետ, այսինքն՝ քաղաքականապես չեզոք չեն, եւ անկախ լրատվամիջոցներ, որոնց մի մասը հիմնադրված է հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների կողմից, մի մասը՝ մասնավոր իրավաբանական անձանց։

Հասարակական կազմակերպությունների հիմնադրած լրատվամիջոցների ֆինանսավորման հիմնական աղբյուրը միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներն են, թեեւ վերջին տարիներին շատերն աշխատանքներ են տանում ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ ներգրավելով գովազդային եկամուտներ, ներդնելով բաժանորդագրության մոդելներ, օգտագործելով սոցիալական հարթակների դրամայնացման հնարավորությունները, ապավինելով լսարանի աջակցությանը՝ քրաուդֆանդինգի, Patreon-ի կամ այլ եղանակներով։

«Զինք Նեթվորք»-ի 2024 թ. «Մեդիա շուկայի վերլուծության» համաձայն՝ արտաքին աջակցությանը մեծապես ապավինում են անկախ մեդիաները, եւ դոնորները նրանց հիմնական սատարողներն են։ «Թեեւ դոնորները կարեւոր դեր են խաղում հայկական մեդիայի անկախության պահպանման գործում՝ տրամադրելով անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տարբեր նախագծերի եւ թեմատիկ բովանդակության համար, այդուհանդերձ, երկարաժամկետ, ռազմավարական ինստիտուցիոնալ աջակցության ընդհանուր բացակայությունը խոցելի է դարձնում այս մեդիաներին, քանի որ նրանց ֆինանսական կայունությունը հաճախ կապված է անհատական նախաձեռնությունների հաջողության, այլ ոչ թե երկարաժամկետ կառուցվածքային աջակցության հետ»,- նման եզրակացության են եկել ուսումնասիրության հեղինակները:

Լսարանը, ըստ «Հայաստանում խոսքի ազատության եւ մեդիայի սպառման հետազոտության», պատրաստ չէ ֆինանսապես աջակցել մեդիային։ «Ինտերնյուս Նեթվորք»-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում հարցվածների ընդամենը 1 %-ն է ներկայում ֆինանսապես աջակցում մեդիային, եւ միայն 17 %-ն է պատրաստակամություն հայտնում վճարելու նորությունների համար։ Ընդ որում՝ հարցվածների 57 %-ը, որը կա՛մ վճարում է լրատվամիջոցների համար, կա՛մ պատրաստ է վճարել, որպես առավելագույն ներդրում նշել է մոտ 2000 դրամը (մոտ 5 ԱՄՆ դոլար):

Բացի դրանից՝ բազմաթիվ տեխնիկական, բանկային համակարգի հետ կապված խնդիրներ կան, որոնք սահմանափակում են սոցիալական հարթակների դրամայնացման համար վճարային համակարգերի հասանելիությունը։

Քաղաքական առնչություններ ունեցող առցանց մեդիայի ֆինանսավորման աղբյուրները նույնպես գովազդն ու, ենթադրաբար, հիմնադիրների ներդրումներն են, որոնց մասին, սակայն, դժվար է տեղեկություններ ստանալ, քանի որ շատերը ֆինանսական հաշվետվություններ չեն հրապարակում։ Սակայն, քանի որ բիզնեսը Հայաստանում դեռեւս ինչ-որ չափով քաղաքականացված է, այս կայքերի գովազդներից կարելի է հասկանալ, թե ինչ քաղաքական առնչություններ նրանք ունեն։

Առցանց մեդիայի գովազդային շուկայի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան։

Statista Market Insights ընկերության կանխատեսումների համաձայն՝ ակնկալվում է, որ Հայաստանի գովազդային շուկայում գովազդի ծախսերը 2025-ին կհասնեն 90.45 մլն ԱՄՆ դոլարի։

