Առաջինի լրատվական ալիք

Logo of Առաջինի լրատվական ալիք

Առաջինի լրատվական ալիք ծրագիրը հեռարձակումը սկսել է 2021 թվականի հունիսից միայն Երևան քաղաքի տարածքում։ 2024-ի հունիսից հեռարձակման ծածկույթն ընդլայնվել է, այժմ այն հասանելի է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ 


«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» 2024 թվականի հաշվետվության մեջ նշված է, որ առաջինի լրատվական ալիքի YouTube-յան ալիքը 2024 թվականին ունեցել է 102․5 մլն դիտում և 68․7 հազար նոր բաժանորդ։ Այժմ YouTube-յան ալիքը 523 հազար հետևորդ ունի։


Առաջինի լրատվական ալիքի հիմնական նպատակը հանրությանը հասարակական, քաղաքական անցուդարձի մասին լուրեր մատուցելն է։ Ալիքը ունի մի շարք հաղորդումներ՝ հարցազրույցներ, բանավեճեր քաղաքական թեմաներով, մշակութային, սպորտային  և այլ լուրեր։ Ալիքի հաղորդումերից են՝ «Լուրեր» գլխավոր լրատվական ծրագիրը, «Մեծ բանավեճ», «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»։


Առաջինի լրատվական ալիք ծրագիրը հիմնադրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, որը 100%-ով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։


 

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՀանրային
Աշխարհագրական ծածկույթԱզգային
Բովանդակության տեսակԱնվճար
Պասիվ թափանցիկություն
պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

Առաջինի լրատվական ալիքը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ծրագրերից մեկն է։ Ընկերությունը 100%-ով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Ընկերության ընթացիկ գործունեությունը կառավարում է ընկերության տնօրենը, բայց ընկերության գործունեության վերահսկողության և կառավարման ապահովման համար պատասխանատու է Հանրային հեռարձակողի խորհուրդը։

Քվեարկության իրավունք«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրության համաձայն՝ընկերությունում տնօրենների խորհուրդ չի ձևավորվում: Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ընկերության տնօրենը՝ Հովհաննես Մովսիսյանը։ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ընկերության տնօրենը տնօրինում է ընկերության գույքը, ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում ընկերության անունից, համարվում է ընկերության ներկայացուցիչը, կնքում է պայմանագրեր, նաև՝ աշխատանքային։ Իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը։ Օրենքը սահմանում է նաեւ այլ իրավունքներ, իսկ կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության տնօրենի այլ իրավասություններ։
Անհատ սեփականատեր

Մեդիա ընկերություններ / խմբեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2021

«Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը հեռարձակումը սկսել է 2021 թվականի հունիսից «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից՝ որպես լրատվական առանձին հարթակ։ Ի սկզբանե այն հեռարձակվել է միայն Երևանի տարածքում,  2024-ի հունիսից հեռարձակման ծածկույթն ընդլայնվել է, այժմ այն հասանելի է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

Հիմնադիր
  • Հայաստանի հանրապետություն

    Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունի մի քանի մեդիա ընկերություններում, դրանք են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն, «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն և «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ-ն։

    Հայաստանի հանրային ռադիոն և հեռուստաընկերությունը հիմնադրվել են դեռևս Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժամանակ, երբ մեդիան խիստ վերահսկվում էր պետության կողմից։ Հայաստանի անկախացումից հետո ռադիոն և հեռուստաընկերությունը մնացին պետության սեփականությունը՝ տարբեր անվանումներով։

    Ընկերությունների եկամտի հիմնական աղբյուրը պետական բյուջեն է, ամեն տարի բյուջեից գումար է հատկացվում նրա գործունեությունն ապահովելու համար։ Ընկերությունները սահմանափակված չեն այլ աղբյուրներից ֆինանսական միջոցներ ստանալու հարցում։ Գովազդի և որոշ ծառայությունների մատուցմամբ ևս ֆինանսական միջոցներ են ներգրավվում։

