Մեդիայի սպառումը

Հասանելիություն և ենթակառուցվածք

Հայաստանում մեդիան լայն տարածում ունի եւ տարբեր տեխնոլոգիաների միջոցով հասանելի է բնակչության մեծ մասին։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023-ի դրությամբ հեռուստատեսությունը շարունակում էր մնալ հիմնական տեղեկատվական աղբյուրը՝ հասանելիությունը հասնում էր 98.6 %-ի, իսկ թվային եւ արբանյակային ալիքների օգտագործումն աճում էր։ Ռադիոն շարունակում էր լինել կարեւոր տեղեկատվական աղբյուր, հատկապես մարզերում եւ տարեց բնակչության շրջանում։

Ինտերնետն ու բջջային կապը զգալի տարածում ունեն։ Ինտերնետ օգտագործողների թիվը, «Թվային Հայաստան 2025» զեկույցի համաձայն, 2025-ին կազմել է 2.37 միլիոն (նրանք, ովքեր երբևէ ինտերնետ են օգտագործել), այսինքն՝ բնակչության մոտ 80 %-ը։ 

Բջջային կապից օգտվողների թիվը 2025-ին 4.35 միլիոն է, այսինքն՝ բնակչության 147 %-ը։ Սա նշանակում է, որ մարդիկ մեկից ավելի SIM քարտեր են օգտագործում։ Բջջային կապի զգալի մասը (96.7 %)՝ 3G/4G/5G։

Սոցիալական մեդիա և թվային հարթակներ

Սոցիալական մեդիայի օգտատերերի ընդհանուր քանակը 2025-ին 1.6 միլիոն է, այսինքն՝ բնակչության մոտ 54 %-ը։

  • Facebook-ը հասնում է նույն ցուցանիշին՝ 13 տարեկանից բարձր բնակչության մոտ 54 %-ը։
  • Instagram-ի օգտատերերը՝ մոտ 1.3 միլիոն, 13 տարեկանից բարձր բնակչության 43.9 %-ը։
  • LinkedIn օգտատերերի շրջանակը՝ 480 հազար, ինչը 18 տարեկանից բարձր բնակչության մոտ 16.2 %-ն է։
  • Messenger-ից ավելի քան 1,15 միլիոն օգտատեր է օգտվում, որը կազմում է 13 տարեկանից բարձր բնակչության 39.1%-ը։ Իսկ
  • X (նախկին Twitter) հարթակի օգտագործողները կազմում են 13 տարեկանից բարձր բնակչության մոտ 4.6 % կամ 135 հազար մարդ։ 
  • YouTube-ի օգտատերերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն փորձագետների գնահատականնրով՝ այս սոցիալական հարթակն առաջնային դիրքերում է Հայաստանում։

Ինչ եւ ինչպես են սպառում

«Ինտերնյուս Նեթվորք»-ի «Հայաստանում խոսքի ազատության եւ մեդիայի սպառման» 2024 թ. հետազոտությունը ցույց է տալիս, որ ավանդական հեռուստատեսությունը եւ առցանց լրատվական կայքերը ամենատարածված լրատվամիջոցներն են, որոնցից օգտվում են մարդիկ (հարցվածների համապատասխանաբար 80 եւ 73 %-ը): 

Սոցիալական ցանցերը եւ հեռուստատեսությունը սոցիալական եւ քաղաքական նորությունների առաջնային աղբյուրներն են՝ հարցվածների

  • 62 %-ն ապավինում է սոցցանցերին, իսկ
  • 45 %-ը՝ հեռուստատեսությանը: Ռադիոն սոցիալական եւ քաղաքական նորությունների աղբյուր է հարցվածների
  • 3 %-ի համար, իսկ տպագիր մամուլը՝
  • 0,5 %-ի համար։  

«Հայաստանում լրատվամիջոցներից օգտվելու օրինաչափությունների ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս կայուն, բայց նաեւ՝ զարգացող մեդիապատկեր: Լուրեր ստանալու եւ տարածելու համար մարդիկ ավելի ու ավելի են հիմնվում համացանցային աղբյուրների, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի վրա։ Տասը անհատից յոթը նախընտրում է նորություններ ստանալ սոցիալական ցանցերի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն կայքեր այցելելով:

Թեեւ «Ֆեյսբուքը» մնում է լուրերի տարածման առաջատար հարթակ, դրա օգտագործումը նվազել է։ Որպես «Ֆեյսբուքին» այլընտրանք՝ ավելի լայն տարածում է ստանում «Ինստագրամը»: Այս փոփոխություններն արտացոլում են մեդիայից օգտվելու համաշխարհային միտումներն ընդհանրապես եւ ընդգծում են Հայաստանում մեդիայի օգտագործման դինամիկան»,- նշված է զեկույցում:

Հայաստանում ամենասպառվող լրատվամիջոցները՝ ըստ «Ինտերնյուս Նեթվորք»-ի հետազոտության.

Հայաստանում ամենասպառվող լրատվամիջոցները՝

Consumption 01

Տպագիր մամուլի սպառման ցուցանիշը բավական ցածր է։ Հարցվածների 15 %-ը նշել է, որ առնվազն շաբաթական մեկ անգամ կարդում է մեկ տպագիր մամուլ։ Դրանցից ամենահաճախ նշվել են «TV Ալիք» շաբաթաթերթը (ժամանցային թերթ, որը տպագրում է նաեւ շաբաթվա հեռուստածրագրերը), «Հրապարակ» եւ «Առավոտ» (6 %) թերթերը:

  • «TV Ալիք» շաբաթաթերթ 9 %
  • «Հրապարակ» 6 %
  • «Առավոտ» 6 %

Վստահություն լրատվամիջոցների նկատմամբ

Վստահության տեսանկյունից պատկերը, ըստ նույն հետազոտության, հետեւյալն է՝

Consumption 03

Ավանդական հեռարձակող լրատվամիջոցների ենթակառուցվածք

Հեռուստատեսություն

2025 թ. դրությամբ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) տվյալներով, Հայաստանում 28 հեռուստաընկերություն (տեսալսողական ծրագիր) կա։ Դրանցից 21-ը հեռարձակվում է լիցենզիայի հիման վրա՝ 5-ը հանրապետական, 6-ը մայրաքաղաքային եւ 10-ը մարզային սփռման են: Հանրային հեռարձակողների («Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ եւ «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ) 3 ալիքները («Առաջին ալիք», «Առաջինի լրատվական ալիք» եւ «Շողակաթ») հեռարձակվում են առանց լիցենզիայի, մյուս 4-ը՝ օտարերկրյա/միջպետական հեռուստաընկերությունները՝ միջպետական պայմանագրերի հիման վրա։ 

Ռադիո

2025 թ. դրությամբ Հայաստանում ՀՌՀ-ի տված լիցենզիայի հիման վրա գործում է 27 ռադիոկայան․ սրանցից 3-ը սփռվում է ամբողջ հանրապետության տարածքում, 15-ը՝ միայն Երեւան քաղաքում, 8-ը՝ միայն մարզերում, 1-ը՝ Երեւանում ու Գեղարքունիքի մարզում: Սրանք մասնավոր ռադիոկայաններ են։ 4 ալիք ունի հանրային հեռարձակողը՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն՝ հանրապետական սփռման «Առաջին ծրագիր»-ը եւ մայրաքաղաքային սփռման «Իմ ռադիո», «ՎԷՄ» կրթական-մշակութային եւ «Արեւիկ» մանկական ծրագրերը: 2 ռադիոծրագիր էլ հեռարձակվում է օտարերկրյա/միջպետական ռադիոալիքների կողմից՝ միջպետական պայմանագրերի հիման վրա:

Օտարերկրյա հեռուստառադիոընկերություններ

Միջպետական պայմանագրերի հիման վրա՝ առանց լիցենզիայի, Հայաստանում հեռարձակվում են օտարերկրյա հեռուստառադիոընկերություններ։

Ռուսական հեռարձակողներ

2020 թ. ստորագրված «ՀՀ եւ ՌԴ կառավարության ﬕջեւ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանում հեռարձակվում են

  • «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» (հանրապետական սփռման) եւ
  • «ՌՈՍԻՅԱ-Կ»
  • «ԱՌԱՋԻՆ  ԱԼԻՔ.  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» (մայրաքաղաքային սփռման) ռուսաստանյան հեռուստաալիքները։

