Պետության մասնակցությունը լրատվամիջոցներում
Հայաստանում Կառավարությունը ուղղակի ձեւով մասնակցություն ունի մեդիայում։ Փակ բաժնետիրական ընկերությունների ձևով այն հիմնադիր է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում (նախկինում՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերում եւս) եւ Հանրային հեռարձակողների պարագայում։ Այս լրատվամիջոցները պետական բյուջեից են ֆինանսավորում ստանում։
Պետական մամուլի ֆինանսավորում
Պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորում է ստանում նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը՝ ՀՀ ազգային մասնաճյուղի ամենամյա ծրագրերի իրականացման համար, ուղիղ դրամաշնորհ ընթացակարգով։ Այն հեռարձակվում է ռուսերենով։
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 9-ին` նպատակ ունենալով լուսաբանել ԱՊՀ երկրների քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, ստեղծել ընդհանուր տեղեկատվական տարածք և խթանել տեղեկատվության միջազգային փոխանակմանը: Հայաստանի Հանրապետությունը ընկերության համահիմնադիր և բաժնետեր երկրներից մեկն է:
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը գործում է ««Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության անարգել և ինքնուրույն իրականացման միջազգային-իրավական երաշխիքների մասին» միջազգային համաձայնագրի հիման վրա։
Հեռուստառադիոընկերության կազմում են՝ «ՄԻՐ» (լսարանի ընդհանուր ծածկույթը՝ավելի քան 180 միլիոն մարդ) և «ՄԻՐ 24» (լսարան՝ ավելի քան 80 միլիոն մարդ) հեռուստաալիքները, «ՄԻՐ» ռադիոն (լսարան՝ ավելի քան 47,3 միլիոն մարդ), www.mir24.tv տեղեկատվական հարթակը և «МИР-Телепорт» արբանյակային բազմաֆունկցիոնալ համակարգը:
Հայաստանի Հանրապետության տարածքում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության կոնտենտը հեռարձակվում է․
- հանրային մուլտիպլեքսում՝ «ՄԻՐ» հեռուստաալիք,
- կաբելային օպերատորների ցանցերում՝ «ՄԻՐ 24» հեռուստաալիք,
- 93․7 ՖՄ հաճախանությամբ՝ «ՄԻՐ» ռադիո։
2020-2024թթ. «Միր»-ը ՀՀ պետական բյուջեից ստացել է՝
«Արմենպրես»
Կառավարության 2021թ. որոշման համաձայն՝ «Արմենպրես» ՓԲԸ-ի հիմնադրի լիազոր ներկայացուցիչներն են՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը (50%-ի չափով), ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը (25%-ի չափով) և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը (25%-ի չափով):
«Արմենպրեսի» տնօրենն ընտրվում է մրցույթով, հաղթած թեկնածուն նշանակվում է հիմնադրի լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի նիստում։
«Արմենպրեսը» ամենահին հայկական գործակալությունն է, հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Սովետական իշխանության տարիներին կոչվել է տարբեր անուններով, «Արմենպրես» է վերանվանվել 1972թ.: Ներկայում փակ բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը։
«Արմենպրեսը» թողարկում է հանրապետական, միջազգային, տնտեսական, տարածաշրջանային, ընդհանրական լուրեր, վերլուծություններ, ֆոտոլրատվություն 10 լեզուներով։ Գործակալությունն ունի հարուստ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի ավելի քան հարյուր տարվա պատմությունն են ներկայացնում:
2000-ականներին ինտերնետային մեդիայի զարգացմանը զուգահեռ գործակալությունը լուրերի ժապավենների թողարկմանը զուգահեռ զարգացրեց իր ինտերնետային կայքը, եւ այն ներկայում Հայաստանի հաճախ այցելվող օնլայն լրատվամիջոցների թվում է՝ շնորհիվ նաեւ այն բանի, որ որպես պետական գործակալություն Կառավարության, վարչապետի գործունեության վերաբերյալ բացառիկ լրատվություն հաղորդելու հնարավորություն ունի։ ՀՀ վարչապետը, նախագահը հաճախ բացառիկ հարցազրույցներ են տալիս «Արմենպրես»-ին։
«Արմենպրեսի» ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հատկացումների շրջանակում, որպես ուղիղ դրամաշնորհ։ Այն հատկացվում է երկու ծրագրով՝ «Տեղեկատվության ձեռքբերման, պահպանման և արխիվացման ծառայություններ» եւ «ՀՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովում՝ նաև միջազգային հարթակներում»։ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը) պահանջով «Արմենպրես»-ը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը ներառյալ հրապարակում է նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը:

