Արդյոք կլուծվի հեռուստատեսային լսարանի չափման հարցը

Հայաստանում հեռուստաչափումների ոլորտում տարիներ ձգվող ճգնաժամը, թվում է, մոտ է հանգուցալուծմանը։ Օգոստոսի 7-ին Մեդիայի Ինդուստրիալ կոմիտեն և հնդկական Inditronics Media Private Limited տեխնոլոգիական ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել հեռուստատեսային վարկանիշների չափման ոլորտում համագործակցության մասին: Հուշագրի հիման վրա կնքվելու է պայմանագիր 7 տարով, իսկ հեռուստաչափումները նախատեսվում է սկսել 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից։

Պայմանագրի կողմեր են լինելու Ինդուստրիալ Կոմիտեն (ԻԿ-ն 2023 թ. ստեղծված կարգավորող մարմին է, որը պետք է պաշտպանի հեռուստաընկերությունների շահերը՝ վերահսկելով չափողին), Կոմիտեի անդամները՝ հեռուստաընկերություններ, գովազդային գործակալություններ (վերջինները նույնպես պետք է ԻԿ-ի անդամ դառնան), Inditronics Media Private Limited ընկերությունը և Հայաստանում նրա կողմից հիմնադրվող տեղական ընկերությունը։

Արդյոք գործընթացը ավարտին կհասնի՝ ցույց կտա ժամանակը։

2025-ի տարեսկզբին հայտարարվել էր, որ հուլիսի 1-ից չեխական Median ընկերությունը պետք է սկսեր Հայաստանի հեռուստաընկերությունների վարկանիշների չափումը։ Այս ընկերությունը հաղթող էր ճանաչվել Ինդուստրիալ կոմիտեի՝ 2024-ին հայտարարած մրցույթում եւ հինգ տարով պայմանագիր պետք է կնքեր Կոմիտեի հետ։ Սակայն մրցույթի արդյունքը չեղյալ է համարվել։ «Հետքի» տեղեկություններով, հեռուստաընկերությունները չէին կարողացել վճարել «Մեդիանի» պայմանագրի գումարը՝ 6,5 մլն դոլար 5 տարվա համար։

«Այդ մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել երեք ընկերություններ՝ «Ադմոսֆեր», Kantar/Gorbi և չեխական Median ընկերությունները, ընտրվել էր վերջինը՝ առավել ցածր գին առաջարկելու հիմքով»,- «Հետքին» պարզաբանել են ԻԿ-ից։

Ըստ Ինդուստրիալ կոմիտեի՝ հաղթող ընկերությանը տրամադրվել էր 5 աշխատանքային օր՝ պայմանագիրը համատեղ քննարկելու և ստորագրելու համար։ Սակայն ընկերությունը նշված ժամկետում չի ստորագրել պայմանագիրը, ինչի հետևանքով մրցույթը համարվել է չկայացած՝ պայմանագիրը չստորագրելու հիմքով։

Քանի որ չափումները խիստ կարեւոր են գովազդ պատվիրողների համար, իսկ Հայաստանում այս պահին հեռուստավարկանիշների չափում անող միակ ընկերության՝ «Ադմոսֆերի» տվյալները ոլորտի խաղացողներից շատերն արժանահավատ չեն համարում, գովազդային շուկայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։

«Ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Կոմիտեն պարտավոր էր 45 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարել նոր մրցույթ կամ իրականացնել գնում մեկ անձից։ Կոմիտեի ընդհանուր ժողովը, ելնելով գնման հրատապությունից, որոշել է կիրառել մեկ անձից գնման ընթացակարգ»,- հնդկական ընկերության հետ պայմանագրի կնքումը «Հետքին» հիմնավորել է Ինդուստրիալ կոմիտեի նորանշանակ նախագահ Մարգարիտա Գրիգորյանը, որը մինչ այդ «Վիվարո Մեդիայի» գործադիր տնօրենն էր, ավելի վաղ՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, «Արմենիա» TV-ի գլխավոր պրոդյուսերը։ Նա չի բացահայտել պայմանագրի գումարը։

