Լրատվամիջոցների վրա քաղաքական վերահսկողությունը Հայաստանում. ռիսկերի գնահատում

«Մեդիայի սեփականության մոնիտորինգի» (MOM) ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում լրատվամիջոցների քաղաքական վերահսկողության ռիսկը բարձր է։ Լրատվամիջոցների մեծ մասը պատկանում կամ ղեկավարվում է քաղաքական դերակատարների հետ կապված մարդկանց կողմից, որոնք փոխկապակցված են կա՛մ ընդդիմադիր, կա՛մ իշխանական գործիչների հետ։ Այս բացահայտումները, զուգորդված հանրային հեռարձակողի կառավարման կառուցվածքի խոցելիության և իշխող կուսակցությանը նախապատվություն տվող փաստագրված խմբագրական կողմնակալության հետ, ցույց են տալիս լրատվամիջոցների համակարգային քաղաքականացումը։

Հայաստանի լրատվական դաշտի քաղաքականացումը

«Մեդիայի սեփականության մոնիտորինգի» թիմի տվյալների բազայի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեդիան Հայաստանում հիմնականում պատկանում կամ ղեկավարվում է քաղաքականապես ակտիվ անհատների կողմից։ Լրատվամիջոցների մեծ մասը փոխկապակցված է քաղաքական ուժերի հետ՝ կամ իշխանության, կամ ընդդիմության։ Օրինակ՝ տվյալների մեր շտեմարանում ներառված բազմաթիվ լրատվամիջոցներ ակնհայտ կապեր ունեն պետական պաշտոնյաների, իշխող կուսակցության կառույցների և ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ սեփականության կառուցվածքով, որն արտացոլում է ոչ թե խմբագրական, այլ քաղաքական տրամաբանություն։Երբ լրատվամիջոցների մեծ մասը քաղաքական սեփականություն է, մեդիայի բազմակարծությունը դառնում է խաբուսիկ։ Բազմաթիվ լրատվամիջոցներ ներկայացնում են տարբեր քաղաքական խմբեր, այլ ոչ թե բազմազան լրագրողական տեսակետներ։ Մեդիասպառողները հանդիպում են տարբեր քաղաքական ճամբարների ուղերձներին, այլ ոչ թե մրցակցող խմբագրական տեսակետների։ Հեռուստադիտողը, որն ընտրություն է կատարում իշխանության կամ ընդդիմության տեսակետները փոխանցող լրատվամիջոցների միջև, ստանում է մրցակցող քաղաքական պատմություններ, այլ ոչ թե լրագրողական։

Այս քաղաքականացումը միայն սեփականությանը չի վերաբերում։ Խողովակները, որոնցով բովանդակությունը հասնում է սպառողին, որոշ դեպքերում նույնպես վերահսկվում են քաղաքականապես ակտիվ դերակատարների կողմից։ «Պրեսս Ստենդը»-ը, որը տպագիր մեդիայի տարածման խոշոր գործակալություն է, պատկանում է Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Սահակյանին։ Թեեւ՝ տպագիր մամուլը ցածր տպաքանակների պատճառով չնչին ազդեցություն ունի հանրային կարծիքի վրա։ Ucom-ը՝ հեռուստատեսային ցանցի խոշոր օպերատոր, կապված է նախկին ֆինանսների նախարար, ներկայում կոռուպցիայի մեջ մեղադրվող Գագիկ Խաչատրյանի հետ։ Սրանք պասիվ ներդրողներ չեն, այլ դերակատարներ, որոնք խորապես ներգրավված են քաղաքական կառույցներում։

Գովազդի վաճառքի ենթակառուցվածքում է՛լ ավելի ուղղակի քաղաքական կապեր կան։ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս» սեյլս հաուսը գերիշխում էր գովազդային շուկայում՝ վերահսկելով գովազդային եկամուտների 46%-ը և ունենալով հինգ խոշոր ալիքների գովազդի վաճառք բացառիկ իրավունք՝ «Արմենիա Թի Վի», «Ա Թի Վի», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա», «Շանթ»։ Զեկույցների եւ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս»-ի իրական շահառուն կամ վերահսկողը այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի փեսան էր՝ Միքայել Մինասյանը, իսկ նրա մերձավոր շրջապատի անդամները զբաղեցնում էին առանցքային գործադիր պաշտոններ։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Մինասյանին մեղադրանքներ առաջադրվեցին բազմաթիվ մեդիա ընկերություններ ֆինանսավորելու եւ կառավարելու վերաբերյալ, սակայն այդ գործը դեռ դատարան չի ուղարկվել։ Հեղափոխությունից հետո հիմնադրվեց «Մեդիահաուս Արմենիա»-ն՝ որպես երկրորդ սեյլս հաուս՝ «Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս»-ի մենաշնորհը հավասարակշռելու համար։ Սակայն «Մեդիահաուս Արմենիա»-ն 50%-ով պատկանում է Հանրային հեռուստաընկերությանը (պետական սեփականություն), և 2020 թվականից ի վեր դրա ֆինանսական տնօրենն է Արման Հարությունյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը, որը Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Սա ուղիղ կապ է ստեղծում պետական մեդիայի, կառավարության հետ կապված ընտանեկան ցանցի, իշխող կուսակցության անդամության և գովազդային ռեսուրսների վերահսկման միջև։

