Լրատվամիջոցների սեփականատերերը

«Մեդիայի սեփականության մոնիտորինգ Հայաստան» նախագծի շրջանակում ուսումնասիրվել են Հայաստանի 42 ամենաազդեցիկ լրատվամիջոցները վերահսկող 39 ընկերության սեփականության կառուցվածքը և 48 սեփականատեր։ Ընկերությունների տվյալների շտեմարանում ներկայացված է 39 ընկերության բնութագիր՝ ներառելով ինչպես անմիջական լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունները, այնպես էլ մայր կազմակերպությունները, որոնք վերահսկում են մի քանի մեդիա ընկերություններ։ Սեփականատերերի տվյալների շտեմարանը ներառում է 47 գրանցում՝ ներկայացնելով այն անձանց և կառույցները, որոնք վերջին հաշվով վերահսկում են Հայաստանի ազդեցիկ լրատվամիջոցները։ Տեղեկատվության հիմնական աղբյուրներն են եղել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրն ու իրական շահառուների հայտարարագրերը։

Ուսումնասիրությունը բացահայտում է սեփականության զանազան մոդելներ՝ ընտանեկան բիզնեսից մինչև քաղաքական կապեր ունեցող ձեռնարկություններ, ինչն արտացոլում է մեդիայի, բիզնեսի և քաղաքականության բարդ փոխկապակցվածությունը Հայաստանում։ Սեփականատերերի տվյալների շտեմարանում ներառված են ոչ միայն ֆիզիկական անձինք, այլև ինստիտուցիոնալ սեփականատերեր՝ Հայաստանի Հանրապետությունը (պետական մեդիայի միջոցով), Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը և մեկ քաղաքական կուսակցություն։ Սեփականության այս բազմազանությունը ցույց է տալիս, որ մեդիայի վերահսկողությունը Հայաստանում, անհատ գործարարներից բացի, ընդգրկում է պետական կառույցներ, արտասահմանյան կառավարություններ, միջազգային կազմակերպություններ և քաղաքական միավորներ։

Սեփականության այս ձեւերից տեղյակ լինելը կարևոր է խմբագրական անկախության վրա հնարավոր ազդեցությունները գնահատելու համար։ Ընտանեկան սեփականության կենտրոնացումը, մեդիա սեփականատերերի քաղաքական կապերը և պետական մասնակցությունը ձևավորում են տարբեր միտումներ, որոնք կարող են ազդել լուրերի ներկայացման ձևի և ընդգծվող տեսանկյունների վրա։ Այս կապերը թափանցիկ փաստագրելով՝ տվյալների շտեմարանները հնարավորություն են տալիս քաղաքացիներին, լրագրողներին և քաղաքական որոշումներ կայացնողներին գնահատել, թե որ ուժերն են ձևավորում Հայաստանի տեղեկատվական միջավայրը։


Սեփականատերերի տվյալների շտեմարան