Պատմություն
Պատմական ակնարկ
Հայ մամուլի պատմությունը սերտորեն կապված է հայկական գրատպության պատմության հետ եւ սկսվում է 1794թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում քահանա Հարություն Շմավոնյանի նախաձեռնած «Ազդարար» պարբերականի հրատարակությունից։ Հայ ժողովուրդը, նվաճվելով տարբեր ազգերի կողմից, հազարամյակներ շարունակ զրկված է եղել սեփական պետությունից եւ սփռվել է աշխարհով՝ տարբեր երկրներում ստեղծելով հայկական գաղթօջախներ, որտեղ էլ զարգացել է հայկական պարբերական մամուլը։ Այսպիսով՝ հայ մամուլը հիմնականում ձեւավորվել եւ զարգացել է Հայաստանից դուրս։
Հայաստանում այդ գաղթօջախները անվանում են սփյուռք, իսկ այդ գաղթօջախներում հրատարակված եւ դեռեւս հրատարակվող մամուլը՝ սփյուռքահայ մամուլ։ Տարբեր ժամանակաշրջաններում այդ գաղթօջախների կենտրոնները տարբերվել են՝ պայմանավորված պատմական իրողություններով։ Վաճառականության զարգացման շրջանում հայ մամուլի կենտրոնը եղել է Մադրասը (Հնդկաստան), ապա՝ Վենետիկը (Իտալիա), օսմանյան թուրքերի կողմից նվաճվելուց եւ Օսմանյան կայսրության ձեւավորումից հետո՝ Կ. Պոլիսը (ներկայիս Ստամբուլը), Ռուսական կայրության շրջանում՝ Թիֆլիսը (ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին), որտեղ կենտրոնացած էր հայ մտավորականությունը։ Իսկ 20-րդ դարում՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից հետո, երբ փրկվածները հաստատվեցին արաբական երկրներում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այդպիսի կենտրոններ դարձան Բեյրութը (Լիբանան), Փարիզը (Ֆրանսիա), Բոստոնը, Ֆրեզնոն (ԱՄՆ), Աթենքը (Հունաստան)։ Եվրոպական եւ ամերիկյան այս քաղաքներում հայկական մամուլը ծաղկել է մինչեւ 20-րդ դարի վերջ։
Հայաստանի մամուլը՝ անկախության նախաշեմին եւ հետո
Ներկայիս Հայաստանի տարածքում տպագիր մամուլի ձեւավորումը վերագրվում է նախորդ դարասկզբին՝ 1918-1920 թթ.։ Սա Հայաստանի առաջին հանրապետության շրջանն է, որը բազմակուսակցական քաղաքական համակարգ ուներ, եւ յուրաքանչյուր կուսակցություն ուներ իր մամուլը՝ քաղաքական պայքարում իբրեւ քարոզչամիջոց օգտագործելու համար։ 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից եւ Կոմունիստական կուսակցության մենիշխանության հաստատումից հետո բազմակուսակցական մամուլը դադարեց գործել։ ԽՍՀՄ կազմում Հայաստանը գտնվեց գրեթե 70 տարի, իսկ այդ ընթացքում մամուլը տոտալ գրաքննության էր ենթարկվում։ Բոլոր հանրապետություններում սովետիզացիայի առաջին շրջանում եղավ զինված դիմադրություն, ապա դրա պարտությունից հետո տեղի ունեցան նոր խմորումներ ու զարգացումներ, որոնք հանգեցրին այդ հանրապետություններում այլախոհական շարժման ի հայտ գալուն։ 1950-ականների կեսերին, 60-ականների սկզբին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում, այդ թվում՝ Հայաստանում այլախոհական լուրջ շարժում սկսվեց։ Այլախոհներն ընդհատակում ստեղծեցին իրենց մամուլը՝ սամիզդատը (հայերեն՝ ինքնահրատ մամուլ)։ Ինքնահրատ թերթերը տարածվում էին գաղտնի՝ ձեռքից ձեռք, դրանց բացահայտման դեպքում հեղինակները դատապարտվում էին երկարաժամկետ բանտարկությա եւ աքսորի։
Եվ չնայած այդ ճնշումներին, Հայաստանում այլախոհական շարժումը չմարեց, իսկ ինքնահրատ մամուլը շարունակեց հրատարակվել՝ հող նախապատրաստելով 1988թ. սկիզբ առած անկախության շարժման համար, քանի որ տասնամյակներ շարունակ առաջ էր տանում ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացման, ազգային ինքնության պահպանման գաղափարը։