    ՀՀ-ն Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի կառավարումն իրականացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի միջոցով։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը սահմանում է՝ Հանրային հեռարձակող է համարվում ՀՀ-ին 100% պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակողը, իսկ Հանրային հեռարձակողի համար լիազոր մարմինը Հանրային հեռարձակողի խորհուրդն է, որը հաստատում է հանրային հեռարձակողների կանոնադրությունը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն անդրադառնում է նաև Հանրային հեռարձակողի խորհրդին (ՀՀԽ)։ Հանրային հեռարձակողների կառավարումն ապահովում և հսկում է ՀՀԽ-ն։ ՀՀԽ-ի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը, իսկ նախագահն ընտրվում է ՀՀԽ կազմից՝ գաղտնի քվեարկությամբ։

Գործադիր տնօրեն (CEO)
  • Հովհաննես Մովսիսյան

    Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին և զբաղեցնում է այդ պաշոնը մինչ օրս։ Մինչ ադ՝  2018-2020թթ., եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: 

    Նրա պաշտոնավարման շրջանում «ՀԿՏԿ» ՊՈԱԿ-ը մի շարք նախագծեր է իրականացրել։ Դրանք են՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն», որի նպատակն է արտակարգ իրավիճակներում հանրությանը հավաստի և շտապ տեղեկատվություն տրամադրելը։ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը, որը հիմնադրվել է 2019-ին, հետազոտություններ և վերլուծություններ է կատարում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտների վերաբերյալ։ 2019 թվականին հիմնադրվել է «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գլխավոր մրցանակը հաղթողին հանձնում է ՀՀ վարչապետը։ 

    Հովհաննես Մովսիսյանը 2015–2018-ին եղել է «CMTeam» մեդիա ընկերության հիմնադիր տնօրենը։ Նա աշխատել է նաև «Ինտերնյուս Հայաստան», «Ինտերնյուս Եվրոպա» կազմակերպություններում, «Ազատություն» ռադիոկայանում։

Գլխավոր խմբագիր
  • Տիգրան Վիրաբյան

    2020-ի դեկտեմբերից Տիգրան Վիրաբյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ 

    Տիգրան Վիրաբյանը 2000-2004 թթ.-ին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստի բաժնում։ 2007-2016 թթ. աշխատել է Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես պրոդյուսեր, 2016-ից՝ որպես տնօրեն։ 2018-2020թթ․-ին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։  

    2020թ․-ի օգոստոսին ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ և պաշտոնավարել մինչև 2022-ի նոյեմբեր։ 2022-ին ընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ։

Այլ կարևոր անձինք
  • Պետրոս Ղազարյան

    Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր է։ Նա վարում է իր հեղինակային հաղորդումը` «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ»։ Հաղորդման հյուրերը քաղաքական, հասարակական, տնտեսական գործիչներ են։ Հաղորդումը հեռարձակվում է Առաջին ալիքով եւ Առաջինի լրատվական ալիքով։ 

    Ընդդիմության ներկայացուցիչները հաճախ մեղադրում են Պետրոս Ղազարյանին կողմնակալության մեջ եւ մերժում հարցազրույցի նրա հրավերը։ Լրագրող Կատյա Մամյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցին մեծամասամբ մասնակցում են Հայաստանը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, համախոհները։ Հետազոտությունը փաստում է նաև, որ եթերաժամի կեսից ավելին ՔՊ կուսակցության ներկայացուցիչներն են զբաղեցրել։

    Պետրոս Ղազարյանը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինն է։

    2003-2018 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարել է հեղինակային «Ուրվագիծ» հաղորդաշարը։

  • Լուսինե Բարսեղյան

    Լուսինե Բարսեղյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենն է։ 

    Նա նախկինում աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում, որը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին փոխկապակցված լրատվամիջոց է։ 

    2018 թվականին, երբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, վերջինիս կինը՝ Աննա Հակոբյանը որոշ ժամանակ անց «Հայկական ժամանակ»-ի խմբագրի պաշտոնը զիջեց Լուսինե Բարսեղյանին։ Հետագայում Լուսինե Բարսեղյանը թողեց «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի պաշտոնը եւ աշխատանքի անցավ Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահ (ներկայիս Արտաքին գործերի նախարար) Արարատ Միրզոյանի օգնական։ 2020 թվականի տարեվերջից Լուսինե Բարսեղյանն աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում՝ զբաղեցնելով Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը։  

