Առաջին ալիք

Logo of Առաջին ալիք

Առաջին ալիքը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնական ալիքն է և Հանրային հեռարձակման համակարգի առաջատարը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանրային հեռարձակողը սահմանվում է որպես 100% Հայաստանի Հանրապետությանը պատկանող հեռարձակող։ Առաջին ալիքը գործում է Հանրային հեռարձակողի խորհրդի (ՀՀԽ) վերահսկողության ներքո, որը լիազորված մարմին է՝ կառավարելու և վերահսկելու հանրային հեռարձակողների գործունեությունը և հաստատելու նրանց կանոնադրությունները։ ՀՀԽ անդամներին նշանակում է վարչապետը մրցութային կարգով, իսկ Խորհուրդը իր անդամներից գաղտնի քվեարկությամբ ընտրում է նախագահի։


Առաջին ալիքը սկսել է հեռարձակվել 1956 թվականից։ Հայաստանի անկախացումից հետո հեռուստաընկերությունը շարունակեց իր գործունեությունը՝ ժառանգելով սովետական տարիների ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ Ներկայում, Չինաստանի հետ համագործակցությամբ, կառուցվում է նոր՝ 8-րդ մասնաշենքը։


Հեռուստաալիքը մեծ դիտելիություն ունի, հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում։ Այն հեռարձակում է հաղորդումներ, հարցազրույցներ քաղաքական ու հասարակական թեմաներով, ինչպես նաև սերիալներ, մանկապատանեկան ու գրական հաղորդումներ և այլն։


Առաջին ալիքը հաճախ քննադատվում է ընդդիմադիր գործիչների և հասարակության որոշակի խմբերի կողմից։ Ըստ նրանց՝ եթերում ավելի շատ երեւում են իշխանության ներկայացուցիչները, իսկ հարցազրույց վարողները միշտ չէ, որ անաչառ են։ Առաջին ալիքի քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը նշում է, որ ընդիմադիր գործիչները նույնպես հրավիրվում են, սակայն նրանք հաճախ մերժում են հրավերը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 2024-ին կազմակերպված ցույցերի ընթացքում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր համախոհների հետ բողոքի ակցիա իրականացրեց Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով եթերում ուղիղ կոչով հանդես գալու հնարավորություն։ Սկզբում հեռուստաընկերությունը մերժեց այդ պահանջը՝ առաջարկելով հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ։ Ապա համաձայնություն ձեռք բերվեց․ հաղորդման մոտ 25 րոպեում արքեպիսկոպոսը իր ուղերձն ուղղեց հանրությանը, իսկ երկրորդ հատվածը նախատեսված էր հարցազրույցի համար։ Սակայն նա հիմնականում չէր պատասխանում հարցերին և ընդգծում էր, որ մասնակցում է զուտ հեռուստադիտողի և հաղորդման ֆորմատի հանդեպ հարգանքից ելնելով։


Լրագրող Կատյա Մամյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցներին հիմնականում մասնակցում են իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ու համախոհները։ Ըստ նույն հետազոտության՝ նրա հաղորդման եթերային ժամանակի ավելի քան կեսը զբաղեցրել են հենց ՔՊ անդամները։


 

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՀանրային
Աշխարհագրական ծածկույթԱզգային
Բովանդակության տեսակԱնվճար
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

Առաջին ալիքը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ծրագիրն է։ Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը։

Քվեարկության իրավունք«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրության համաձայն՝ընկերությունում տնօրենների խորհուրդ չի ձևավորվում: Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության տնօրենը՝ Հովհաննես Մովսիսյանը։ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ընկերության տնօրենը տնօրինում է ընկերության գույքը, ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից, համարվում է ընկերության ներկայացուցիչը, կնքում է պայմանագրեր, նաև՝ աշխատանքային։ Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը։ Օրենքը սահմանում է նաեւ այլ իրավունքներ, իսկ կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության տնօրենի այլ իրավասություններ։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1956

Հայաստանի հեռուստատեսության տարեգրությունը սկսվում է 1955 թ.-ի սեպտեմբերի 5-ից, երբ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը Միության հանրապետություններում 27 ծրագրային կենտրոնների եւ 5 հաղորդող կայանների շինարարության մասին որոշում ընդունեց: Երեւանում' Նորքի բարձունքում, սկսվեց Հայաստանի հեռուստակայանի շինարարությունը: Շուտով տեղադրվեց 180մ բարձրության առաջին հեռուստաաշտարակը։ 1956 թ. նոյեմբերի 29-ին' Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը:

Հիմնադիր
  • Հայաստանի Հանրապետություն

    Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Գործադիր տնօրեն (CEO)
  • Հովհաննես Մովսիսյան

    Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին և զբաղեցնում է այդ պաշոնը մինչ օրս։ Մինչ ադ՝  2018-2020թթ. եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: 

    Նրա պաշտոնավարման շրջանում «ՀԿՏԿ» ՊՈԱԿ-ը մի շարք նախագծեր է իրականացրել։ Դրանք են՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն», որի նպատակն է արտակարգ իրավիճակներում հանրությանը հավաստի և շտապ տեղեկատվություն տրամադրելը։ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը հետազոտություններ և վերլուծություններ է կատարում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտների վերաբերյալ, այն հիմնադրվել է 2019-ին։ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին։ Ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ գլխավոր մրցանակը հաղթողին հանձնում է ՀՀ վարչապետը։ 

    Հովհաննես Մովսիսյանը 2015–2018-ին եղել է «CMTeam» մեդիա ընկերության հիմնադիր տնօրենը։ Նա աշխատել է նաև «Ինտերնյուս Հայաստան», «Ինտերնյուս Եվրոպա» կազմակերպություններում, «Ազատություն» ռադիոկայանում։

