Հեռուստատեսություն

2025 թ. դրությամբ, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) տվյալներով, Հայաստանում 28 հեռուստաընկերություն (տեսալսողական ծրագիր) կա։ Դրանցից 21-ն ունի հեռարձակման լիցենզիա՝ 5-ը հանրապետական, 6-ը մայրաքաղաքային եւ 10-ը մարզային սփռման են: Հանրային հեռարձակողների («Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ եւ «Հոգեւոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ) 3 ալիքները («Առաջին ալիք», «Առաջինի լրատվական ալիք» եւ «Շողակաթ») հեռարձակվում են առանց լիցենզիայի, մյուս 4-ը՝ օտարերկրյա/միջպետական հեռուստաընկերությունները՝ միջպետական պայմանագրերի հիման վրա։

Ըստ «Մեդիայի սեփականության մոնիտորինգ»-ի ստանդարտ մեթոդաբանության՝ յուրաքանչյուր մեդիա ոլորտում ուսումնասիրման համար ընտրվում է ամենամեծ լսարան ունեցող 10 լրատվամիջոց։

Հեռուստաընկերությունների ընտրությունը հիմնված է «Ադմոսֆեր» ընկերության կատարած՝ թվային հեռուստատեսության լսարանի հետազոտության 2024 թվականի տվյալների վրա։ Դիտարկվել են ամենամեծ լսարան ունեցող հեռուստածրագրերը։Սակայն, այս տվյալները կիրառվել են միայն ընտրության նպատակով և չեն ներառվել տվյալների բազայում, քանի որ ոլորտում դրանց ճշգրտության շուրջ կասկածներ եւ տարաձայնություններ կան։

Ընտրությունը կատարվել է նաև խմբագրական չափանիշների հիման վրա՝ ապահովելու թեմատիկ համապատասխանությունը․ հեռուստաընկերությունները պետք է հաղորդեն լուրեր և հասարակական-քաղաքական հաղորդումներ և գործեն Հայաստանում։ Հեռուստաընկերությունները, որոնք նախատեսված են նեղ լսարանների համար կամ կենտրոնացած են բացառապես ժամանցային, երաժշտական, սպորտային, մշակութային կամ կրոնական թեմաների վրա, այլ ոչ թե ընդհանուր նորությունների և ընթացիկ իրադարձությունների, չեն դիտարկվել։

Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում վերահեռարձակվող ռուսական ծրագրերը՝ «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» (հանրապետական սփռման) եւ «ՌՈՍԻՅԱ-Կ», «ԱՌԱՋԻՆ  ԱԼԻՔ.  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» (մայրաքաղաքային սփռման) ռուսաստանյան հեռուստաալիքները և միջպետական Mir ծրագիրը, որոնք Հայաստանի լսարանի համար հատուկ բովանդակություն չեն արտադրում, եւս չեն դիտարկվել։

Խորհրդատվական խմբի դիտարկումները հաշվի առնելով՝ որպես տասներորդ հեռուստաալիք ընտրվել է «Հ2»-ը։ Տարիներ շարունակ «Հ2»-ը Հայաստանի մեծ ծածկույթ եւ ճանաչում ունեցող մասնավոր հեռուստաընկերություններից էր։ Սակայն 2021 թվականի հունվարին այն զրկվեց հեռարձակման լիցենզիայից և ներկայում հեռարձակվում է միայն մալուխային ցանցով։2025 թվականի ուսումնասիրության համար ընտրվել է 10 հեռուստաալիք։


Հեռուստատեսության տվյալների շտեմարան