1987-1990 թթ., ըստ մոտավոր հաշվարկների, լույս է տեսել երեք տասնյակից ավելի ինքնահրատ թերթ։
Հայաստանի մամուլի եւ անկախության պատմության համար շրջադարձային էր 1988թ.-ը, որը նշանավորվեց Արցախյան շարժմամբ։ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված տարածք էր, որը ԽՍՀՄ իշխանությունների կողմից բռնակցվել էր Ադրբեջանին ու ստացել ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Օգտվելով ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի հայտարարած Պերեստրոյկայի (Վերակառուցման եւ հրապարակայնության) քաղաքականությունից՝ ԼՂ հայերը ԽՍՀՄ իշխանություններից պահանջեցին Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանի հետ։ Այդ շարժումը գլխավորեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի նախաձեռնությամբ հրատարակվեցին մի շարք ինքնահրատ թերթեր, իսկ Կոմիտեի հիման վրա 1989-ին ստեղծված «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, որը ճանաչվեց կոմունիստական իշխանության կողմից, 1990 թվականին լեգալ կերպով հրատարակեց առաջին ոչ կոմունիստական թերթը՝ «Հայքը»՝ 50.000 տպաքանակով, որը մեծ թիվ էր Հայաստանի 3 մլն բնակչության համար։ Այդ թվականին Հայաստանում մոտ 100 անուն նոր պարբերական է հրատարակվել (աղբյուրը՝ Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի 1987-1996), որոնց թվում էին ինչպես անկախ թերթեր՝ լրագրողների, մտավորականների կողմից ստեղծված, այնպես էլ նորաստեղծ կուսակցությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների պաշտոնաթերթեր։
1990-1992 թթ. Հայաստանում համարվում են տպագիր մամուլի ոսկեդար, որովհետեւ վերացել էր գրաքննությունը եւ ցանկացած մարդ կարող էր ազատորեն թերթ հրատարակել, կարծիք արտահայտել, գաղափարներ եւ տեղեկություններ տարածել։ Հայաստանի անկախության համար քաղաքական պայքարը հրապարակային հանրահավաքներին զուգահեռ ընթանում էր թերթերի էջերում՝ կոմունիստական եւ անկախ մամուլի միջեւ։
1991թ.-ին ընդունվեց «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքը: Այս օրենքով գաղափարական գրաքննությունը վերացավ. արգելքները սահմանափակվեցին պետական, ռազմական գաղտնիքների, պոռնկագրության, բռնության, ազգամիջյան, կրոնական կամ այլ թշնամանքի հրահրման, սուտ և չստուգված տեղեկատվության ոլորտներով: Հայաստանում մամուլի գրանցման իրավունքը տրվեց Մամուլի պետական կոմիտեին /Հրատպետկոմ/, ապա՝ Արդարադատության նախարարությանը։ Հայաստանում ԶԼՄ հիմնադրելու համար որեւէ թույլտվություն անհրաժեշտ չէ, ուղղակի ընկերությունը պետք է գրանցել Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում:
1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։ Դա հնարավորություն տվեց խորհրդային իշխանությունների կողմից արգելված եւ սփյուռքում գործունեությունը շարունակած վտարանդի հայկական կուսակցություններին վերադառնալ Հայաստան եւ ստեղծել իրենց մամուլը։
Սակայն արցախյան պատերազմը, տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամը, որը հետեւանք էր հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, բացասաբար անդրադարձան տպագիր մամուլի վրա։ Անկախ թերթերը փակվեցին թղթի դեֆիցիտի, տպարանների սահմանափակ աշխատանքի, հասարակության գնողունակության անկման հետեւանքով, ճգնաժամը հաղթահարեցին կուսակցական եւ պետական թերթերը, որոնք ֆինանսական եւ քաղաքական աջակցություն էին ստանում։ Պետական հեռուստատեսությունը ամբողջությամբ վերահսկվում էր գործող իշխանության կողմից։