Ո՞րն էր հեռուստագովազդի շուկայի ճգնաժամի պատճառը

2005 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում են հեռուստաալիքների մոնիտորինգ և հեռուստալսարանի չափման ուսումնասիրություններ: Այս ընթացքում 3 տարբեր ընկերություններ են իրականացրել հեռուստալսարանի չափման ուսումնասիրություններ: 2005 թվականին նման ուսումնասիրություն Հայաստանում սկսեց AGB Nielsen ընկերությունը, իսկ 2008 թ. շուկա մտավ նաև «Ջի Էֆ Քեյ» (GFK) ընկերությունը: 2013 թ. AGB Nielsen-ի սեփականատերերը որոշեցին փակել բիզնեսը Հայաստանում: Իսկ 2016 թվականի հունվարի 1-ից «Ջի Էֆ Քեյ» շվեյցարական հետազոտական ընկերության արտոնագրով աշխատող հայաստանյան «Տելեմեդիակոնտրոլ» ՓԲԸ-ն դուրս եկավ շուկայից, քանի որ «Ջի Էֆ Քեյ» ընկերությունը ցանկություն չհայտնեց հավելյալ և բավականին մեծ ներդրումներ անել Հայաստանում և արդիականացնել սարքավորումներն ու տեխնոլոգիան՝ դրանք համապատասխանեցնելով թվային ազդանշանի չափմանը։ Նրա փոխարեն հեռուստալսարանի չափման աշխատանքներ սկսեց «Ադմոսֆեր-Արմենիա» ՓԲԸ-ն (հիմնադրման տարեթիվը՝ 2015 թ.), որի գործընկերը «Նիլսեն Ադմոսֆեր» չեխական չափողն էր: «Ադմոսֆերը» («Ադմոսֆեր-Արմենիա»-ն վերանվանվել է) ներկայում հեռուստաչափումներ անող միակ ընկերությունն է՝ people meter եղանակով (տնային տնտեսություններում տեղադրված չափող սարքերի միջոցով)։

2016 թ. «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Աղասի Ենոքյանը հանրայնորեն կասկածի տակ դրեց հեռուստաչափումների արժանահավատությունը՝ ասելով, որ շուկայում որոշակի անվստահություն կա ընկերության տրամադրած տվյալների նկատմամբ ինչպես մեթոդաբանության, այնպես էլ ընտրանքի կառուցման եւ ծրագրային ապահովման տեսանկյունից: ««Ադմոսֆեր Արմենիա» կազմակերպության աշխատանքը անհրաժեշտ չափով չի բացահայտվում շահագրգիռ կողմերին, ինչն էլ հարուցում է այս մտահոգությունները»,- նշված էր Ենոքյանի թիմի հրապարակած զեկույցում:

Նա առաջարկել էր աուդիտ իրականացնել այս ընկերությունում, միաժամանակ դիմել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հետազոտությամբ պարզելու, թե արդյոք փոխկապակցվածություն կա «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» սեյլս հաուսի, որը հինգ հեռուստաընկերությունների («Արմենիա Թի Վի», «Ա Թի Վի», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Շանթ») գովազդի վաճառքի բացառիկ իրավունք ուներ, հեռարձակող «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի, որի կազմում էին այդ հեռուստաընկերություններից երեքը («Արմենիա Թի Վի», «Ա Թի Վի», «Արմնյուզ») եւ հեռուստալսարանը չափող «Ադմոսֆեր Արմենիայի» բաժնետերերի միջեւ:

Ենոքյանը կասկած ուներ, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» հոլդինգը (ՊԱՄԳ) տիրապետում է գովազդի շուկայի բյուջեի 46 %-ին, ինչը նշանակում էր գերիշխող դիրք: Ենոքյանը համոզված էր, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը եւ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս»-ը (ՄԻՍ) հանդես են գալիս որպես մեկ բիզնես միավոր եւ քաղաքականություն թելադրում հեռուստագովազդի շուկայում: Այդ մասին էին վկայում նաեւ այդ ընկերությունների ղեկավարների միջեւ առկա կապերը: ՊԱՄԳ-ի գլխավոր տնօրենը եւ «Արմենիա» հ/ը խորհրդի նախագահը Արմեն Արզումանյանն էր, ՄԻՍ-ի գլխավոր տնօրենը (մինչեւ 2018 թվականը) ՝ Արմեն Արզումանյանի եղբայրը՝ Արամ Արզումանյանը (ներկայում նա տնօրեն է TV1 գովազդի տարածման գործակալությունում (գործունեությունը դադարեցված է) եւ 2019-ին հիմնադրված Mediamix գովազդային գործակալությունում (այստեղ նաեւ 100 % բաժնետեր է)։

«Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս»-ի իրական շահառուն Տիգրան Սաֆարյանն է, որը որոշ ժամանակ պատասխանատու պաշտոն է զբաղեցրել «Ադմոսֆեր Արմենիայում»։

