«Դարեսկիզբ» ՍՊԸ

Logo of «Դարեսկիզբ» ՍՊԸ

«Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականի դեկտեմբերին։ Ընկերության հիմնադիրները, բացի Աննա Հակոբյանից, քաղաքական գործիչներ են եղել։ Հիմնադիրներից միայն մեկն է պահպանել մասնակցությունն ընկերությունում։ 


Այժմ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի 70%-ը պատկանում է Կիմա Մկրտչյանին, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի  մայրն է, 20%-ը՝ Հայկ Գևորգյանին, որը ընկերությունում փայատեր է դարձել 2002 թվականին։ Նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներից էր հիմնադրումից ի վեր, 2018-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 


Ընկերության 10%-ը պատկանում է Պետրոս Մակեյանին, որը «Դարեսկիզբի» հիմնադիրներից է։ Նա քաղաքական գործիչ է, եղել է փոխմարզպետ, ԱԺ պատգամավոր։


Ընկերության տնօրենը Գևորգ Դերզյանն է, որը 2021 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հոկտեմբեր աշխատել է Ազգային ժողովում՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի օգնական։


«Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է «Հայկական ժամանակի» կայքում, բայց այն գտնելու համար անհրաժեշտ է որոնել Google որոնման համակարգում, քանի որ կայքում առկա չէ հատուկ բաժին, որտեղ կարելի է գտնել նմանատիպ տեղեկատվություն։ Հաշվետվությունը հրապարակված չէ որպես փաստաթուղթ, պարզապես տեքստային շարադրանք է 2024 թվականին ստացված եկամտի եւ ծախսերի մասին։

Ըստ այդ հրապարակման՝ ընկերությունը եկամուտ է ստացել միայն գովազդից, որը կամել է մոտ 52 մլն դրամ։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Սեփականություն

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ1999
Հիմնադիր
  • Աննա Հակոբյան

    Աննա Հակոբյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկն է, ընկերությունում 50% մասնակցություն է ունեցել։ 2002 թվականին ընկերության հիմնադիրներից չորսը իրենց 10- ական տոկոս փայը` ընդհանուր 40%, փոխանցել են երկու անձի՝ Աննա Հակոբյանին և Հայկ Գևորգյանին, յուրաքանչյուրին` 20-ական տոկոս։ Աննա Հակոբյանի մասնաբաժինը դարձել է 70%։ 2014 թվականին նա իր մասնաբաժինը փոխանցել է Կիմա Մկրտչյանին՝ մորը։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին է պատկանում «Հայկական ժամանակ» առցանց լրատվամիջոցը։ 

    Աննա Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ 2003 թվականից լրագրող է աշխատել «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2013 թվականից մինչ օրս «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրն է։ Նա 2024 թվականի մարտից «Իմ քայլը» հիմնադրամի նախագահն է։ 2018-ից մինչև 2020 թվականը ղեկավարել է City of smile («Սիթի օֆ սմայլ») բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։

    Աննա Հակոբյանը հաճախ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում սոցիալական ցանցերում իր գրառումների համար։ Նա պարբերաբար մեկնաբանում է նախկինում քաղաքականությամբ զբաղված կամ այժմ ընդդիմությունը ներկայացնող քաղաքական գործիչների հայտարարությունները՝ երբեմն օգտագործելով վիրավորական արտահայտություններ։ 

  • Պետրոս Մակեյան

    Պետրոս Մակեյանը «Դարեսկզիբ» ՍՊ ընկերության հիմնադիրներից է և մինչև օրս պահպանում է իր 10% մասնակցությունը ընկերությունում։

    Պետրոս Մակեյանն ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով ֆիզիկոսի որակավորում, իսկ ավելի ուշ՝ Իրկուտսկի ժողտնտեսության ինստիտուտը՝ որպես տնտեսագետ։