Այսպիսով, 1990-ականների առաջին կեսին Հայաստանում ձեւավորված մեդիահամակարգը սերտորեն կապված էր քաղաքական ուժերի հետ եւ բաժանված երկու ճամբարի՝ ընդդիմադիր եւ իշխանամետ։ Նրանք չէին տարանջատվում ըստ գաղափարական ուղղվածության, ինչպես արեւմտյան երկրներում է՝ աջ կամ ձախ, որովհետեւ նման հստակ բաժանում չկար նաեւ քաղաքական ուժերի միջեւ։
Սեփականության առումով որոշ թերթեր գրանցված էին իբրեւ կուսակցությունների պաշտոնաթերթեր կամ նրանց կողմից էին հիմնադրված, որոշներն էլ թեեւ գրանցված էին իբրեւ անկախ թերթեր, բայց հստակ քաղաքական դիրքորոշում ունեին կամ քաղաքական հովանավորություն։ Հանրային վստահությունը մամուլի նկատմամբ այս շրջանից սկսեց անկում ապրել։
Հեռուստատեսության զարգացումը և քաղաքական վերահսկողությունը Հայաստանում
990-ականների երկրորդ կեսին` տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ ու տնտեսության զարգացմամբ պայմանավորված, Հայաստանում սկսեց զարգանալ մասնավոր հեռուստատեսությունը։ Մինչ այդ կար պետական հեռուստատեսությունը եւ մի քանի մասնավոր հեռուստաընկերություն՝ 1991-ին հիմնադրված «Ա1+»-ը, 1993-ին հիմնադրված «Մայր Հայրենիք»-ը, 1995-ին Գյումրիում հիմնադրված «Շանթ»-ը եւ 1996-ին հիմնադրված «ԱՐ»-ը։ 1998-1999 թթ. բիզնեսը սկսեց ներդրումներ կատարել հեռուստատեսության մեջ, սկսեց ձեւավորվել գովազդային շուկան։ 1998-ին ստեղծված «Արմենիա» հեռուստաընկերության մեջ առաջին միջազգային ներդրումը կատարվեց՝ ի դեմս բաժնետեր, ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանի: 1998-2002 թթ. մի շարք մասնավոր հեռուստաընկերություններ հիմնադրվեցին, այդ թվում՝ քաղաքական գործիչների, կուսակցությունների հետ փոխկապված։ Հեռուստատեսության ազդեցությունը հասարակական կարծիքի ձեւավորման վրա մեծացավ, ինչը դրդեց քաղաքական իշխանություններին վերահսկողության տակ վերցնել հեռուստադաշտը։ 2000թ. ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանվեց հեռուստահաճախությունների լիցենզավորման կարգ։ Լիցենզավորման առաջին մրցույթը, որը տեղի ունեցավ 2002-ի ապրիլի 12-ին, սկանդալային եղավ։ Հաճախությունից զրկվեց «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը։ Հանձնաժողովը, որի անդամներին նշանակել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ցածր գնահատեց արդեն մեկ տասնամյակ գործող ընկերության հայտը, փոխարենը այդ հաճախությունը հատկացրեց նորաստեղծ ընկերության, որն, ինչպես հետագայում պարզվեց, հեռարձակման նպատակ չուներ եւ օգտագործվեց «Ա1+» հեռուստաընկերությանը հաճախությունից զրկելու համար։ Ազատված հաճախությունը հետագայում վաճառվեց իշխանությունների հետ փոխկապված բիզնեսմենի։
2000-ականների կեսերին արդեն Հայաստանում գործող գրեթե բոլոր հեռուստաընկերությունները առնչություններ ունեին տարբեր քաղաքական եւ բիզնես շրջանակների հետ (բիզնեսը սերտաճած էր քաղաքականությանը), թեեւ իրավակազմակերպական ձեւով անկախ էին։ Որոշների կառավարման խորհրդում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ կային («Երկիր Մեդիա»), որոշները գրանցված էին օլիգարխների, պատգամավոր-բիզնեսմենների կամ նրանց հարազատների անուններով (Հ2, Դար 21, «Կենտրոն»)։ Ձեւավորվեցին մեդիա-հոլդինգներ («Սի ԷՍ մեդիա սիթի», «Պանարմենիան մեդիա գրուպ»), որոնք տնօրինում էին մեկից ավելի հեռուստա- եւ ռադիոհաճախություններ։ Տարբեր լրատվամիջոցների նման միավորումը խախտում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 18-րդ («Հակամենաշնորհային երաշխիք») հոդվածը, որով սահմանվում էր, որ. 1. Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության լիցենզիա, 2. Ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության) հիմնադիր եւ (կամ) մասնակից:
Սակայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տարիներ շարունակ հերքում էր հոլդինգների գոյությունը` պարզաբանելով, թե նշված հեռուստաընկերությունները ինքնուրույն իրավական կազմակերպություններ են և միավորված չեն որևէ հոլդինգի կազմում:
Վիկիլիքսի արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ այդ տարիներին հեռուստաընկերությունները նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնում էին իրենց լրատվական-խմբագրական քաղաքականությունը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ օլիգարխ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամուն՝ Մուրադ Գուլոյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան, հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը, որը 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո տեղափոխվեց Հանրային հեռուստաընկերություն իբրեւ քաղաքական հաղորդումների ղեկավար, պրոդյուսեր, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին բողոքել է, որ նախագահի գրասենյակի հետ համաձայնեցնում է իր հաղորդման հյուրերի ցանկը։
2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Հայաստանի կառավարման ղեկն անցավ Սերժ Սարգսյանին, մեդիայի կենտրոնացումը քաղաքական եւ բիզնես շրջանակների ձեռքում ավելի մեծ ծավալների հասավ։ Դրանով անձամբ հետաքրքրված էր Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, որին ընդդիմադիր մամուլը մեդիա կայսրություն էր վերագրում։ Տարբեր հեռուստաընկերությունների, ինտերնետային լրատվամիջոցների, տպագիր մամուլի տարածման գործակալությունների սեփականատերերի թվում եղել են նրա մտերիմ ընկերները, մերձավոր շրջապատի մարդիկ («Ա թի վի», «Արմենիա» TV, «Հայ ԹԻ ՎԻ», «Շանթ», panorama.am, aysor.am, panarmenian.net եւ այլն)։
Չնայած մեդիայի նկատմամբ քաղաքական վերահսկողությանը, Սարգսյանի իշխանությունն ավելի հանդուրժող էր ընդդիմադիր եւ անկախ մեդիայի նկատմամբ, քան Քոչարյանի իշխանությունը, խոսքի, կարծիքի եւ քննադատության որոշակի ազատություն էր թույլատրվում, թեեւ լրագրողների նկատմամբ բռնությունների ու ճնշումների գործելակերպը շարունակվում էր։
Առցանց մեդիայի վերելքը
2018-ի իշխանափոխությունը, որը ստացավ «թավշյա հեղափոխություն» անունը եւ տեղի ունեցավ վարչապետ Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնում երրորդ վերընտրությունը թույլ չտալու առիթով, մեծապես հաջողվեց սոցիալական մեդիայի մոբիլիզացիոն գործառույթի եւ առցանց մեդիայի աջակցության շնորհիվ, որը 24 ժամ ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր տեղի ունեցողը։
Առցանց մեդիան վճռական դերակատարություն ունեցավ նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների ժամանակ։ Երբ 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն եւ 20-օրյա գրաքննություն սահմանվեց, այն դարձավ այլընտրանքային լրատվության միակ աղբյուրը։
