«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ

Logo of «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ

«Կենտրոն» հեռուստաընկերությունը «Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ-ի ծրագիրն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2002-ին՝ «Շարմ» անունով։ Առաջին սեփականատերերն էին Ռուբեն Ջաղինյանը (60%), Արմեն Եփրեմյանը (20%) և Արսեն Դանիելյանը (20%)։ 2002-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը «Ա1+»-ի կապուղին փոխանցեց «Շարմին»։


2003-ին «Կենտրոնը» վաճառվեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին։ Իսկ 2004-ին Արսենյանն այն վաճառվեց ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին, որը Գագիկ Ծառուկյանի համագյուղացին և խնամին է։ Թե Ջաղինյանը, թե Արսենյանը մամուլին տված հարցազրույցներում խոստովանել են, որ իրենց հարկադրել են վաճառել հեռուստաընկերությունը։ Գուրգեն Արսենյանի կողմից հեռուստաընկերության վաճառքը կապվում է 2004-ին ուղիղ եթերում ընդդիմության ցուցի բռնի ուժով ցրելը ցուցադրելու հետ։


2008-ին ՓԲԸ-ն ստացավ ներկայիս անունը՝ «Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի»։ 2002-2008 թթ. ընկերությունը տեղակայված էր Կոմիտասի 26 հասցեում, իսկ 2008-ից տեղափոխվել է Ալիխանյան եղբայրների 2 հասցե։ Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի բազմաթիվ ընկերությունների անվանումներում առկա է «մուլտի» բառը, ինչպես այս հեռուստաընկերության պարագայում։


Այժմ ընկերությունը պատկանում է Սեդրակ Առուստամյանին, որը բիզնես կապեր ունի Գագիկ Ծառուկյանի հետ։


«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունը «Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ է։ Այս կազմակերպության կանոնադրության համաձայն՝ այն զբաղվում է գովազդային ոլորտում միասնական քաղաքականության մշակմամբ, գովազդի վարկանիշային չափումների թափանցիկ և վստահելի համակարգերի ստեղծմամբ, կոմիտեի անդամների միասնական շահերի պաշտպանությամբ և այլ հարցերով։

Հիմնական փաստեր

Բիզնեսի ձևԱռևտրային / շահույթ հետապնդող
Իրավական ձևՓակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)
Բիզնես ոլորտներՀեռուստածրագրերի կազմում և հեռարձակում

Սեփականություն

Անհատ սեփականատեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2002
Հիմնադիր
  • Արմեն Եփրեմյան

    Համահիմնադիրներին հնարավոր չէր նույնականացնել, նրանց անուններից բացի կենսագրական որևէ տեղեկություն հանրային աղբյուրներում հասանելի չէ։ Քանի որ գտնվել են միայն նրանց անուններն ու ազգանունները, անհնար է պարզել նրանց ինքնությունը կամ տրամադրել հավելյալ մանրամասներ։

  • Արմեն Դանիելյան

    Հեռուստաընկերության համահիմնադիրներին հնարավոր չի եղել նույնականացնել, քանի որ միայն նրանց անունը և ազգանունն է հայտնի, այդ իսկ պատճառով հնարավոր չի եղել պարզել նրանց ինքնությունը և ներկայացնել լրացուցիչ մանրամասներ։

Կոնտակտային տվյալներԱլիխանյան եղբայրներ 2
Երևան
Հայաստան
info@kentron.tv
+374 10 391039
www.kentron.tv
Հարկային / նույնականացման համարՓԲԸ ՀՎՀՀ 00000139 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր
Եկամուտ500,429,000 դրամ / 1,274,232 ԱՄՆ դոլար (2024)
Շահույթ21,265,000 դրամ / 54,147 ԱՄՆ դոլար (2024)
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Գործադիր խորհուրդ
  • Սեդրակ Առուստամյան

    Սեդրակ Առուստամյանը «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Սեդրակ Առուստամյանի անունը հաճախ կապվում է քաղաքական գործիչ և գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։ Նա ներգրավված է Ծառուկյանի բիզնեսներում՝ որպես փայատեր կամ տնօրեն։ Բացի այդ, Առուստամյանը եղել է նաև Ծառուկյանի վստահված կառավարիչը, երբ վերջինս պատգամավոր էր և իրավունք չուներ զբաղվել բիզնեսով։ Նրա դուստրը՝ Նորա Առուստամյանը, եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, իսկ մինչ այդ՝ Ծառուկյանի օգնականը։

    Առուստամյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա որպես ամբաստանյալ ներգրավված է Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող երկու գործով, որոնցից մեկում մեղադրյալ է նաև Գագիկ Ծառուկյանը։ Այս գործով նրանց մեղադրում են ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ՝ «Բարգավաճ Հայաստանի» օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Գործի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։

    Բացի այդ, Առուստամյանը երկու քաղաքացիական գործով պատասխանող է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել նրա ունեցվածքը՝ գումարներ, անշարժ գույք և մեքենաներ։ Այս գործերից մեկում պատասխանող է նաև Գագիկ Ծառուկյանը։