«Երկրում ամենամեծ շուկան լինելու է հեռուստատեսության եւ վիդեոգովազդի շուկան՝ 2025-ին կազմելով 28.67 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանի գովազդային շուկայում ընդհանուր գովազդային ծախսերի 62 %-ը 2029-ին ակնկալվում է, որ կգա թվային աղբյուրներից։ Հեռուստատեսության եւ վիդեոգովազդի շուկայում մեկ շնչին բաժին ընկնող գովազդի ծախսերը 2025-ին կկազմեն մոտ 10.32 ԱՄՆ դոլար»,- ասված է ընկերության ուսումնասիրության մեջ։

Հայաստանի գովազդային շուկան, ըստ նույն աղբյուրի, անցում է կատարում դեպի թվային հարթակներ՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով սոցիալական ցանցերին եւ ազդեցիկ մարդկանց (influencers) մարքեթինգային ռազմավարություններին։

Սա հաստատում է այն տեսակետը, որ կարծիքի առաջատարները առցանց մեդիայից «խլում են» գովազդի շուկայի մի մասը, քանի որ նրանց հետ աշխատելը ծախսարդյունավետ է գովազդատուների համար՝ հարկավոր չէ գումար ծախսել արտադրության վրա, դրա փոխարեն կարելի է փոքր գումար ծախսել կարծիքի առաջատարների սոցիալական ցանցերի էջերում գովազդի տեղադրման վրա։

«Գովազդի այս տեսակը կարող է էապես ազդել մեդիա շուկայի վրա: Բիզնեսները հարմարվում են սպառողների փոփոխվող վարքագծին եւ նախասիրություններին, իսկ կարծիքի առաջատարների միջոցով գովազդի աճը վկայում է այս տեսակի գովազդի արդյունավետությունը՝ լսարանին ներգրավելու տեսանկյունից: Միաժամանակ, թվային մեդիաները կարող են նոր մրցակցության առերեսվել։

Կարծիքի առաջատարների հետ աճող մրցակցությունից բացի՝ մեդիա շուկայի առջեւ ծառացած են այլ մարտահրավերներ: 2022 թվականին ուժի մեջ է մտել համացանցում շահումով խաղերի գովազդն արգելող օրենքը, որը տարածվում է նաեւ ռադիո եւ հեռուստատեսային գովազդների վրա: «Լրատվական ռադիոյի» տնօրեն Դավիթ Խումարյանի կարծիքով՝ այդ արգելքի պատճառով ցանցային գովազդի շուկան կկորցնի շրջանառության 40 %-ը, ռադիոները՝ 30 %-ը, իսկ հեռուստատեսությունը՝ մոտավորապես 20 %-ը։ Գովազդի շուկայում եկամուտների այս նվազումը բացասաբար կազդի բովանդակության ստեղծման վրա:

Media.am-ի հետ զրույցում թվային գովազդի մասնագետ Արսեն Սուլթանյանն առանձնացրել է մեդիային գովազդներ տրամադրող ամենախոշոր երեք ոլորտները՝ ֆինանսական հատված (բանկեր, վճարային միջոցներ, հավելվածներ), հեռահաղորդակցություն եւ կապի օպերատորներ, մանրածախ առեւտրի ոլորտ (էլեկտրատեխնիկայի, շինանյութի խանութներ եւ այլն): Մեդիա ներկայացուցիչները նշում են, որ կարծիքի առաջատարներն աճող մրցակցություն են ստեղծում այս ոլորտներից ստացվող գովազդային եկամտի համար, քանի որ գովազդատուների մոտ կորում է հետաքննող մեդիաների նկատմամբ հետաքրքրությունը՝ ժամանցային կայքերի թվի աճի ֆոնին:

Մրցակցության մեկ այլ աղբյուր են սոցիալական մեդիա հարթակները, եւ հաճախ գովազդատուները նախընտրում են անմիջապես դիմել Facebook-ին կամ YouTube-ին՝ առանց մեդիաներին այդ գործընթացում ներառելու»,- նշված է «Մեդիա շուկայի վերլուծություն» ուսումնասիրության մեջ: