Տեխնոլոգիաները
Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի չորս խոշոր ընկերություններն են՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ (նախկինում՝ «ՄՏՍ Հայաստան»), «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ (նախկինում՝ «ՎԵՈՆ Արմենիա»), «Յուքոմ» ՍՊԸ, «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ։ Այս ընկերություններն ընդգրկված են Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների ցանկում (2025 թ. հունվար-հունիս)։
«Վիվա Արմենիա» (նախկինում՝ «ՄՏՍ Հայաստան», մինչ այդ՝ «Ղ-Տելեկոմ») – Շարժական կապի խոշոր օպերատոր, որի մուտքով 2005-ին Հայաստանում դադարեց շուրջ 10 տարի տեւած՝ «ԱրմենՏել» ընկերության (ներկայում՝ «Տելեկոմ Արմենիա») մենաշնորհը, Հայաստանի կապի շուկայի հիմնական խաղացողներից է, 2007-2024 թթ. ռուսական «ՄՏՍ» խմբի անդամ էր։ «Վիվա Արմենիա»-ն խոշոր հարկատու է եւ ակտիվ խաղացող շարժական եւ մանրածախ ծառայությունների ոլորտում։ 2025-ի հուլիսին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Վիվա Արմենիա»-ին ձեռք բերել հեղահաղորդակցության ոլորտի հայաստանյան խոշոր խաղացողներից «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը (վերջինս հայտնի է «Ռոստելեկոմ», ապա՝ OVIO ապրանքանիշերով)։
«Տելեկոմ Արմենիա» (նախկինում՝ «ՎԵՈՆ Արմենիա») – 1990-ականների կեսերից (այն ժամանակ կոչվում էր «ԱրմենՏել») մինչ օրս այս ընկերությունը շարժական եւ ֆիքսված կապի հիմնական օպերատորներից մեկն է։ Ընկերության տվյալներով՝ 2023-ի դրությամբ իրեն է բաժին հասնում շարժական կապի բաժանորդների 25.6 %-ը (ավելի քան 1 մլն բաժանորդ)։ Վերջնական շահառու սեփականատերերը եղբայրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայաններն են (ընդհանուր բաժնեմասը՝ 82.5 %)՝ «Յուքոմ» ընկերության նախկին բաժնետերերը։
«Յուքոմ» – Հայաստանի հեռահաղորդակցական խոշոր օպերատորներից է, որն առաջարկում է ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ շարժական ծառայություններ։ Գործում է տեղական գրասենյակներով եւ համարվում է ամբողջական ծառայությունների մատակարար։ Փոխկապված է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ։ Նրա ավագ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, եղբոր՝ Արտյոմի հետ ներկայում մեղադրվում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ փողերի լվացման մեջ, իսկ Գագիկ Խաչատրյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ 2022-ին ամերիկյան իշխանությունները, ՀՀ իրավապահների միջնորդությամբ, ԱՄՆ-ում Խաչատրյանների առանձնատունը բռնագանձելու պահանջ ներկայացրին դատարան։ 2024-ին վեճը հանգուցալուծվեց հաշտությամբ։ Առանձնատունը վաճառվեց, ստացված հասույթի 15 %-ը պետք է տրամադրվի Խաչատրյաններին, իսկ 85 %-ը՝ ամերիկյան կողմին, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկացի գործընկերների հետ, որ Հայաստանը ստանալու է մոտ 80 %-ը։
«ՋիԷնՍի-Ալֆա» - Հիմնադրվել է 2007-ին, իսկ 2012-ին վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերությունը: Լայնաշերտ ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի ու թվային հեռուստատեսության ծառայություններ է մատուցում։ Ընկերությունն ունի օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ, 92 % ներկայություն ունի Հայաստանի քաղաքներում։ 2024-ին ընկերությունը շահագործման հանձնեց Հայաստանում ամենախոշոր տվյալների մշակման ու ամպային ծառայությունների մատուցման կենտրոնը։ Այդ ներդրումային ծրագրին մասնակցում էր նաեւ Կառավարությունը։ 2024-ից «ՋիԷնՍի Ալֆա»-ն ներկայանում է OVIO ապրանքանիշով:
Այլ մատակարարներ – Գործում են մի շարք փոքր ինտերնետ մատակարարներ եւ տարածաշրջանային օպերատորներ, որոնք լրացնում են չորս մեծ ընկերություններին։ Շուկայում նկատվում է միավորման եւ խոշորացման միտում։

Սեփականություն եւ տեղական ներկայություն
Սեփականություն․ Խոշոր օպերատորների սեփականատերերը համադրում են տեղական բիզնես խմբեր եւ նախկինում եղել են նաեւ արտասահմանյան ներդրողներ (օր.՝ ռուսական MTS, միջազգային VEON)։ Վերջին տարիներին նկատվում է տեղական ձեռներեցների կողմից բաժնետոմսերի գնման եւ վերահսկողության ուժեղացման միտում։Տեղական ներկայություն․ «Յուքոմը», «Տելեկոմ Արմենիա»-ն եւ «Վիվա Արմենիա»-ն ունեն գրասենյակներ եւ սպասարկման կենտրոններ Երեւանում ու մարզերում, ինչպես նաեւ սեփական ցանցային ենթակառուցվածքներ (շարժական կայաններ, ֆայբերային ողնաշար, միջազգային կապեր)։
Տեխնոլոգիական ընկերություններն ու կառավարությունը
Օրենսդրական համապատասխանություն․ Բոլոր օպերատորները գործում են լիցենզիաներով եւ ենթարկվում են Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերահսկողությանը։ Նրանց պարտավորությունների մեջ են սպեկտրի բաշխումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը եւ որակի հաշվետվությունները։Տվյալների տրամադրում պետական մարմիններին․ Ընկերությունները պարտավոր են արձագանքել դատարանի որոշումներով եւ օրինական պահանջներով տվյալների տրամադրման հարցերին։
Տեխնոլոգիական ընկերություններն ու մեդիան
Ֆիքսված ինտերնետ եւ TV ծառայություններ առաջարկող ընկերությունները հաճախ նաեւ մեդիա բովանդակության տարածող են։ Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար երեք ընկերություններից երկուսը՝ «Տելեկոմ Արմենիա»-ն եւ «Յուքոմ»-ը, նաեւ խոշոր ցանցային օպերատորներ են։Օպերատորները համագործակցում են մեդիա ընկերությունների հետ նաեւ գովազդային արշավների, IPTV ծառայությունների եւ բովանդակության փոխանակման միջոցով։ Օրինակ՝ «ՋիԷնՍի-Ալֆա»-ն (ապրանքանիշը՝ OVIO) եւ «Վիվա Արմենիա»-ն IPTV ծառայություններ են մատուցում, սակայն՝ միջնորդավորված։ Հեռուստաալիքների հեռարձակումն իրականացվում է«Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից:Ալգորիթմներ եւ բովանդակության բաշխում․ Մեդիա կազմակերպությունների առցանց լսարանը հիմնականում կախված է համաշխարհային հարթակներից (Facebook, YouTube, Instagram)։ Տեղական օպերատորները ապահովում են մուտք, սակայն չեն վերահսկում ալգորիթմները։Մոնետիզացիա․ Մեդիայի եկամուտները գալիս են ինչպես հարթակների գովազդային ծրագրերից (YouTube, Facebook), այնպես էլ տեղական ուղիղ վաճառքներից (IPTV փաթեթներ, հովանավորչական ծրագրեր)։
Շարժական կապի բնութագրեր
Ֆիքսված եւ շարժական կապ․ Հայաստանում, ինչպես գլոբալ շուկաներում, ֆիքսված հեռախոսակապի ծավալը նվազում է, մինչդեռ շարժական եւ մոբայլ ինտերնետը շարունակում են աճել։ Շարժական օպերատորները («Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա») հաճախ առաջարկում են համակցված փաթեթներ՝ շարժական կապ + ֆիքսված ինտերնետ + IPTV։
Եկամուտներ եւ շուկայի ցուցանիշներ
Հեռահաղորդակցության տարեկան եկամուտները հաշվվում են տասնյակ միլիարդ ՀՀ դրամներով։ Օրինակ՝ CEIC տվյալներով 2024-ին շարժական կապի եկամուտը կազմել է մոտ 41 մլրդ 47 մլն դրամ, որը 2024 թ․ միջին փոխարժեքով (≈396.56 դրամ = 1 ԱՄՆ դոլար) համարժեք է մոտ 103.5 մլն ԱՄՆ դոլարի։2025 թ. հունվար-հունիսին հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների մուծած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 20.4 մլրդ դրամ։