Որպես բաժնետիրական ընկերություն՝ գործակալությունը զբաղվում է նաև առևտրային գործունեությամբ: Մատուցվող ծառայություններն են՝ լրատվական նյութերի պատրաստումը, հրապարակումը, լուսանկարչական, տեսանկարահանման ծառայությունները, ասուլիսների կազմակերպումը և լուսաբանումը, բաններային գովազդները և այլ լրատվական ծառայություններ:
«Արմենպրեսը» ներկայացված է սոցիալական 6 հարթակում՝ Facebook, YouTube, X, Instagram, TikTok, Telegram, այս հարթակներում նրա համախառն լսարանը կազմում է 306741 հետեւորդ (տվյալները՝ 2025թ. հուլիսի 30-ի դրությամբ)։
«Արմենպրեսի» կայքի օրական այցելությունը 10 հազար է, օրական դիտումների թիվը՝ 27 հազար։ 2025թ. հունվարի 1-ից հուլիսի 29-ը ընդհանուր այցելությունները կազմել են 2.3 միլիոն (աճը՝ 18.7 տոկոս), դիտումները՝ 14 միլիոն (աճը՝ 87.7 տոկոս)։ Տվյալները տրամադրել է գործակալության տնօրինությունը։
Գործակալությունը 2011-2021թթ. ղեկավարել է Արամ Անանյանը, սակայն տնօրենի պաշտոնը թափուր մնաց նրա՝ FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ նշանակվելու կապակցությամբ:
2022թ. մարտի 21-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲ ընկերության տնօրեն է նշանակվել Նարինե Նազարյանը՝ ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի նիստում։
Մասնագիտությամբ հոգեբան Նարինե Նազարյանը մինչ տնօրեն նշանակվելը 17 տարի աշխատել է «Արմենպրես»-ում՝ ավելի քան յոթ տարի զբաղեցնելով ընկերության տնօրենի տեղակալի, իսկ 2011-2021 թվականներին՝ «Արմենպրես»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը: Նարինե Նազարյանը «Արմենպրես»-ի ավելի քան 100-ամյա պատմության մեջ առաջին կին ղեկավարն է:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում 2017-ին ընդգրկվել էին նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։
1992-ի նոյեմբերից, «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է եւ սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ իբրեւ Գերագույն խորհրդի, այնուհետեւ` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնաթերթ, շարունակել է լույս տեսնել մինչեւ 2000-ի վերջը։
2001-ին ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որը հրատարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այդ պահից այն այլեւս չի համարվել ԱԺ պաշտոնաթերթ։ Այդ կարգավիճակով այն սկսել է լույս տեսնել 2001-ի ապրիլի 9-ից։ Իսկ 2017-ից այս երկու թերթերն ընդգրկվել էին «Արմենպրես» ՊՓԲԸ-ի կազմում։
Այս թերթերը պետական բյուջեից ֆինանսավորվելով՝ նաեւ գովազդային եկամտի հնարավորություն ունեին։ Դա հավելյալ եկամուտ էր ապահովում թերթի համար։
Մասնավոր տպագիր թերթերը տարիներ շարունակ բողոքում էին՝ ասելով, որ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծված մասնավոր եւ պաշտոնական թերթերի համար, պաշտոնական մամուլն առանց այդ էլ ֆինանսական աջակցություն էր ստանում բյուջեից, բացի դրանից՝ չունենալով գոյության խնդիր, դեմպինգային քաղաքականություն էր վարում եւ ցածր սակագին սահմանում գովազդի համար՝ այդպիսով մասնավոր թերթերից տանելով նաեւ պոտենցիալ գովազդատուներին։
Սակայն վերջին տասնամյակում՝ թվային մեդիայի զարգացմամբ պայմանավորված, այս թերթերն իրենց դերն ու կշիռը կորցրեցին։
33 տարի հրատարկվելուց հետո ՀՀ Կառավարությունը որոշեց «ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով» 2023թ. հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը՝ ելնելով թերթերի՝ 2022-ի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկից։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունների ֆինանսական ռեսուրսներն ուղղվել են «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը արդիականացնելուն, մասնավորապես՝ պարսկերենով, վրացերենով եւ չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով։
Հանրային հեռարձակման համակարգը
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային հեռարձակողը սահմանված է որպես Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակող։
Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է: Թեեւ Խորհրդի անդամներն ընտրվում են մրցութային կարգով, նրանց նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով:
