Քաղաքական համատեքստը

1. Խորհրդային հանրապետությունից՝ անկախ հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը, 70 տարի ԽՍՀՄ կազմում լինելուց հետո, 1991 թ. սեպտեմբերի 21-ին հռչակեց իր անկախությունը։ Նույն տարվա հոկտեմբերի 16-ին համապետական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։ Նա Արցախյան շարժումն առաջնորդող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր։ Հայաստանի Հանրապետության անկախության հիմքում 1988 թ. սկսված Արցախյան շարժումն էր՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու պահանջով։ Արցախի հարցը երեք տասնամյակ՝ մինչեւ 2023 թ. դրա գրավումը Ադրբեջանի կողմից եւ արցախցիների էթնիկ զտումը, եղել է Հայաստանի ներքաղաքական կյանքի, քաղաքական ուժերի պայքարի առանցքային թեմաներից մեկը։

2. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը (1991-1998)

2.1 Քաղաքական հիմքերը և «Խաղաղության» կուսակցության պարտությունը

Արցախի հարցը 1998 թ. պալատական հեղաշրջման առիթ դարձավ Հայաստանում. նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ի փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրեց ԼՂ հարցի կարգավորման շուրջ իշխանության ներսում առաջացած հակասությունների պատճառով։ Հրաժարականի տեքստում նա նշեց, որ իշխանության որոշ ուժեր (նկատի ուներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին) պարտադրում են իրեն հեռանալ, եւ ինքն ընդունում է այդ պահանջը, քանի որ «խաղաղության կուսակցությունը» պարտվել է։

2.2 Մեդիան Տեր-Պետրոսյանի օրոք

Նախագահ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման (1991-1998 թթ.) առաջին տարիներին Հայաստանում ստեղծվեցին անկախ թերթեր, հեռուստաընկերություններ, լրատվական գործակալություններ։ Այդ շրջանը համարվում է մամուլի զարթոնքի շրջան։ Սակայն հետագայում ձեւավորվեցին լրատվամիջոցների վերահսկողության այնպիսի օրինաչափություններ, որոնք պահպանվեցին հաջորդ վարչակազմերի օրոք։ Տեր-Պետրոսյանի նախագահության հետագա տարիները հատկանշվեցին ՀՅԴ-ի թերթերի եւ «Ազատություն» ռադիոկայանի փակմամբ, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումներով եւ լրագրողների նկատմամբ բռնություններով։

3. Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը (1998-2008)

3.1. Իշխանության համախմբում

1998 թ. արտահերթ նախագահական ընտրություններում նախագահ ընտրվեց Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որը նախկինում Արցախի նախագահն էր եւ 1997-ին Հայաստան էր հրավիրվել որպես վարչապետ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Երկրորդ նախագահ Քոչարյանը պաշտոնավարեց 10 տարի։ Նրա հեռանալն ուղեկցվեց 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններով։

3.2. Հետընտրական արյունոտ բախումներ՝ մարտի 1, 2008

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել էր քաղաքականություն եւ նախագահի թեկնածու առաջադրվել 2008 թ. փետրվարի 19-ի ընտրություններին։ Քոչարյանը ցանկանում էր իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, որն այդ ժամանակ Հայաստանի վարչապետն էր։ Պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը հավաքեց ձայների 52.82 %-ը, իսկ Տեր-Պետրոսյանը՝ 21.5 %։ Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ ընտրություններն անցել էին կոպիտ խախտումներով եւ կեղծիքներով։ Տեր-Պետրոսյանը եւ նրա համակիրները, չհաշտվելով արդյունքների հետ, դրանք վիճարկեցին Սահմանադրական դատարանում՝ միաժամանակ հանրահավաքներ, նստացույցեր անելով։ Սակայն դեռեւս նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը որոշեց բռնի ուժով ցրել ցուցարարներին։ Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 մարդ՝ 8 ցուցարար եւ ոստիկանության 2 աշխատակից։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով մարտի 1-20-ը երկրում արտակարգ դրություն հաստատվեց, սահմանվեց քսանօրյա գրաքննություն։ Հրամանագրի նախնական տարբերակում սահմանված էր, որ «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»։ Սակայն օրեր անց՝ մարտի 13-ին հրապարակված հրամանագրի տեքստում ԶԼՄ-ներին առնչվող դրույթը փոխվել է հետեւյալ կերպ՝ «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը»։

Մարտի 1-ի գործը դեռեւս քննվում է ՀՀ դատարաններում, երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ։ Զոհվածների հարազատները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2025 թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ վճիռ կայացրեց՝ հարկադրելով 245 հազ. եվրո փոխհատուցում տալ մարտի 1-ի զոհերի հարազատներին։

3.3 Հեռարձակումը՝ Քոչարյանի վերահսկողության ներքո

Ռոբերտ Քոչարյանը վերահսկողության տակ առավ հեռարձակման ամբողջ դաշտը՝ նրան լոյալ խոշոր բիզնեսմենները գնեցին մասնավոր հեռուստաընկերությունները, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը մրցութային կարգով բաշխում էր հեռուստահաճախությունները, անկախ չէր, նրա անդամները նշանակվում էին նախագահի եւ ԱԺ-ի կողմից։ 2002 թ. լիցենզավորման առաջին մրցույթում հաճախությունից զրկվեցին երկու անկախ հեռուստաընկերություններ՝ «Ա1+»-ը եւ «Նոյան Տապան»-ը։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ խտրականություն էր դրսեւորում լրատվամիջոցների նկատմամբ՝ ուներ նախընտրելի լրատվամիջոցների շրջանակ եւ հարցազրույց էր տալիս բացառապես նրանց։ Նրա վարչական ապարատը խստորեն վերահսկում էր նախագահի գործունեության լուսաբանումը հեռուստաընկերություններով։ Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները եւս տեղ ունեին՝ 2003-2004 եւ 2008 թթ. ընդդիմության ցույցերը ուղեկցվել են լրագրողների նկատմամբ բռնություններով։ Նրա կառավարման շրջանում տեղի ունեցավ Հայաստանում լրագրողի սպանության միակ դեպքը՝ 2002 թ. դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը։ Սպանությունը պատվիրելու մեջ դատարանը մեղավոր ճանաչեց 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին: Սպանությունը պատվիրելու շարժառիթը, ըստ դատարանի, լրագրողի մասնագիտական գործունեությունն էր։ Արմեն Սարգսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։

4. Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը (1998-2008)

4.1. Սահմանադրական փոփոխություններ

Մինչեւ 2015 թ. Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական հանրապետություն էր՝ իշխանության թեւերի՝ միմյանց հավասարակշռող եւ փոխզսպող մեխանիզմներով։ 2015-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացված սահմանադրական հանրաքվեով կառավարման կարգը փոխվեց, ՀՀ-ն դարձավ խորհրդարանական հանրապետություն, որտեղ երկրի փաստացի ղեկավարը լինելու էր վարչապետը, իսկ նախագահին վերապահվում էր խորհրդանշական դեր։ Նոր կարգը սկսեց գործել 2018-ից՝ պաշտոնավարող նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտից հետո: Այսինքն՝ կառավարման համակարգի փոփոխությունը Սարգսյանին, որը երկու ժամկետով նախագահելուց հետո այլեւս իրավունք չուներ առաջադրվելու իբրեւ նախագահ, հնարավորություն տվեց կրկին զբաղեցնել երկրի ղեկավարի՝ արդեն վարչապետի պաշտոնը:

2017-ի խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ձեւավորեց խորհրդարանում եւ 2018-ին Սարգսյանին ընտրեց վարչապետ՝ չնայած 2015-ի սահմանադրական հանրաքվեից առաջ նա խոստացել էր այլեւս չառաջադրվել։

4.2. Մեդիայի վերահսկողության ընդլայնում

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում մեդիայի նկատմամբ վերահսկողությունը եւ ճնշման ձեւերն ընդլայնվեցին։ Լրատվամիջոցների սեփականատերերի վերադասավորումներ եղան, որոշ հեռուստաընկերություններ, մեդիա ինդուստրիայի այլ կառույցներ հայտնվեցին նրա փեսայի ՝ Միքայել Մինասյանի մերձավոր շրջապատի ձեռքում։ Քաղաքական գործընթացները՝ ընտրություններ, բողոքի ակցիաներ, կրկին ուղեկցվում էին լրագրողների նկատմամբ բռնություններով, որոնք իրավապահները հիմնականում «չէին կարողանում» բացահայտել։ Այդ բռնությունների հեղինակները գլխավորապես օլիգարխների թիկնապահներն էին։ 2008 թ. նոյեմբերի 17-ին խմբագրությունից դուրս գալիս հարձակման ենթարկվեց հետաքննող լրագրող, «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Մեկ մարդ կալանավորվեց եւ դատապարտվեց: Հարձակման ետեւում ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն էր, թեեւ իրավապահները քննությամբ դա «չկարողացան» պարզել։

Սարգսյանի նախագահության շրջանում արմատավորվեց քննադատական խոսքի համար լրատվամիջոցի դեմ դատական հայց ներկայացնելու պրակտիկան՝ զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով, որի համար քաղաքական գործիչներն ու բիզնես շրջանակները մեծ փոխհատուցումներ էին պահանջում։ Իրավիճակը կարգավորվեց Սահմանադրական դատարանի որոշման շնորհիվ, որը փոխհատուցման գումարի ողջամիտ շրջանակ սահմանեց։