Վերջին տարիներին ՀՌՀ-ն բազմիցս բարձրացրել է Հայաստանում այս ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը՝ դրանց մեղադրելով «Հայաստանի պետական ինստիտուտներին եւ քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ, խեղաթյուրված գնահատականներ, փաստերի փոխարեն հուզական ու ագրեսիվ բնորոշումներ տարածելու» մեջ, սակայն ՀՀ իշխանությունները նման որոշում դեռեւս չեն ընդունում:

Այլ միջպետական հեռարձակողներ

Միջպետական պայմանագրերի հիման վրա Հայաստանում հեռարձակվում են նաեւ «ՄԻՐ» ﬕջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղի «ՄԻՐ» հեռուստաալիքը եւ ռադիոն (ռուսերեն), որը ֆինանսավորում է ստանում ՀՀ պետական բյուջեից, եւ ֆրանսիական «Էղ Էֆ Ի» (RFI) ռադիոկայանը, որի հեռարձակմանն աջակցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

Մալուխային կամ այլ ցանցերով հեռարձակում

Հանրային մուլտիպլեքսից զատ՝ տեսալսողական ծրագրերը Հայաստանում տարածվում են մալուխային կամ այլ ցանցերով՝ ցանցային օպերատորների միջոցով։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թ. տարեկան հաղորդման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել է 61 ցանցային օպերատոր, որոնցից

  • 12-ը գործել է Հայաստանի Հանրապետության
  • 10-ը՝ Երեւան քաղաքի եւ ﬔկ կամ ﬕ քանի մարզերի
  • 6-ը՝ Երեւան քաղաքի, 2-ը՝ ﬔկից ավելի մարզերի եւ
  • 31-ը՝ ﬔկ մարզի տարածքում։
  • Տարածված ծրագրերի մեջ, ըստ արտադրության երկրների, գերակշռել են Ռուսաստանում արտադրվածները։
Consumption 05

Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերում գերակշռել են ռուսերենով ծրագրերը՝

Consumption 07

Չնայած ռուսալեզու բովանդակությունը զգալիորեն նվազել էր 2019-2022 թվականներին, այն կրկին աճել է 2023-2024-ին՝ կազմելով վերահեռարձակվող ամբողջ բովանդակության կեսից ավելին։

Տպագիր եւ առցանց մեդիա

Հայաստանում լրատվամիջոցների գրանցման եւ հաշվառման որեւէ համապարփակ ռեգիստր չկա։ Քանի որ հեռարձակումը լիցենզավորվող գործունեություն է, հեռուստառադիոընկերությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրում է ոլորտը կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Սակայն առցանց եւ տպագիր մամուլի վերաբերյալ նման ամբողջական տեղեկատվություն որեւէ մարմին չի հավաքում։ 

Ինչպես ցանկացած իրավաբանական անձ, լրատվամիջոցները եւս գրանցվում են Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, սակայն ըստ գործունեության տեսակի հնարավոր չէ այս ռեգիստրից առանձնացնել լրատվամիջոցները։ Մեր հարցմանը ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը պատասխանել է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ գործակալությունում հաշվառվում են նյութական կրիչի վրա թողարկված եւ Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցները՝ ըստ ստացված պարտադիր օրինակների եւ թողարկման տվյալների։

«2025 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հաշվառված, նյութական կրիչի վրա թողարկված մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցների թիվը 2153-ն է»,- նշված է գրության մեջ։ Մեզ տրամադրված այդ ցանկում կան այնպիսի տպագիր պարբերականների անուններ, որոնք վաղուց ասպարեզում չկան։ Ըստ գործակալության պարզաբանման, եթե լրատվամիջոցն իրենց չի ծանուցում գործունեությունը դադարեցնելու մասին, ապա իրենք այն ցանկից չեն հանում։ Գործակալության համաձայն՝ այդ 2153-ի 5-7 %-ը ներկայում չի գործում։ 

Առցանց լրատվամիջոցների հաշվառման գործառույթ Պետռեգիստրի գործակալությանն օրենքով վերապահված չէ, հետեւաբար նման հաշվառում չի կատարվում։ 

Փաստացի, դժվար է ճշգրիտ ասել, թե քանի առցանց կամ տպագիր լրատվամիջոց կա Հայաստանում։