Այս բոլոր ընկերությունները, մամուլի հրապարակումների համաձայն, վերահսկվում էին այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից։ 2018-ի իշխանափոխությունից հետո Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքի որոշ դրվագներով անցնում են չափումներ իրականացրած «Տելեմեդիակոնտրոլ» եւ «Ադմոսֆեր» ընկերության իրական շահառու, 100 % բաժնետեր Տիգրան Եղոյանը եւ երկու ընկերություններում էլ տնօրեն եղած Մհեր Վարդանյանը (փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի քենակալը՝ ըստ «ՍիվիլՆեթի»), որոնք կալանավորված են։ Դատախազության մեղադրանքում Միքայել Մինասյանը հիշատակված է նաեւ որպես մի շարք լրատվամիջոցների ֆինանսավորող՝ «Շանթ», «Արմենիա», «Արմնյուզ», «Ա Թի Վի» հեռուստաընկերությունները, News.am, Tert.am առցանց պարբերականները։

Քննարկումները հեռուստալսարանի չափումների շուրջ տեւեցին մինչեւ 2018-ը։ Իշխանափոխությունից հետո՝ 2019-ին, ստեղծվեց գովազդի վաճառքի երկրորդ սեյլս հաուսը՝ «Մեդիա հաուս Արմենիա» գովազդային եւ մարքեթինգային կենտրոնը՝ նպատակ ունենալով հավասարակշռել 2013-ից Հայաստանում գործող միակ սեյլս հաուսի՝ Media International Service-ի մենաշնորհային դիրքը։ Այն առաջ քաշեց «Ադմոսֆերում» միջազգային աուդիտ անելու հարցը, եւ Կառավարությունը 2022-ին բյուջեի պահուստային ֆոնդից մոտ 27 միլիոն դրամ հատկացվեց աուդիտի համար։

«Մեդիա հաուս Արմենիայի» հիմնադիրը եւ սկզբնական շրջանում 100 % բաժնետերը եղել է Վարդան Էդուարդի Գրիգորյանը։ 2022-ին ընկերության 50 % բաժնետեր է դարձել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, իսկ 2024-ին Վարդան Գրիգորյանի 50 %-ն անցել է «Շանթ» հեռուստաընկերությանը։ «Մեդիահաուս Արմենիա»-ն իրականացնում է նշված հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառքը: 2020-ից ընկերության ֆինանսական տնօրենը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանն է, որը նաեւ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

«Մեդիա հաուս Արմենիայի» պատվերով աուդիտը կատարեց միջազգային աուդիտորական 3M3A Global AS ընկերությունը եւ եզրակացրեց՝ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ընկերությունը ընդունեց արձանագրված խախտումների մի մասը միայն։

Դրանից հետո, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում արված փոփոխությամբ, 2024-ի մարտին ստեղծվեց Ինդուստրիալ կոմիտե, որը պետք է մեդիաչափում իրականացնող նոր ընկերություն գտնելու համար մրցույթ կազմակերպեր։ Ինդուստրիալ կոմիտեին անդամակցում են հանրային մուլտիպլեքսում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելին, այս պահին՝ 13 անդամ։ Նրանցից հինգը (Հ1, «Արմենիա», «Շանթ», «Ֆասթ սպորտ», «Կենտրոն») Դիտորդ խորհրդի անդամ են եւ վճարում են ամսական 350.000 դրամ անդամավճար, մյուս անդամները («Շողակաթ», «Միր», «Նուռ», «21TV», «5-րդ ալիք», «Բուն», «Ա Թի Վի», Հ1 լրատվական) ամսական 50.000 դրամ են վճարում։

Մրցույթի կազմակերպումը պատվիրվեց նույն ընկերությանը՝ «3M3A Global AS»-ին, որը «Ադմոսֆերի» միջազգային աուդիտն էր իրականացրել։ Այդ մրցույթին դիմել էր նաեւ «Ադմոսֆեր» ընկերությունը։ Մրցույթի անաչառության վերաբերյալ հեռուստաոլորտի որոշ ներկայացուցիչներ «Հետքի» հետ off the record զրույցներում կասկածներ էին հայտնել, մասնավորապես՝ որքանո՞վ է էթիկայի, անաչառության ապահովման եւ շահերի բախումը բացառելու սկզբունքի տեսանկյունից ճիշտ, որ նույն ընկերությունն իրականացնի եւ՛ աուդիտը, եւ՛ նոր ընկերության ընտրությունը։ Հարցեր էին ծագել նաեւ չափումների պանելի, չափումների համար պարտադիր՝ հիմնադիր հետազոտության (establishment survey), պանելի կառավարման եւ մրցույթի արդյունքում ընտրված չեխական Median ընկերության կողմից կիրառվելիք գործիքների վերաբերյալ։ Սակայն Ինդուստրիալ կոմիտեի այդ ժամանակվա ղեկավար Խորեն Բեգլարյանը այս հարցերի վերաբերյալ «Հետքի» հարցումն անպատասխան թողեց։

Այս պահին «Ադմոսֆերը» շարունակում է հեռուստալսարանի չափումներ իրականացնել, նրա հետ պայմանագիր ունեն «Արմենիա» եւ «Ա Թի Վի» հեռուստաընկերությունները։ Այդ չափումների տվյալների հիման վրա են բրենդային գովազդատուների հետ, ինչպիսիք եք Coca-Cola-ն, Procter&Gamble -ը եւ ուրիշներ, գովազդային պայմանագրեր կնքվում։

Կոմիտեի և «Ադմոսֆեր» ընկերության միջև 2024 թ․ դեկտեմբերի 30-ին ստորագրված «Չափումների տրամադրման վերահսկողության» մասին համաձայնագրի 4-րդ կետի եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝ նոր չափիչ ընկերության գործունեության մեկնարկով «Ադմոսֆերը» կդադարեցնի հեռուստաչափման գործունեությունը Հայաստանում։

Հեռուստագովազդի երկրորդ սեյլս հաուսի ստեղծումն արդյոք ավելի հավասարակշռված է դարձրել գովազդային շուկան՝ դժվար է գնահատել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը 2020-ին է արվել եւ հիմնվում է 2019-ի ու 2020-ի հունվար-հուլիս ամիսների տվյալների վրա։ Ըստ այդ հետազոտության՝ 2018-2019 թթ. հեռուստագովազդի շուկայում կենտրոնացվածության բարձր մակարդակ էր արձանագրվել, գովազդի իրացման ծավալներով ու հեռուստադիտողների թվով առաջին տեղում «Արմենիա» հեուստաընկերությունն էր, երկրորդում՝ «Շանթը»։ Իսկ 2020-ի առաջին կեսին ՄՊՀ-ն կենտրոնացվածության միջին մակարդակ է գրանցել, որովհետեւ երկրորդ սեյլ հաուսի մուտքով մրցակցային պայմանները բարելավվել էին։

Ներկայում «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս»-ն իրականացնում է «Արմենիա», ATV, «Երկիր Մեդիա» (կաբելային ցանցով) և «21TV» հեռուստաալիքների գովազդային ռեսուրսների վաճառքը՝ GRP-ով (Gross Rating Points- ընդհանուր վարկանիշային միավոր), իսկ «Մեդիա հաուս Արմենիան»՝ Հանրային եւ «Շանթ» հեռուստաընկերությունների գովազդային եթերաժամանակի վաճառքը՝ րոպեներով։ «Մեդիա հաուս Արմենիա»-ի տնօրեն Գուրգեն Մկրտչյանը հրաժարվեց մեզ հարցազրույց տալ, չպատասխանեց նաեւ մեր գրավոր հարցմանը։

«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն ասում է, որ երկու սեյլս հաուսները գովազդ տեղադրող փոքր գործակալություններին դուրս են մղել դաշտից, եւ այն հեռուստաընկերությունները, որոնք այդ սեյլս հաուսների հետ չեն աշխատում, ֆինանսական վատ դրության մեջ են հայտնվել։ Լսարանի չափումն իրականացնող «Ադմոսֆերի» տվյալները նրա համար եւս արժանահավատ չեն, դժգոհություններ ունի նաեւ գովազդային գործակալություններից եւ սեյլս հաուսներից։ ««5-րդ ալիքին» բլոկ են անում, տանում են մեր գովազդատուներին՝ քաղաքական դրդապատճառներով»,- ասում է նա։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը եւս հաստատում է վերջին տարիներին գովազդի ծավալների անկումը, որը հետեւանք է «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում վերջին տարիներին կատարված փոփոխությունների։ Խոսքը շահումով խաղերի գովազդի արգելման, մեկ ժամվա ընթացքում գովազդային ժամանակի կրճատման (20 րոպեի փոխարեն 14 րոպե), հանրօգուտ եւ հայերեն հաղորդումների քանակի նվազագույն շեմի բարձրացման, որոնք մեծացնում են հեռուստաընկերությունների ֆինանսական ծախսերը՝ նվազող եկամտի պայմաններում, եւ ցանցում հեռարձակողների հետ անհավասար մրցակցային պայմանների մասին է։ Անհավասար պայմաններ են ստեղծվել նաեւ հանրային հեռարձակողի (Հանրային հեռուստաընկերության) հետ, որը ֆինանսավորվում է պետբյուջեից, բայց նաեւ գովազդ հեռարձակելու իրավունք է ստացել 2020 թվականից։

Հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման տեսալսողական ծրագրերում գովազդային մուտքերի ծավալները վերջին 5 տարիներին՝

Տարեթիվ

Գովազդը կազմել է (մլն դրամ)

Որից՝ շահումով խաղերը (մլն դրամ)

%

2020

7,654

716

9,4

2021

9,914

1,115

11,2

2022

9,609

371

3,8

2023

9,874

չկա

(«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված)

2024

8,575

չկա

(«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների հետ կապված)

Տվյալները՝ ՀՌՀ-ի

«5-րդ ալիք» հեռուստաընկերության ղեկավար Հարություն Հարությունյանն ասում է՝ հանրային հեռարձակողին գովազդի հեռարձակման իրավունք տալով՝ խեղճացրին մասնավոր հեռուստաընկերություններին, հատկապես, որ Հանրային հեռուստաընկերությունը դեմպինգ է անում՝ շուկայականից ցածր գին եւ միանգամից երեք ալիքով («Առաջին ալիք», «Առաջինի լրատվական ալիք» եւ «Շողակաթ») գովազդ տեղադրելու առաջարկ անում։

Նա մատնանշում է նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որով մասնավոր ընկերություններին պարտավորեցրին բոլոր թեկնածուներին անվճար մեկ րոպե տալ քաղաքական գովազդի համար։ Մինչդեռ ընտրությունները TV-ների համար գումար աշխատելու լավ հնարավորություն են։ «Երեւանի ավագանու վերջին ընտրություններին «5-րդ ալիքը» 8 մլն դրամ է կորցրել Ընտրական օրենսգրքի այդ պահանջի հետեւանքով։ Ամեն ինչ անում են, որ TV-ն չապրի, 7 տարի իշխանություններն ամեն ինչ արել են մեդիայի դեմ»,- ասում է հեռուստաընկերության գործադիր տնօրենը։

Նվազող գովազդային եկամուտների պայմաններում հեռուստաընկերությունների ամենամեծ ֆինանսական բեռը թվային հաղորդիչ ցանցի սպասարկման վճարն է, որը մայրաքաղաքում սփռողների համար ամսական 1,5 մլն դրամ է, հանրապետական սփռում ունեցողների համար՝ ամսական 6 մլն դրամ։ «Սա չափազանց մեծ եւ չարդարացված ծախս է, որովհետեւ հեռարձակումը թվային է եւ անալոգայինի պես ծախսեր չի պահանջում»,- ասում է Հարությունյանը։

Բուքմեյքերական Vbet ընկերությանը փոխկապակցված «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ի «Ֆասթսպորտս» հեռուստաալիքի մուտքով մասնավոր հեռուստաընկերությունները զրկվել են նաեւ ֆուտբոլից գումար աշխատելու հնարավորությունից, քանի որ «Ֆասթ»-ը մեծ գումարներով գնել է ֆուտբոլային խաղերը ցուցադրելու իրավունքը։

Կարգավորող մարմինը՝ ՀՌՀ-ն, այս մարտահրավերների վրա հրավիրել է նաեւ ԱԺ-ի ուշադրությունը։ «ԱԺ-ն ՀՌՀ-ի հետ չի քննարկում ոչ մի օրենսդրական նախագիծ»,- ասում է «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը բուքմեյքերների գովազդի արգելքը միանգամայն արդարացված է համարում։ «Տարեկան կտրվածքով, եթե հավատանք լրատվամիջոցների ներկայացրած տվյալներին, բուքմեյքերների գովազդային շուկան ամենաշատը կազմում էր մինչեւ 200 մլն դրամ։ Էլ չեմ ասում մարզական ֆեդերացիաներինը, որոնց միջոցով կազմակերպվում էին խաղերը, խաղադրույքները, դա 100 մլն-ը չէր անցնում։ Էդ ի՞նչ գումար էր, որ մի ամբողջ ժողովուրդ խաղամոլ էր դառնում։ Այդ իմաստով շատ ճիշտ որոշում էր»,- ասում է նա։