Բայց նաեւ պետք է նշել, որ Սարգսյանի նախագահության շրջանում զարգացավ առցանց մեդիան, որն ավելի ազատ էր։ Ուժեղ քաղաքացիական հասարակություն էր ձեւավորվել, որն անկախ մամուլի հետ միասին որոշ դեպքերում ազդում էր քաղաքական որոշումների վրա։

5. Թավշյա հեղափոխությունը եւ դրա հետեւանքները

5.1. Համաժողովրդական ընդվզում (2018)

Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով որպես երկրի ղեկավար պաշտոնավարումը հանրային ընդվզում առաջացրեց։ Խորհրդարանական ընդդիմության «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը նախկին լրագրող է, երկար տարիներ խմբագրել է ընդդիմադիր ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթը, որսալով հանրային դժգոհությունը, որոշեց առաջնորդել այն եւ 2018-ի մարտի 31-ին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից քայլարշավ սկսեց դեպի Երեւան: Ավելի ուշ հակաիշխանական շարժումը ստացավ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը։ Համաժողովրդական շարժման ճնշման արդյունքում 2018 թ. ապրիլի 23-ին Հայաստանը 10 տարի ղեկավարած Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Փաշինյանն իր առաջնորդած շարժումն անվանեց «ոչ բռնի, ժողովրդական, թավշյա» հեղափոխություն։ Հաջողության հարցում նրան մեծապես օգնեցին առցանց լրատվամիջոցները, որոնք ուղիղ եթերով հեռարձակում էին քայլարշավը եւ նպաստում զանգվածների մոբիլիացիային։ Փաշինյանն անձամբ լայնորեն օգտագործում էր սոցիալական ցանցերի, մասնավորապես՝ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերի հնարավորությունը՝ կոչ անելով հանրությանը միանալ իրեն։

Հեղափոխական ալիքի վրա 2018-ի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետ։ Նրան սատարեցին Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, օժանդակեց նաեւ խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը։ Իշխանության գալով՝ Փաշինյանը, որն անխնա քննադատում էր 2015-ին փոփոխված Սահմանադրությունը՝ այն անվանելով սուպերվարչապետական, չփոխեց այն եւ օգտվեց վարչապետի լայն լիազորություններից։

5.2. Խորհրդարանի ներկա պատկերը

Հայաստանի ներկայիս՝ 8-րդ գումարման ԱԺ-ն ձեւավորվել է 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում։ Ընտրությունները նախատեսված էին 2023-ի տարեվերջին, սակայն անցկացվեցին ավելի վաղ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո տեւական քաղաքական ճգնաժամի պատճառով։

Հիմնական պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ էր։ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին ստացավ սահմանադրական մեծամասնություն (71 պատգամավոր), երկրորդ եւ երրորդ տեղերը բաժին հասան Ռ. Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» (29 պատգամավոր) եւ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» (7 պատգամավոր) դաշինքներին։ Ներկա պահին խմբակցությունների անդամների քանակն այսպիսն է՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 69, «Հայաստան»` 28, «Պատիվ ունեմ»` 6։ Խմբակցությունում չընդգրկված պատգամավորների թիվը 4 է, սակայն ի սկզբանե նրանք ներկայացրել են նշված խմբակցություններից որեւէ մեկը, ապա դուրս եկել տարաձայնությունների պատճառով։ Սահմանադրական մեծամասնությունը՝ 69 ձայնը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հնարավորություն է տալիս ընդունել ցանկացած օրենսդրական նախագիծ, եւ փաստացի ընդդիմությունը ազդեցություն չունի որոշումների կայացման վրա։

5.3. Խոստացված, բայց չիրականացված բարեփոխումներ

Հայաստանը թեեւ հռչակվել է ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, որեւէ իշխանության չի հաջողվել իրապես ժողովրդավարական, իրավական պետություն կառուցել, որտեղ կգերակայի օրենքը, իսկ մարդը, նրա իրավունքը կլինի բարձրագույն արժեք։ 2018-ի հանրային ընդվզման հիմքում երկրում առկա կոռուպցիայի մեծ ծավալներն էին, սոցիալական անարդարությունը, արդարադատության պակասը, քանի որ դատական իշխանությունը կախված էր գործադիրից, բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, օլիգարխիական համակարգը եւ այլն։