Նույնիսկ անկախ սեփականություն հանդիսացող լրատվամիջոցները սահմանափակ ընտրության առջև են կանգնում, երբ գովազդային ենթակառուցվածքը վերահսկվում է նախկին կառավարության ինսայդերների («Մեդիա Ինթերնեշնլ Սերվիս») և ներկայիս իշխող կուսակցության անդամների («Մեդիահաուս Արմենիայի») կողմից։ Կառավարությանը քննադատող լրատվամիջոցը չի կարող գովազդային մուտքեր ակնկալել այլընտրանքային աղբյուրներից, եթե գովազդի վաճառքը վերահսկվում է այս երկու սեյլս հաուսների կողմից, որոնցից մեկը կապված է նախկին նախագահի փեսայի հետ, մյուսն ուղղակիորեն պատկանում է պետական լրատվամիջոցին՝ իշխող կուսակցության ընտանեկան կապերով։ Գովազդային եկամուտ փնտրող լրատվամիջոցը պետք է կողմնորոշվի բացահայտ քաղաքական կապեր ունեցող ենթակառուցվածքի օպերատորների միջև։ Քաղաքական ազդեցությունը գործում է նաեւ ենթակառուցվածքի վերահսկողության միջոցով, ոչ միայն սեփականության։

Հանրային հեռարձակողի գերիշխող դիրքն ուժեղացնում է այս խոցելիությունը։ Հանրային հեռարձակողը վերահսկում է հեռուստատեսային շուկայի 60.6%-ը և ռադիոշուկայի 56.1%-ը. սա նշանակում է, որ հայաստանցիների մեծ մասը հեռուստատեսային նորությունները ստանում է մեկ՝ պետական ֆինանսավորմամբ աղբյուրից։ Դրա կառավարման կառուցվածքը կենտրոնացնում է վերահսկողությունը գործադիր իշխանության ձեռքում. Խորհուրդն ամբողջությամբ նշանակվում է վարչապետի կողմից՝ առանց ընդդիմության մասնակցության։ Սա նշանակում է, որ գերիշխող հեռարձակողի վրա վերահսկողությունն իրականացվում է մեկ քաղաքական որոշում կայացնողի միջոցով։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ հեռարձակողի խմբագրական որոշումներում քաղաքական մեկնաբանություններին հատկացված եթերաժամի մեծ մասում անհամաչափորեն ներկայացվում են իշխող կուսակցության գործիչները և կառավարության դիրքորոշումները։ Սա ոչ թե պատահական կողմնակալություն է, այլ համակարգված խմբագրական օրինաչափություն։ Եթե քաղաքացին հիմնականում հենվում է Հանրային հեռուստատեսության վրա՝ որպես նորությունների աղբյուրի, ապա նրանք համակարգված կերպով ավելի շատ են հանդիպում իշխող կուսակցության ներկայացուցիչներին և Կառավարության նարատիվներին, քան ընդդիմության ձայներին կամ քննադատական վերլուծությանը։ Երբ գերիշխող տեղեկատվական աղբյուրը, վերահսկելով շուկայի 60%+ մասնաբաժինը, համակարգված կերպով նախապատվություն է տալիս իշխող կուսակցության թեզերին, ապա գոյություն ունեն կառուցվածքային պայմաններ, որոնք քաղաքացիների տեղեկատվական սնունդը համակարգված կերպով շեղում են Կառավարության նարատիվների կողմը։

Քաղաքական սեփականության արգելքները վերաբերում են միայն տեսալսողական հեռարձակմանը։ Տպագիր և առցանց լրատվամիջոցները քաղաքական սեփականության վերաբերյալ իրավական սահմանափակումներ չունեն։ Տվյալների մեր շտեմարանում ներառված են բազմաթիվ քաղաքականապես փոխկապակցված թերթեր և լրատվական կայքեր, որոնք գործում են առանց իրավական արգելքի։ Հեռարձակման իրավունքից զրկված քաղաքական դերակատարները կարող են լրատվական կայքեր կամ թերթեր հիմնել օրենսդրության շրջանակներում։ Ոլորտի այս բացը հնարավորություն է տալիս քաղաքական սեփականությունը տեղափոխել չկարգավորվող ոլորտներ, ինչը խաթարում է սեփականության սահմանափակումների նպատակը։