    Լուսինե Բարսեղյանի ամուսինը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանն է։ Վահագն Թևոսյանն աշխատել է «Հայկական Ժամանակ» թերթում, ինչպես նաև՝ այլ թերթերում՝զբաղեցնելով խմբագրի պաշտոններ։ 2018 թվականին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն։ 2018-ի դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Վահագն Թևոսյանը 2019-ին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2021-2025թթ. եղել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Ներկայում «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի գործադիր մարմնի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարն է։

  • Վասակ Դարբինյան

    ՀՀԽ-ի նախագահը Վասակ Դարբինյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2025-ի հունիսի 2-ին։ ՀՀԽ-ի անդամ է նշանակվել 2021-ի հոկտեմբերին՝ վարչապետի որոշմամբ։ 

    Նա մեդիաոլորտում աշխատում է 1982 թվակնից։ Կարիերան սկսվել է «Երևանի համալսարան» շաբաթաթերթում, որից հետո նա աշխատել է «Հայք», «02», «Թերթ», «Առավոտ», «Ժամանակ», ‹‹Տարեգիր››, ‹‹Այբ-Ֆե›› պարբերականներում՝ իբրեւ լրագրող, նաեւ՝ գլխավոր խմբագիր։ Վասակ Դարբինյանը նաև հեռուստատեսությունում է զբաղեցրել խմբագրի պաշտոն․ Հանրային հեռուստաընկերության ‹‹Հայլուր›› ծրագրի խմբագիր (1998-1999), «Արմենիա» հեռուստաընկերության ‹‹Օրվա մամուլը›› հաղորդաշարի հեղինակ և խմբագիր (1999-2000), «Ա1+» հեռուստաընկերության ‹‹Ա1+ մամուլ›› հաղորդաշարի hեղինակ և խմբագիր: Աշխատել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում որպես մամուլի փորձագետ (2014-2015): 

    Մինչեւ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակվելը Վասակ Դարբինյանն աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ»-ում՝ որպես սրբագրիչ (2016-2021)։ Այս լրատվամիջոցում է աշխատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը որպես խմբագիր։ «Հայկական ժամանակ»-ը տնօրիող ընկերության բաժնետոմսերի 70%-ը ներկայում պատկանում է Աննա Հակոբյանի մորը։

Կոնտակտային տվյալներԳ․ Հովսեփյան 26
Երևան
Հայաստան
lurer@1tv.am
+374 10 650015
www.1lurer.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Առաջինի լրատվական ալիքի կայքը չունի «Մեր մասին» բաժին, այդ պատճառով հստակ չէր, թե ովքեր են ղեկավար անձինք։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին ուղղված մեր  նամակին ի պատասխան՝ մեզ տրամադրեցին անհրաժեշտ տվյալները։ Ծրագրի մասին որոշ տվյալներ առկա են Առաջին ալիքի կայքում և մի քանի այլ բաց աղյուրներում։ 

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ի տնօրենին հարցրել էինք՝ ինչու կայքում չկա «Մեր մասին» բաժին։  Ըստ ՓԲԸ-ի պատասխանի՝ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում կայքի «Մեր մասին» բաժնի պարտադիր պահանջ, և Հանրային հեռուստաընկերությունը իր հայեցողության շրջանակներում նպատակահարմար չի գտել ստեղծել առանձին «Մեր մասին» բաժին «Առաջինի լրատվական ալիք»-ի կայքի համար։ 

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը վերաբերում է ընկերության ֆինանսական վիճակին։ Ընկերության տնօրենին ուղղված մեր նամակով խնդրել էինքտեղեկություններ տալ, թե  ընկերության ո՞ր ծրագրի համար որքա՞ն գումար է հատկացվել 2024 թվականին։ Ստացված պատասխանում նշված է, որ ընկերության ծրագրերը չեն հանդիսանում քաղաքացիաիրավական հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտներ և չունեն առանձին բյուջե։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Public TV Company of Armenia CJSC profile (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC CEO (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC charter (Armenian)
    File
  • Public TV Company of Armenia CJSC financial report (Armenian)
    File
  • MOM request to Public TV of Armenia (Armenian)
    File
  • Public TV of Armenia response to MOM request (Armenian)
    File
  • Public TV of Armenia founding information (Russian)
    File
  • AR Radio Intercontinental LLC profile (Armenian)
    Link File