Համացանցն առհասարակ գործելու ավելի մեծ ազատություն է տալիս Հայաստանի առցանց լրատվամիջոցներին, իսկ հասարակությանը՝ բազմազան տեղեկատվություն ստանալու հնարավորություն։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2025թ. զեկույցում փաստվում է, որ Հայաստանի առցանց մեդիան ավելի ազատ է, մինչդեռ «հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման հանդիպել իրենց խմբագրական քաղաքականության հարցում»։
Առցանց մեդիայի առումով թերի են օրենսդրական կարգավորումները։ Թեեւ 2003-ին ընդունված «Զանգվածային լրատվության» մասին» օրենքը տարածվում է նաեւ ցանցային լրատվության միջոցների վրա, որոնք պարտավոր են թափանցիկ լինել եւ հրապարակել իրենց թողարկային տվյալները (խմբագրության հասցեն, հեռախոսը, էլ. փոստը, հիմնադրի, թողարկման պատասխանատուի անունները եւ այլն), սակայն դրանք չհրապարակելու համար պատասխանատվության մեխանիզմներ չկան։ Այդ պատճառով հաճախ անհնար է նույնականացնել իրենց լրատվամիջոց համարող բազմաթիվ կայքերի եւ պատասխանատվության կանչել, եթե կեղծ տեղեկություններ, զրպարտություն կամ վիրավորանք կամ ատելության խոսք են տարածում։
Առցանց մեդիայի հիմնական մարտահրավերներից մեկը սոցիալական ցանցերն են,որոնցից նրանք մեծ կախվածություն ունեն, քանի որ ընթերցողների մի ստվար զանգված լրատվական կայքեր է այցելում միջնորդավորված՝ սոցիալական հարթակների միջոցով։ «Ֆեյսբուքի», «Ինստագրամի» կամ այլ հարթակների ալգորիթմի ցանկացած փոփոխություն անդրադառնում է առցանց լրատվամիջոցների վրա։ Բացի դրանից՝ սոցիալական ցանցերն ինքնին դարձել են լրատվության աղբյուր, որտեղ ցանկացած ոք բովանդակություն ստեղծող եւ սպառող է։
Մեդիասպառման մասին 2024թ.հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական եւ քաղաքական լուրերի առաջնային աղբյուրը սոցիալական ցանցերն են (62%), ապա հեռուստատեսությունը (45%), հաջորդում են ընկերները (18%), իսկ լրատվական կայքերը իբրեւ աղբյուր դիտարկում է հարցվածների 14%-ը։
Սոցիալական ցանցերը առցանց մեդիայի համար մարտահրավեր են նաեւ ֆինանսական եկամտի առումով։ Դրանք խլում են հայաստանյան առանց այն էլ փոքր գովազդային շուկայի մեծ մասը։ «Թվային մեդիան մրցակցում է սոցիալական մեդիայի կարծիքի առաջատարների հետ, որոնցից շատերը ստեղծում են կարծիքի վրա հիմնված բովանդակություն և հաճախ սենսացիոն ու ոչ ճշգրիտ լուրեր տարածում, որոնք ավելի շատ զվարճացնում են, քան տեղեկացնում լսարանին: Այդուհանդերձ, գովազդատուները հաճախ կարծիքի առաջատարներին նախընտրում են ավանդական մեդիայից, քանի որ վերջիններս կարող են ավելի ճկուն լինել և նեղ ուղղվածության ավելի մեծ լսարաններ ապահովել»,- նշված է մեդիա շուկայի վերաբերյալ վերջին զեկույցում։
Այդուհանդերձ, թվային մեդիա միջավայրը ներկայիս Հայաստանում բավական խայտաբղետ է՝ այստեղ ներկա են ավանդական լրատվամիջոցները՝ իրենց առցանց տարբերակներով, քաղաքական ուժերի՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ կառավարող, քաղաքական-հասարակական գործիչների, պաշտոնյաների կողմից հիմնադրված կայքեր, անկախ լրատվամիջոցներ, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ կառույցների զեկույցների, իրականացնում են անկախ վերահսկողի դեր, նաեւ՝ գոնգոների (պրոկառավարական ՀԿ-ների) ստեղծած լրատվամիջոցներ եւ այլն։