    Մակեյանը մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ Եղել է Արթիկի շրջխորհրդի պատգամավոր, ապա՝ նույն շրջխորհրդի գործկոմի նախագահ՝ աշխատելով մինչև շրջանների լուծարումը։ Հետագայում եղել է ԱԺ պատգամավոր, ընտրվել է ՀՀՇ կուսակցության վարչության անդամ։ 1996-97 թվականներին Շիրակի փոխմարզպետն էր։ Ունենալով տարաձայնություններ իշխանության վերնախավի հետ՝ Մակեյանը ձևավորում է «Հայրենիք» պատգամավորական խումբը և իրեն հայտարարում ընդդիմություն։ Այս քայլից անմիջապես հետո նրան ազատում են փոխմարզպետի պաշտոնից։

    «Հայրենիք» խումբը նախաձեռնում և հիմնադրում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, որի փոխնախագահ է ընտրվում Մակեյանը, իսկ 2000 թվականից՝ նախագահ։ Ներկայում կուսակցությունը վերանվանվել է «Հաղթանակ» և 2023-ից դրա նախագահը Վիկտոր Մնացականյանն է։

    2006 թվականին Պետրոս Մակեյանը հիմնադրել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը։ «Իմպիչմենթ» դաշինքով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ 2008 թվականի նախագահական ընտրություններին նա աջակցել է Լևոն Տեր-Պետրոսյանին։ 2012 թվականին մասնակցել է ԱԺ ընտրություններին ՀԱԿ դաշինքով։ 2017 թվականին նա մի խումբ գործիչների հետ նախաձեռնել եւ համակարգել է «Հանուն Հայաստանի պետության ճակատը»՝ կանխելու Սերժ Սարգսյանի ընտրվելը  վարչապետի պաշտոնում։

    Դատելով Պետրոս Մակեյանի հրապարակային գրառումներից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա դատական հայց է ներկայացրել Աննա Հակոբյանի բաժնեմասը նրա մորը փոխանցելու առնչությամբ, կարելի է ենթադրել, որ նրա հարաբերությունները Փաշինյանի և նրա մերձավորների հետ այնքան էլ լավ չեն։

  • Սամվել Գասպարյան

    Սամվել Գասպարյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է։ Ընկերությունում ունեցել է 10% մասնակցություն։ Գասպարյանը նախկինում զբաղվել է քաղաքականությամբ, եղել է «Մտավորական Հայաստան» կուսակցության անդամ։ Այս կուսակցությունն ԱԺ-ում ներկայացվածություն է ունեցել միայն առաջին գումարման կազմում։ ԱԺ կայքի տվյալներով՝ երկու պատգամավոր է եղել «Մտավորական Հայաստան» կուսակցությունից։ 2002 թվականի սեպտեմբերին դուրս է եկել «Դարեսկիզբ» ընկերությունից։

  • Մկրտիչ Գիմիշյան

    Մկրտիչ Գիմիշյաը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, ունեցել է 10% փայաբաժին։ Նա ևս զբաղվել է քաղաքականությամբ, «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ է եղել, 1995-99-ին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2005 թվականից «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահն է։ 2002 թվականի սեպտեմբերին դուրս է եկել «Դարեսկիզբ» ընկերությունից։

  • Արմեն Խոջոյան

    Արմեն Խոջոյանը «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է։ Նա ընկերությունում 10% փայ է ունեցել։  2002 թվականի սեպտեմբերին Արմեն Խոջոյանը դուրս է եկել «Դարեսկիզբ» ընկերությունից։ Արմեն Խոջոյանը 2025 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի ընտրությանը։ Որպես այդ հանձնաժողովի թեկնածու հավաքել է 244 ձայն, բայց չի ընտրվել։ Նրա որդին՝ Արման Խոջոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն է։

  • Արմեն Կիրակոսյան

    Արմեն Կիրակոսյանը «Դարեսկիզբ» ընկերության հիմնադիրներից է, նա ընկերությունում ունեցել է 10% մասնակցություն։ Կիրակոսյանը Հայոց համազգային շարժման անդամ է եղել, Ազգային ժողովի պատգամավոր։ 2002 թվականի սեպտեմբերին դուրս է եկել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից։ Կիրակոսյանը մահացել է 2025-ի փետրվարին։

