Առցանց լրատվամիջոցներ

Առցանց լրատվամիջոցներից ամենաազդեցիկն ընտրելը բարդ է ցանկացած երկրում, հատկապես, երբ ամբողջական տվյալներ չկան լսարանի վերաբերյալ։ Հայաստանում չկան կազմակերպություններ կամ գործիքներ, որոնք չափում են առցանց լրատվամիջոցների լսարանը, իսկ լրատվամիջոցների մեծ մասը նման տվյալներ չի հրապարակում։ Անկախ չափումների բացակայությունը ստիպեց «Մեդիայի սեփականության մոնիտորինգ» ծրագրի թիմին մշակել այլընտրանքային ընտրության չափանիշներ։ Գլխավոր չափանիշը դարձավ հետևորդների ընդհանուր թիվը յոթ սոցիալական հարթակում՝ Facebook, Instagram, YouTube, X, LinkedIn, Telegram և TikTok, որը կիրառվեց որպես լսարանի ընդգրկման և ազդեցության ցուցանիշ։

Ըստ «Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ի ստանդարտ մեթոդաբանության՝ յուրաքանչյուր մեդիա ոլորտում ուսումնասիրման համար ընտրվում է ամենամեծ լսարան ունեցող 10 լրատվամիջոց։ Քանի որ Հայաստանում լսարանի մասին հստակ տվյալներ չկան, սոցիալական ցանցերում հետևորդների քանակն օգտագործվեց որպես լսարանի ընդգրկման և ազդեցության հիմնական ցուցանիշ։ Սակայն, հաշվի առնելով, որ սոցիալական մեդիայի թվային ցուցանիշները միշտ չէ, որ ճշգրիտ արտացոլում են ազդեցությունը, հետազոտական թիմը խորհրդակցեց փորձագետներից, փորձառու լրագրողներից և հետազոտողներից կազմված խորհրդատվական խորհրդի հետ։ Քաղաքական կողմնորոշումը ընտրության չափանիշ չէր։ Խորհրդատվական խորհրդի դերն էր բացահայտել այն լրատվամիջոցները, որոնց սեփականության կառուցվածքը, մեդիա շուկայում ազդեցությունը կամ խմբագրական դիրքավորումը կարևոր էին՝ դրանք ուսումնասիրության մեջ ներառելու համար, որպեսզի հետազոտությունը լիարժեք ներկայացնի Հայաստանի մեդիայի սեփականության պատկերը։

«Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ի թիմը նախնական ցուցակ կազմեց՝ ներառելով սոցիալական հարթակներում ամենամեծ լսարան ունեցող 24 առցանց լրատվամիջոց։ Այս ցուցակը քննարկվեց խորհրդատվական խորհրդում, որի առաջարկությամբ լրացվեց մինչև 32 լրատվամիջոց։ Այդ ցանկից ընտրվեցին առաջատար 10 լրատվամիջոցները, որոնց ընդհանուր լսարանն ամենամեծն էր յոթ հարթակներում։

Ընտրության հիմքում նաև խմբագրական չափանիշներն էին՝ ապահովելու թեմատիկ համապատասխանությունը․ լրատվամիջոցները պետք է պարբերաբար հրապարակեն նորություններ և քաղաքական բովանդակություն ու գործեն Հայաստանում։ Հարթակները, որոնք կենտրոնացած էին բացառապես ժամանցային կամ նեղ թեմաների վրա, ինչպես՝ պատահարներ, տուրիզմ կամ խոհանոց, չդիտարկվեցին։ Լսարանի ցուցանիշներով առաջատար տասնյակում էին iravaban.net-ը և A1+-ը։ Սակայն հետազոտական թիմը բացառեց iravaban.net-ը, քանի որ այն հիմնականում կենտրոնանում է իրավական վերլուծությունների, օրենսդրության մեկնաբանության վրա, ոչ թե հասարակական-քաղաքական թեմաների, իսկ A1+-ը շատ սակավ սեփական բովանդակություն ունի և հիմնականում՝ խորհրդանշական ազդեցություն։

Ընտրված մնացած ութ առաջատար լրատվամիջոցին խորհրդատվական խորհրդի առաջարկությամբ ավելացվեց ևս յոթ լրատվամիջոց՝ ապահովելու ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ձայների ներկայացվածությունը, ինչպես նաև մեկ նորաստեղծ լրատվամիջոց, որը խորհուրդը արժանի համարեց ներառելու։ Թեև խորհրդատվական խորհուրդն առաջարկեց ուսումնասիրության մեջ ներառել նաև «Հետք»-ը, հետազոտական թիմը հրաժարվեց այդ առաջարկից՝ էթիկական նկատառումներից և շահերի բախման հավանականությունից ելնելով։

2025 թվականին ուսումնասիրության համար ընտրվեց 15 առցանց լրատվամիջոց։


Առցանց լրատվամիջոցների շտեմարան