Բացի սեփականությունից և ենթակառուցվածքից, պետական գովազդի բաշխումը լրատվամիջոցների միջեւ տեղի է ունենում առանց թափանցիկ չափանիշների, մոնիտորինգի կամ վերահսկողության։ Իրավական վերլուծությունը հաստատում է. «Պետական գովազդի հասկացությունը տեսալսողական մեդիայի օրենսդրությամբ չի սահմանվում։ Գովազդի բաշխումը եւս սահմանված չէ, չկա մոնիտորինգի որեւէ մեխանիզմ»։ Այս հանգամանքը ֆինանսական խթան կարող է լինել լրատվամիջոցների համար՝ լուսաբանումը քաղաքական շահերին համապատասխանեցնելու և խմբագրական անկախության վրա քաղաքական ճնշում գործադրելու լծակներ ստեղծելու համար։

Վերը թվարկված հինգ մեխանիզմները փոխազդում են՝ համակարգային քաղաքական վերահսկողություն հաստատելով։ Քաղաքականապես փոխկապակցված լրատվամիջոցների մեծ մասը սահմանափակված է քաղաքականապես վերահսկվող ենթակառուցվածքով։ Այս համակարգում գերակա դիրք ունի հանրային հեռարձակողը՝ իշխող կուսակցության հանդեպ փաստագրված կողմնակալությամբ, իսկ քաղաքական կողմնորոշմամբ լրատվամիջոցները ծաղկում են չկարգավորվող տպագիր և առցանց մամուլի ոլորտներում։ Պետական գովազդի հատկացման գործընթացում նախապատվություն կարող է տրվել կառավարության հետ բարենպաստ հարաբերություններ ունեցող լրատվամիջոցներին։ Քաղաքական վերահսկողությունը գործում է բազմաթիվ միաժամանակյա մեխանիզմների միջոցով։ Արդյունքում՝ ձեւավորվել է մի լրատվական դաշտ, որը թվում է բազմակարծ՝ բազմաթիվ լրատվամիջոցներ, բազմազան ձայներ, բայց գործում է որպես քաղաքականացված էկոհամակարգ, որտեղ լրատվամիջոցներն իրենք են մրցակցության հարթակներ, որոնց միջոցով տարբեր քաղաքական ուժեր առաջ են մղում իրենց շահերը։

Ռիսկերի գնահատում. ԲԱՐՁՐ ՌԻՍԿ

Լրատվամիջոցների վրա քաղաքական վերահսկողության գնահատականը բարձր ռիսկային է բոլոր երեք ցուցիչներով.

  • D.8՝ քաղաքական վերահսկողություն լրատվամիջոցների վրա - ռիսկը բարձր է գնահատվում, քանի որ տվյալների բազան արտացոլում է քաղաքական կապերը ուսումնասիրված լրատվամիջոցների մեծ մասի դեպքում, և իրավական բացերը հնարավորություն են տալիս քաղաքական սեփականությունը տեղափոխել մեդիայի չկարգավորվող ոլորտներ։
  • D.9՝ քաղաքական վերահսկողություն ենթակառուցվածքների վրա - ռիսկը բարձր է գնահատվում, քանի որ ենթակառուցվածքները կենտրոնացած են քաղաքական փոխկապակցվածություն ունեցող դերակատարների շուրջ, ինչը հնարավորություն է տալիս քաղաքական լծակներ ունենալ մեդիայի հասանելիության և տարածման վրա։
  • D.10՝ պետական վերահսկողություն մեդիա ռեսուրսների վրա - ռիսկը բարձր է գնահատվում, քանի որ հանրային հեռարձակողի քաղաքական նշանակումը զուգորդվում է փաստագրված խմբագրական կողմնակալության հետ, իսկ պետական գովազդի հատկացման մեխանիզմներն անհայտ են և անվերահսկելի։

Այս ռիսկերը չեզոքացնելու համար անհրաժեշտ է՝

  • Քաղաքական սեփականության սահմանափակումներ կիրառել մեդիայի բոլոր ոլորտների վրա։
  • Ենթակառուցվածքներին հասանելիությունը դարձնել թափանցիկ և վերահսկման մեխանիզմներ ստեղծել։
  • Ապահովել հանրային հեռարձակողի կառավարման անկախությունը քաղաքական նշանակումներից։
  • Ստեղծել պետական գովազդի բաշխման թափանցիկ մեխանիզմներ։