Հանրային Հեռարձակողի ֆինանսավորման կարգը սահմանված է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 29-րդ հոդվածով։ Ըստ այդմ՝ Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում և Ֆինանսների նախարարություն է ներկայացնում Հանրային հեռարձակողների առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը։ Այն պետական բյուջեի նախագծի շրջանակում քննարկվում եւ ընդունվում է Ազգային ժողովի կողմից։ Կարեւոր երաշխիք է այն, որ Հանրային հեռարձակողների ֆինանսավորումը չի կարող պակաս լինել նախորդ տարվա բյուջետային ֆինանսավորման չափից։
Պետության աջակցությունը մասնավոր մամուլին
Պետությունը աջակցություն է ցուցաբերում նաեւ ոչ պետական լրատվամիջոցներին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը լրատվամիջոցներին աջակցության հատուկ բյուջե ունի։

ԿԳՄՍՆ-ն 2008 թվականից նախատեսել է «Ոչ պետական մամուլի հրատարակում» միջոցառումը, որը գործում է երեք ուղղությամբ՝
- Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր պարբերականներ
- Գրական տպագիր եւ էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)
- Մշակութային տպագիր եւ էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)։
Նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, ստանում մասնակցության հայտեր, տրամադրում ֆինանսավորում՝ մասնագիտական խորհրդի որոշման հիման վրա:
Մրցույթի արդյունքում աջակցություն ստացած նախագծերի ցանկը հրապարակվում է նախարարության էջում։
Աջակցություն միջպետական հեռարձակմանը. «Միր» հեռուստառադիոընկերություն
Պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորում է ստանում նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը՝ ՀՀ ազգային մասնաճյուղի ամենամյա ծրագրերի իրականացման համար, ուղիղ դրամաշնորհ ընթացակարգով։ Այն հեռարձակվում է ռուսերենով։
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը ստեղծվել է 1992թ. հոկտեմբերի 9-ին` նպատակ ունենալով լուսաբանել ԱՊՀ երկրների քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը, ստեղծել ընդհանուր տեղեկատվական տարածք և խթանել տեղեկատվության միջազգային փոխանակմանը: Հայաստանի Հանրապետությունը ընկերության համահիմնադիր և բաժնետեր երկրներից մեկն է:
«Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը գործում է ««Միր» միջպետական հեռուստառադիոընկերության գործունեության անարգել և ինքնուրույն իրականացման միջազգային-իրավական երաշխիքների մասին» միջազգային համաձայնագրի հիման վրա։

Հեռուստառադիոընկերության կազմում են՝ «ՄԻՐ» (լսարանի ընդհանուր ծածկույթը՝ավելի քան 180 միլիոն մարդ) և «ՄԻՐ 24» (լսարան՝ ավելի քան 80 միլիոն մարդ) հեռուստաալիքները, «ՄԻՐ» ռադիոն (լսարան՝ ավելի քան 47,3 միլիոն մարդ), www.mir24.tv տեղեկատվական հարթակը և «МИР-Телепорт» արբանյակային բազմաֆունկցիոնալ համակարգը:
Հայաստանի Հանրապետության տարածքում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության կոնտենտը հեռարձակվում է․
- հանրային մուլտիպլեքսում՝ «ՄԻՐ» հեռուստաալիք,
- կաբելային օպերատորների ցանցերում՝ «ՄԻՐ 24» հեռուստաալիք,
- 93․7 ՖՄ հաճախանությամբ՝ «ՄԻՐ» ռադիո։
2020-2024թթ. «Միր»-ը ՀՀ պետական բյուջեից ստացել է՝
Աջակցություն սփյուռքի մեդիային
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը եւս լրատվամիջոցներին աջակցության հատուկ բյուջե ունի:
Վերջին հինգ տարիներին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ընդհանուր առմամբ 56.5 մլն դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել լրատվամիջոցներին՝ 2020-2023թթ.`յուրաքանչյուր տարի 10 մլն դրամ, իսկ 2024թ.` 16,5 մլն դրամ։ Հանձնակատարի գրասենյակը չմանրամասնեց, թե ինչ մեխանիզմով է բաշխվում գումարը, որ լրատվամիջոցներն են օգտվել աջակցության ծրագրից՝ պատճառաբանելով, թե այդ տեղեկությունը խորհրդապահական է, եւ Հանձնակատարի գրասենյակի ու աջակցություն ստացած լրատվամիջոցների միջեւ կնքված պայմանագրերում այն չհրապարակելու դրույթ կա։ Միայն նշեցին, որ ֆինանսական աջակցություն ստանում են սփյուռքի հայկական լրատվամիջոցները եւ օտարերկրյա լրատվամիջոցներ՝ հայկական օրակարգը դրսում ներկայացելու, Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։
Աջակցություն մասնավոր հեռուստաընկերություններին
2025թ. ապրիլի 17-ին Կառավարությունը որոշեց ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելու համար:
«Նպատակն է ստեղծել կրթական, գիտական, մշակութային, սպորտային և սոցիալական բովանդակություն, որը կա՛մ առհասարակ չի կարողանում գեներացնել եկամուտ կոմերցիոն գործիքներով, կա՛մ դա շատ բարդ է իրականացնել»,- Կառավարության նիստում ասել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ ներկայում խնդիր է առաջացել պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից, ատելության խոսքից, արտաքին ազդեցություններից և կեղծ օրակարգերից, ուստի որոշել են նման հիմնադրամ ստեղծել։
Թեեւ կառավարությունը վստահեցնում է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակողներին գումար տրամադրելիս խմբագրական քաղաքականության նկատմամբ միջամտության փորձեր չեն լինի, սակայն առայժմ պարզ չէ, թե որքան է լինելու հիմնադրամի բյուջեն, ինչ ընթացակարգով ու պայմաններով են բաշխվելու այդ միջոցները: Լրագրողական կազմակերպությունները քննադատեցին այս հիմնադրամի ստեղծման որոշումը՝ նշելով. «Մենք կարևորում ենք հանրօգուտ բովանդակության լայն տարածմանը նպաստելու և այդ նպատակով աջակցություն տրամադրելու պետության պատրաստակամությունը, հատկապես ԱՄՆ միջազգային աջակցության կտրուկ նվազեցման պայմաններում, սակայն հաշվի առնելով նաև լսարանի սպառողական կողմնորոշումներում տեղի ունեցող փոփոխությունները՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին»։
Հիմնադրամի կառուցվածքը եւ կառավարումը
Հիմնադրամի գործադիր մարմնի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վահագն Թևոսյանը, որը 2018-2021թթ. եղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 2021-2025թթ.` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Հիմնադրամի կառավարման մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է՝ 7 անդամներով, որտեղ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Նրանցից 3-ին առաջադրում է վարչապետը, մեկական թեկնածու առաջադրում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ԿԳՄՍ նախարարությունները, մեկական թեկնածու էլ՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Խորհրդի վերջնական կազմը հաստատում է վարչապետը: Այն արդեն ձեւավորված է։ Այսպիսով, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի Հոգաբաձուների խորհրդի կազմում են՝
- Մխիթար Հայրապետյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
- Սիսակ Գաբրիելյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի,
- սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական
- հանձնաժողովի նախագահ
- Տիգրան Հակոբյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
- Դանիել Դանիելյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- Լիլյա Աֆրիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ
- Արմեն Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
- Անժելա Կժդրյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս
Ներկայում մշակվում է հիմնադրամի տնօրենի ընտրության ընթացակարգը, որից հետո մրցույթով տնօրեն կընտրվի եւ կձեւավորվի աշխատակազմը։ Միայն դրանից հետո հայտնի կդառնա հիմնադրամի բյուջեն։ Այս պահին հիմնադրամը ֆինանսավորում չունի։
Գործառույթների շրջանակը եւ սահմանափակումները
Հանրօգուտ բովանդակության ստեղծման համար դրամաշնորհային մրցույթին մասնակցելու իրավունք կունենան հանրային մուլտիպլեքսով հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները, այսինքն՝ միայն մասնավոր հեռուստաընկերությունները։
Նույն մուլտիպլեքսով հեռարձակվող Հանրային հեռուստաընկերությունը եւ օտարերկրյա հեռուստաալիքները չեն կարող մասնակցել դրամաշնորհային մրցույթին, քանի որ առաջինը սլոթ է զբաղեցնում ոչ թե լիցենզիայով, այլ օրենքի ուժով, իսկ երկրորդը՝ միջպետական պայմանագրով։
Աժ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ 2026-ի պետական բյուջեով, նախնական տեղեկություններով, 500 մլն դրամ կհատկացվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին մասնավոր հեռուստաընկերություններին աջակցելու նպատակով։ Նախատեսվում էր, որ միջազգային դոնորները եւս գումար կտան այդ հիմնադրամին, սակայն 2025թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դադարեցնել օտարերկրյա մեդիային աջակցության ծրագրերը, փոխեց ակնկալիքները։