Կոնտակտային տվյալներԻսրայելյան 37
Երևան
Հայաստան
info@armtimes.com
+374 10 581175
www.armtimes.com
Հարկային / նույնականացման համարՍՊԸ ՀՎՀՀ՝ 00032295 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր, մուտքը
Եկամուտ51,985,288 դրամ / 132,322 ԱՄՆ դոլար (2024)
Շահույթ-667,285 դրամ / -1,698 ԱՄՆ դոլար
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)51,985,288 դրամ / 132,322 ԱՄՆ դոլար, եկամտի 100%-ը (2024)
Այլ ազդեցիկ անձինք
  • Նիկոլ Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է, սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Սակայն ուսումը չի ավարտել՝ ավարտական կուրսում հեռացվել է համալսարանից, ինչպես նշված է իր կենսագրականում՝ «քաղաքական դրդապատճառներով»։

    Նա 1992 թվականից ակտիվորեն համագործակցել է տարբեր թերթերի հետ, ապա 1998 թվականին հիմնադրել «Օրագիր» օրաթերթը, որը 1999 թվականին քաղաքական պատճառներով դատական կարգով փակվել է։ 1999 թվականին դարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2012 թվականը։ 2006-2008թթ. եղել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենը։ Լրագրողական գործունեության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքներով։ 1999 թվականի օգոստոսին դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

    Քաղաքական ուղին Նիկոլ Փաշինյանը սկսել է որպես ընդդիմադիր գործիչ՝ 2006 թվականին մասնակցելով «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադրմանը։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենթ» դաշինքի ցուցակի առաջին համարը, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում։ 2009 թվականի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է դատախազություն, ձերբակալվել և 2010 թվականի հունվարին դատապարտվել յոթ տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Բանտում անցկացնելով մեկ տարի 11 ամիս՝ ազատ է արձակվել 2011 թվականի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ։ Բանտից ազատվելուց հետո, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ 2013 թվականին նա հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, որի հենքի վրա 2015-ին ձևավորվել է համանուն կուսակցությունը։ 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով կրկին ընտրվել է պատգամավոր, և 2017 թվականի մայիսից եղել է «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

    2018 թվականին Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» անվամբ շարժումը, որի հետևանքը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր։ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։ Այժմ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման երրորդ ժամկետն է, որը կլրանա 2026 թվականին։ Նրա ղեկավարած ՔՊ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել 2026 թվականի ընտրություններին։

Վերնագրեր
Տվյալները հասանելի են
սեփականության մասին տվյալներ
Մետատվյալներ

Ընկերության վերաբերյալ տվյալները հասանելի են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Ընկերության էջի «մասնակիցներ» բաժնում որոշ տվյալներ թերի են կամ սխալ են ներկայացված, ուստի օգտվել ենք «Փաստաթղթեր» բաժնում տեղադրված կանոնադրությունից, որում նշված են հիմնադիրների տվյալները։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է լրատվամիջոցի կայքում, բայց այն գտնելու համար անհրաժեշտ է որոնել Google որոնման համակարգում, քանի որ կայքում առկա չէ հատուկ բաժին, որտեղ կարելի է գտնել նմանատիպ տեղեկատվություն։ Հաշվետվությունը հրապարակված չէ որպես փաստաթուղթ, պարզապես տեքստային շարադրանք է 2024 թվականին ստացված եկամտի և ծախսերի մասին։ Հաշվետվությունը վերաբերում է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին և պարզ չէ՝ այն նույնակա՞ն է կայքի եկամուտների և ծախսերի հետ, թե՞ ոչ։

«Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրենին գրավոր խնդրել էինք պատասխանել լրավամիջոցին և այն կառավարող անձանց վերաբերյալ որոշ հարցերի, բայց պատասխան չենք ստացել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Dareskizb LLC profile (Armenian)
    File
  • Dareskizb LLC profile (Armenian)
    File
  • Dareskizb LLC CEO (Armenian)
    File
  • Dareskizb LLC owners (Armenian)
    File
  • Dareskizb LLC charter (Armenian)
    File
  • Dareskizb LLC updated (Armenian)
    File
  • Dareskizb LLC updated (Armenian)
    File
  • Dareskizb LLC financial report (Armenian)
    Link File
  • MOM request to Haykakan Zhamanak(Armenian)
    File