Քաղաքական գովազդի պարտադրանքի առնչությամբ Սիսակ Գաբրիելյանն ընդգծում է, որ այդ փոփոխությունից գալիք՝ 2026-ի ընտրություններին կօգտվեն ԱԺ-ում չներկայացված կուսակցությունները։ «Թեեւ հասկանում եմ, որ ընտրությունները մեդիայի համար գումար աշխատելու միջոց են, բայց մեծ բան չէ՝ մեկական րոպե հատկացնել յուրաքանչյուր կուսակցության, դա արվում է ժողովրդավարության եւ բազմակարծության համար։ Պետք է նժարի վրա դնել այդ մի քանի դրամը, որից հեռուստաընկերությունը զրկվեց, եւ մի նորաստեղծ կուսակցություն, որը չունի ռեսուրս գովազդի համար։ Մեր ընդունած օրենքով կուսակցությունները երաշխավորված են ազատորեն քաղաքական գովազդ տալու»,- ասում է ԱԺ պատգամավորը։ Միաժամանակ փաստում է, որ գովազդային շուկայում գումարն, ընդհանուր առմամբ, շատ է նվազել, քանի որ գովազդային շուկան տեղափոխվել է համացանց, սոցիալական հարթակներ։

Նա ընդունում է, որ դասական հեռուստատեսությունն ու ռադիոն այսօր ամենաանարդար վիճակում են, որովհետեւ ցանկացած կարգավորում, որը հանգեցնում է սահմանափակումների, տարածվում է նրանց վրա։ «Համացանցում, օրինակ, բլոգերները բուքմեյքերների քողարկված գովազդ են անում, եւ որեւէ իրավական հետեւանք չի առաջանում, բայց հեռուստառադիոընկերությունները անգամ քաղարկված չեն կարող անել։ Քրեական ենթամշակույթը արգելելու արդյունքում այդ բովանդակությունը դուրս եկավ հեռուստադաշտից, տեղափոխվեց համացանց, բայց համացանցը կարգավորելու համար հանրային պահանջ պետք է լինի, կա, բայց այդ ծավալի չի, որ Կառավարությունը քայլեր ձեռնարկի»,- ասում է պատգամավորը։

Հանրային հեռարձակողին գովազդ հեռարձակելու իրավունք տալու վերաբերյալ քննադատությունները, նրա կարծիքով, գուցե արդարացի են, բայցեւ նշում է, որ, ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների, Հանրայինը գովազդի հեռարձակման սահմանափակումներ ունի։

Կարծում է՝ նորաստեղծ Ինդուստրիալ կոմիտեն կկարգավորի այս հարցը եւ գովազդը մասնավոր հեռուստառադիոընկերություններում կտեղադրվի բացառապես իրենց ընտրած կազմակերպության չափորոշիչների հիման վրա, իսկ չափման գործընթացը կվերահսկվի հենց իրենց կողմից։

Նոր չափողը կնպաստի՞ հեռուստաշուկայի առողջացմանը

ԻԿ-ի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը հույս ունի, որ անաչառ չափումները կնպաստեն հեռուստաշուկայի առողջացմանը։ Հնդկական ընկերությունը չափումները կիրականացնի Indi Meter սարքերի միջոցով, որոնք Wi-Fi կամ SIM կապով կփոխանցեն դիտման տվյալները։ «Տվյալները կվերլուծվեն Inditronics-ի սեփական տեխնոլոգիաներով, այդ թվում՝ ձայնային նույնականացում (audio fingerprinting), տեսապատկերների ճանաչում (object recognition) և AI/ML վերլուծություն։ Պայմանագրով նախատեսվում է իրականացնել չափումներ 400 տնային տնտեսություններում։ Այս աշխատանքները կիրականացվեն տեղական հետազոտական ընկերության ներգրավմամբ, որի անունը դեռ չի հրապարակվում։ Տեխնիկական առաջադրանքով սահմանված է, որ չափման շրջանակներում ընդգրկվելու են 4 և բարձր տարիքային խմբերը (4+)»,- «Հետքի» հարցմանը պատասխանել է Մարգարիտա Գրիգորյանը:

Չափումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության 10 խոշոր քաղաքներում։ Inditronics Media Private Limited ընկերությունն ունի նաեւ ռադիոեթերի, YouTube-ի և OTT հարթակների չափման հնարավորություն։ Սակայն այս փուլում Կոմիտեի անդամներն ընտրել են միայն հեռուստաեթերի չափումը։