Փաշինյանը իշխանության եկավ հասարակական-քաղաքական կյանքի այս բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումների խոստումով, սակայն պաշտոնավարման յոթ տարիներին այդպես էլ համակարգային փոփոխություններ չնախաձեռնեց։ Հայաստանի քաղհասարակությունը նրան քննադատում է հատկապես դատական վեթինգ չկատարելու համար եւ արդարադատության համակարգը կրկին քաղաքական շահերին ծառայեցնելու մեջ։ «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության 2024 թ. զեկույցում նշված է, որ «իշխանությունները օրենքը կիրառում են ընտրողաբար, եւ քաղաքացիական կամ քրեական գործերով պատշաճ դատավարություն չի երաշխավորվում»։ Որպես դատական իշխանությանը քաղաքական միջամտության օրինակ բերված է վարչապետի կողմից sms նամակով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հրաժարականի դիմումի պահանջ ներկայացնելը։

5.4. Մեդիայի հետ հարաբերությունները Փաշինյանի օրոք

Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը մեդիայի հետ հարաբերությունների տեսանկյունից կարելի է բնութագրել մի կողմից դրական տեղաշարժով, քանի որ բարձրացել է խոսքի ազատության մակարդակը («Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2025 թ. մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզանականը) եւ լրագրողների հետ ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերը բացառություններ են, մյուս կողմից՝ լրատվամիջոցների նկատմամբ վստահության խոր անկմամբ, որին նպաստում է նաեւ իշխող ուժը՝ թիրախավորելով ու պիտակավորելով իրենց գործունեությունը քննադատող, սխալները ցուցադրող լրատվամիջոցներին։ Իսկ մեդիային, ընդհանուր առմամբ, բնորոշ է քաղաքական խիստ բեւեռացվածությունը։ Նախկին ու ներկա կառավարող ուժերը իրենց հետ կապված լրատվամիջոցներն օգտագործում են իբրեւ քարոզչական գործիք քաղաքական պայքարում։

6. Արտաքին քաղաքականություն

Հայաստանը դե յուրե ՀԱՊԿ անդամ է, թեեւ ներկայում սառեցրել է անդամությունը եւ չի մասնակցում կազմակերպության նիստերին։ Պատճառը 2021-2022 թթ. ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումն է եւ երկրի տարածքից, ըստ պաշտոնական գնահատականների, ավելի քան 150 քառ. կմ օկուպացումը, որին ՀԱՊԿ-ն որեւէ կերպ չարձագանքեց՝ Հավաքական անվտանգության պայմանագրով (2-րդ հոդված) ունենալով անդամ երկրի անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վտանգման դեպքում այդ երկրին օգնություն տրամադրելու պարտավորություն: ՀՀ-ն նաեւ ԵԱՏՄ անդամ է եւ տնտեսական ակտիվություն է դրսեւորում այդ կազմակերպության շրջանակներում։

2025 թ. մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք ընդունեց։ Թեեւ ԵՄ կառույցները ողջունել են այս քայլը, հայտարարել են, որ Հայաստանը բավականին մեծ տնային աշխատանք ունի անելու։ 2024 թ. սեպտեմբերին սկսվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերջին տարիներին փոխակերպվել են բացասական իմաստով։ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումից եւ Արցախի հայաթափումից հետո ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը փոխվեց ռազմավարական դաշնակցի նկատմամբ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի 2025 թ. հունիսի հարցման արդյունքներով՝ հայաստանցների 27 %-ը Ռուսաստանը համարում է «քաղաքական սպառնալիք», 45 %-ը՝ քաղաքական, 37 %-ը՝ անվտանգային գործընկեր։ Վարչապետ Փաշինյանը այդ փոխակերպումը համարում է «կառուցողական» եւ կարեւորում Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրացումը։

2025 թ. հունվարին ՀՀ-ն ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրեց ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ-ն ներգրավված է նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի բանակցություններում, որի նախաստորագրումը տեղի ունեցավ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում։

Փաշինյանի իշխանությունը հայտարարեց Արցախյան շարժման էջը փակելու եւ հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Այս օրակարգով է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու 2026 թ. հունիսին կայանալիք ԱԺ ընտրություններին։

7. Կայուն օրինաչափություններ

Հայաստանի բոլոր իշխանությունների հարաբերությունները մեդիայի հետ հարթ չեն ընթացել։ Անհանդուրժողականությունը քննադատական խոսքի նկատմամբ տարբեր շրջաններում տարբեր կերպ է դրսեւորվել։ Մեթոդները զարգացել են` Տեր-Պետրոսյանի օրոք լրատվամիջոցների ուղղակի գրաքննությունից և փակումից մինչև Քոչարյանի օրոք հաճախականությունների մերժումը և հեռարձակման համակարգված վերահսկողությունը, Սարգսյանի օրոք մեդիայի սեփականության կենտրոնացումը և Փաշինյանի օրոք քաղաքական պիտակավորման միջոցով թիրախավորումը եւ զրպարտության մեղադրանքներով դատական հայցերը, սակայն կառավարության և անկախ լրատվամիջոցների միջև հիմնական լարվածությունը շարունակվում է։