Քաղաքականապես պատվիրակված առցանց մեդիայի քարոզչության մեջ անկախ լրատվամիջոցների ձայնը միշտ չէ, որ լավ է լսվում, սակայն նրանց ազդեցությունը քաղաքական որոշում կայացնողների վրա ակնհայտ է։
Հայաստանյան առցանց մեդիայի համար մեծ լսարան/շուկա կա սփյուռքում։ Սակայն սփյուռքը խիստ բազմաշերտ է եւ առանձնանում է լրատվամիջոցների տարբեր նախընտրություններով ու լեզուների օգտագործմամբ: Այն կարելի է բաժանել երկու մասի՝ նրանք, ովքեր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվել եւ հաստատվել են հիմնականում Արևմուտքում կամ Մերձավոր Արևելքում և խոսում են արևմտահայերեն, և նրանք, ովքեր լքել են հետխորհրդային Հայաստանը՝ տեղափոխվելով հիմնականում ԱՄՆ եւ Ռուսաստան և խոսում են արևելահայերեն: Վրաստանում և Իրանում նույնպես բնակվում են մեծ թվով հայեր, որոնք ունեն իրենց կայացած համայնքներն ու տեղական մեդիաները։
Հայկական գաղթօջախներում գործող ավանդական տպագիր մեդիան, որը հրատարակվում էր հայերեն, ներկայում ճգնաժամի մեջ է և մեծ ազդեցություն չունի այդ համայնքների վրա։ Սփյուռքի հասարակական, մշակութային գործիչներն ահազանգում են փակվող թերթերի մասին (Ֆրանսիա, Թուրքիա, ԱՄՆ եւ այլն)։ Միաժամանակ, հիմնվել եւ գործում են սփյուռքյան առցանց լրատվամիջոցներ (Armenian Weekly (ԱՄՆ, Nouvelle d’Armenie ամսագրի առցանց տարբերակը, Ֆրանսիա եւ այլն), որոնք նյութերը թողարկում են այդ երկրների լեզուներով։ Այս լրատվամիջոցները մեծ տեղ են հատկացնում Հայաստանում եւ նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին՝ սեփական թղթակիցների նյութերի, հայաստանյան մեդիայից արտատպումների միջոցով։
«Զինք Նեթվորքի» «Մեդիա շուկայի վերլուծություն» ուսումնասիրության համաձայն՝ սփյուռքի այս տարբեր խմբերն ունեն մեդիայի սպառման հստակ սովորություններ և հարթակների նախապատվություններ, ուստի չկա համընդհանուր հարթակ, որը միավորում է սփյուռքը: Անգլալեզու բովանդակության հարցում առկա է բաց, հատկապես անգլախոս երկրների հայերի և անգլերենին տիրապետող ավելիերիտասարդ անհատների շրջանում, ինչը նրանց հնարավորություն կտար տեղեկատվություն փոխանակել։ Հայաստանյան լրատվամիջոցների բովանդակությունը հիմնականում հայերեն է, դրա փոքր ծավալն է թարգմանվում անգլերեն, իսկ բուն անգլալեզու հրատարակությունները հատուկենտ են։ ՌԴ-ում ապրող սփյուռքը սպառում է ռուսերենով բովանդակություն ստեղծողղ հայկական լրատվական գործակալությունների, առցանց մեդիայի բովանդակությունը, կան նաեւ ռուսաստանաբնակ հայ լրագրողներ, բլոգերներ, որոնք իրենց ալիքներն ունեն ու հենվում են սփյուռքի այդ լսարանի վրա։ Ռուսաստանում հրատարակվում է "Ноев Ковчег" տպագիր (ռուսալեզու ամենախոշոր հայկական պարբերականն է՝ավելի քան 100.000 տպաքանակով) եւ առցանց պարբերականը, որը լուսաբանում է այդ երկրում եւ առհասարակ ԱՊՀ տարածքում հայկական սփյուռքի կյանքը։
Ամփոփելով՝ տպագիր մամուլը գրեթե ազդեցություն չունի հասարակական կարծիքի վրա չնչին տպաքանակի պատճառով։ Հեռուստատեսությունը դեռեւս առաջատար է լսարանի եւ վստահության ցուցանիշով, սակայն առցանց մեդիան մրցակցում է հեռուստատեսության հետ եւ տարեցտարի բարելավում իր դիրքերը այս առումով։
Ներսես Հայրապետյան, Մատենագիտւթյուն նորանուն հայկական պարբերական մամուլի 1987-1996, «Գիրք» հրատ., 1999, Երեւան
Ա. Գալոյան, Հայ ինքնահրատ մամուլը 1980-1990-ական թվականներին | «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանասիրություն», 138.2, Երևան 2012թ., էջ 67-74