Գլխավոր խմբագիր
  • Տիգրան Վիրաբյան

    2020-ի դեկտեմբերից Տիգրան Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ 

    Տիգրան Վիրաբյանը 2000-2004 թթ.-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում։ 2007-2016 թթ. աշխատել է Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես պրոդյուսեր, 2016-ից՝ որպես տնօրեն։ 2018-2020թթ․-ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ 2020թ․-ի օգոստոսին ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ և պաշտոնավարել մինչև 2022-ի նոյեմբեր։ 2022-ին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ։

Այլ կարևոր անձինք
  • Պետրոս Ղազարյան

    Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր է։ Նա վարում է իր հեղինակային հաղորդումը` «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»։ Հաղորդման հյուրերը քաղաքական, հասարակական, տնտեսական գործիչներ են։ Հաղորդումը հեռարձակվում է Առաջին ալիքով եւ Առաջինի լրատվական ալիքով։ Ընդդիմության ներկայացուցիչները հաճախ մեղադրում են Պետրոս Ղազարյանին կողմնակալության մեջ եւ մերժում հարցազրույցի նրա հրավերը։ 

    Լրագրող Կատյա Մամյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցին մեծամասամբ մասնակցում են Հայաստանը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, համախոհները։ Հետազոտությունը փաստում է նաև, որ եթերաժամի կեսից ավելին ՔՊ կուսակցության ներկայացուցիչներն են զբաղեցրել։

    Պետրոս Ղազարյանը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինն է։

    2003-2018 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարել է հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարը

  • Լուսինե Բարսեղյան

    Լուսինե Բարսեղյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենն է։ 

    Նա նախկինում աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին փոխկապակցված լրատվամիջոց է։ 2018 թվականին, երբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, վերջինիս կինը՝ Աննա Հակոբյանը որոշ ժամանակ անց «Հայկական ժամանակ»-ի խմբագրի պաշտոնը զիջեց Լուսինե Բարսեղյանին։ Հետագայում Լուսինե Բարսեղյանը թողեց «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի պաշտոնը եւ աշխատանքի անցավ Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահ (ներկայիս Արտաքին գործերի նախարար) Արարատ Միրզոյանի օգնական։ 2020 թվականի տարեվերջից Լուսինե Բարսեղյանն աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում՝ զբաղեցնելով Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը։ Լուսինե Բարսեղյանի ամուսինը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանն է։ 

    Վահագն Թևոսյանն աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում, ինչպես նաև՝ այլ թերթերում՝զբաղեցնելով խմբագրի պաշտոններ։ 2018 թվականին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն։ 2018-ի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Վահագն Թևոսյանը 2019-ին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2021-2025թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Ներկայում «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի գործադիր մարմնի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարն է։

  • Վասակ Դարբինյան

    ՀՀԽ-ի նախագահը Վասակ Դարբինյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2025-ի հունիսի 2-ին։ ՀՀԽ-ի անդամ է նշանակվել 2021-ի հոկտեմբերին՝ վարչապետի որոշմամբ։ 

    Նա մեդիաոլորտում աշխատում է 1982 թվակնից։ Կարիերան սկսվել է «Երևանի համալսարան» շաբաթաթերթում, որից հետո նա աշխատել է «Հայք», «02», «Թերթ», «Առավոտ», «Ժամանակ», ‹‹Տարեգիր››, ‹‹Այբ-Ֆե›› պարբերականներում՝ իբրեւ լրագրող, նաեւ՝ գլխավոր խմբագիր։ Վասակ Դարբինյանը նաև հեռուստատեսությունում է զբաղեցրել խմբագրի պաշտոն․ Հանրային հեռուստաընկերության ‹‹Հայլուր›› ծրագրի խմբագիր (1998-1999), «Արմենիա» հեռուստաընկերության ‹‹Օրվա մամուլը›› հաղորդաշարի հեղինակ և խմբագիր (1999-2000), «Ա1+» հեռուստաընկերության ‹‹Ա1+ մամուլ›› հաղորդաշարի hեղինակ և խմբագիր: Աշխատել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում որպես մամուլի փորձագետ (2014-2015): Մինչեւ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակվելը Վասակ Դարբինյանն աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ»-ում՝ որպես սրբագրիչ (2016-2021)։ Այս լրատվամիջոցում է աշխատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը որպես խմբագիր։ «Հայկական ժամանակ»-ը տնօրիող ընկերության բաժնետոմսերի 70%-ը ներկայում պատկանում է Աննա Հակոբյանի մորը։

     

Կոնտակտային տվյալներՀովսեփյան փողոց 26
Երևան
Հայաստան
pr@1tv.am, ceooffice@1tv.am
+374 10 650015
www.1tv.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Առաջին ալիքի և դրա աշխատակազմի վերաբերյալ տեղեկատվությունը, հիմնականում, կարելի է գտնել բաց աղբյուրներում։ Տեղեկատվության զգալի մասն առկա է Առաջին ալիքի կայքում։ Մենք նամակ ենք ուղարկել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին՝ խնդրելով պատասխանել որոշ հարցերի, այդ թվում՝ ընկերության ծրագրերի համար 2024-ին ծախսված գումարների վերաբերյալ։ Ընկերությունից պատասխանել են, որ ծրագրերի համար առանձին հաշվետվություն առկա չէ, տարեկան ֆինանսական հաշվետվություն վարվում և հրապարակվում է միայն ըկերության համար։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Public TV Company of Armenia CJSC profile (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC CEO (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC charter (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC financial report (Armenian)
    File
  • MOM request to Public TV of Armenia (Armenian)
    File
  • Public TV of Armenia response to MOM request (Armenian)
    File
  • Public TV of Armenia founding information (Russian)
    File