    Այս ամենը վկայում է, որ Սեդրակ Առուստամյանն ու Գագիկ Ծառուկյանը սերտ բիզնես կապեր ունեն։ Հետևաբար, հասարակության շրջանում տարածված կարծիքը, թե «Կենտրոն» հեռուստաալիքի իրական շահառուն Ծառուկյանների ընտանիքն է, հիմնավորված է թվում։

  • Արայիկ Կեսոյան

    Արայիկ Կեսոյանը «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Նա Գագիկ Ծառուկյանի գործընկերներից է։ Արայիկ Կեսոյանը «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տնօրենն է։ Այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականին, երբ Սեդրակ Առուստամյանն ազատվել է տնօրենի պաշտոնից։ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ն Ծառուկյանի կարևոր բիզնես նախագծերից մեկն է։ Բացի «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ից՝ Արայիկ Կեսոյանը ներգրավված է մի քանի այլ ընկերություններում, որոնք պատկանում են Ծառուկյան ընտանիքին։

  • Դավիթ Մանթաշյան

    Դավիթ Մանթաշյանը «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, մեկ դատական գործով դատարանում ներկայացրել է նաև «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության շահերը։ Դավիթ Մանթաշյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի իրական շահառուներից է։ Հիմնադրամի իրական շահառուների հայտարարագրում, բացի Մանթաշյանից, ներկայացված են նաև Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, կինը՝ Ջավահիր Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը։

Այլ ազդեցիկ անձինք
  • Գագիկ Ծառուկյան

    Գագիկ Ծառուկյանը հայտնի գործարար և քաղաքական գործիչ է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահը։ Նա երկար տարիներ եղել է Ազգային ժողովի պատգամավոր և համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։

    «Հետք» առցնանց լրատվամիջոցի հրապարակումները մանրամասնում են Ծառուկյանի բազմաճյուղ բիզնես կայսրությունը, որը սկսվել է Աբովյանի շրջանից և տարածվել Հայաստանով մեկ, ինչպես նաև դրանից դուրս՝ նախկին խորհրդային և եվրոպական երկրներում։ Նրա բիզնեսների մեջ են մտնում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնը, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը և այլ ձեռնարկություններ։  2021 թվականին Հայաստանի իշխանությունները Գագիկ Ծառուկյանից պահանջել են բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք՝ 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, ինչպես նաև բաժնետոմսեր 39 ընկերություններում։

    Կենտրոն հեռուստաալիքը Գագիկ Ծառուկյանի անվան հետ սկսեց կապվել 2004 թվականին, երբ այն գնեց Ծառուկյանի համագյուղացի, խնամի, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, որը հետագայում դարձավ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան կուսակցության» անդամ։ «Հետք» թերթի 2005 թվականի հոդվածում նշվում է. ««Կենտրոնի» պատասխանատուներից մեկը մեզ խոստովանեց, որ հաշվետու է միայն Գագիկ Ծառուկյանին: «Մուրադ Գուլոյան չկա»,-կենդանի, ապրող մարդու մասին բառացիորեն ասաց նա»:

    2025-ի տվյալներով, «Կենտրոն» հեռուստաալիքը տնօրինող «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ի 100% բաժնետերը Սեդրակ Առուստամյանն է, որը Գագիկ Ծառուկյանի հետ բիզնես կապեր ունի։ Նա 1998-ից մինչև 2020-ի հունիսը եղել է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տնօրենը, իսկ ընկերության սեփականատերերն են Գագիկ Ծառուկյանը և նրա որդին։ Այս ընկերությունը Ծառուկյան ընտանիքի կարևոր ընկերություններից մեկն է։ Այս պահին Առուստամյանը մի շարք ընկերություններում, որոնք կապ ունեն Ծառուկյանների հետ, կամ փայատեր է, կամ տնօրեն։

Վերնագրեր
Պասիվ թափանցիկություն
պահանջի դեպքում սեփականության մասին տվյալները հեշտությամբ տրամադրվում են ընկերության/ալիքի կողմից
Մետատվյալներ

Ընկերությունը հարուստ պատմություն ունի՝ բաժնետերերի քաղաքական և բիզնես կապերով։ Անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է գտնել նաև պետական ռեգիստրներում։

Որոշ հարցեր պարզաբանելու նպատակով նամակ ենք ուղարկել հեռուստաընկերության կայքում նշված էլեկտրոնային հասցեին, որին հեռուստաընկերությունը պատասխանել է՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկությունները։

«Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲ ընկերության 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության personal-legal-old.azdarar.am կայքում։ Հաշվետվության մեջ բացակայում է գովազդից ստացված եկամտի մասին տեղեկատվությունը։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Multi Media-Kentron TV CJSC profile (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC CEO (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC charter (Armenian)
    File
  • MOM request to Kentron TV (Armenian)
    File
  • Multi Media-Kentron TV CJSC financial report (Armenian)
    File
  • Kentron TV response to MOM request (Armenian)
    File