Մեդիա
Հայաստանը համարվում է ազատ երկիր խոսքի եւ մամուլի ազատության տեսանկյունից։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության (RSF) գնահատականով՝ 2025 թվականին Հայաստանը 9 հորիզոնականով առաջընթաց է գրանցել ազատության ինդեքսում և 2024-ի 43-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցրել է 34-րդը։
Հայաստանում կան ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային/պետական լրատվամիջոցներ։
Հայաստանում մեդիայի հիմնական խնդիրը խիստ բեւեռացվածությունն է, որն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Լրատվամիջոցների մի մասը հարում է գործող իշխանությանը, մյուս մասը շարունակում է գործել նախկին իշխանությունների, քաղաքական ուժերի եւ օլիգարխների հովանու ներքո։ Այդ պատճառով շատ լրատվամիջոցներ խմբագրական քաղաքականության անկախությունը ստորադասում են քաղաքական կամ տնտեսական շահերին։
«Միայն մի քանի լրատվամիջոցներ են ցուցաբերում իրական խմբագրական անկախություն։ Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած անձանց կամ ազդեցիկ հասարակական գործիչների թիմակիցների կողմից։ Պետական լրատվամիջոցներն էլ ձեռնպահ են մնում կառավարությանն ուղղված որևէ քննադատությունից»,- ասվում է RSF-ի զեկույցում։
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ առկա վիճակի պատճառներից մեկն էլ լրատվամիջոցների ֆինանսական անկախության բացակայությունն է։ Գովազդի շուկան այնքան էլ զարգացած չէ, իսկ վճարովի բաժանորդագրության մոդելը դեռեւս շատ քիչ լրատվամիջոցներ են կիրառում։
«Մեդիայի սեփականության մոնիտորինգ Հայաստան» նախագծի շրջանակում ուսումնասիրվել է 42 լրատվամիջոց՝ ընդգրկելով 39 ընկերություն և 48 անհատ սեփականատեր։ Տվյալները հավաքվել են 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հոկտեմբեր։ Այս համապարփակ ուսումնասիրության մեջ վերլուծվել է 8 պարբերական, 9 ռադիոկայան, 10 հեռուստաընկերություն և 15 առցանց լրատվամիջոց՝ Հայաստանում մեդիա դաշտի բոլոր հիմնական հարթակներում ամենաազդեցիկ լրատվամիջոցները։
Այստեղ ներկայացվում են այն լրատվամիջոցները, որոնք առավելագույն ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա Հայաստանում։ Տվյալների շտեմարանը տալիս է յուրաքանչյուր լրատվամիջոցի, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների և սեփականատերերի կամ վերահսկող անձանց բնութագրերը։

