Սեփականատերերի տվյալների շտեմարան

«Մեդիայի սեփականության մոնիտորինգ Հայաստան» հետազոտության շրջանակում նույնականացվել է 48 սեփականատեր, որոնք վերահսկում են երկրի 42 ամենաազդեցիկ լրատվամիջոցները։ Սեփականատերերի տվյալների շտեմարանում ներկայացված են այդ անհատները և կառույցները, որոնք փաստացի վերահսկում են Հայաստանի մեդիա դաշտը։

Ֆիզիկական անձանց՝ գործարարների, ձեռնարկատերերի և մեդիա մասնագետների կողքին տվյալների շտեմարանը ներառում է նաև ինստիտուցիոնալ սեփականատերերի՝ Հայաստանի Հանրապետությունը (պետական եւ հանրային մեդիայի միջոցով), Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը և մեկ քաղաքական կուսակցություն։

Այս բազմազանությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեդիայի սեփականատեր են ոչ միայն անհատ գործարարները, այլև պետական կառույցները, արտասահմանյան կառավարությունները, միջազգային գործակալությունները և քաղաքական կազմակերպությունները։

Տեղեկատվության հիմնական աղբյուրներն են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրն ու իրական շահառուների հայտարարագրերը, ինչպես նաև՝ դատական փաստաթղթերն ու հանրային գրառումները։

Սեփականատերերի բնութագրերը մի շարք կարևոր օրինաչափություններ են բացահայտում Հայաստանի մեդիայի սեփականության դաշտում։ Թեև որոշ լրատվամիջոցներ վերահսկվում են ընտանեկան ցանցերի միջոցով՝ սեփականության բաժնեմասերը բաշխելով հարազատների և գործընկերների միջև, շատ սեփականատերեր սերտ կապեր ունեն քաղաքական գործիչների հետ կամ իրենք են զբաղեցրել պետական պաշտոններ՝ հարցեր առաջացնելով խմբագրական անկախության վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։ Որոշ սեփականատերերի առնչությամբ քրեական գործեր կամ դատական վարույթներ են հարուցված, մինչդեռ մյուսները մեդիան ղեկավարում են զուգահեռաբար՝ ներգրավված լինելով այլ բիզնես ոլորտներում՝ հեռահաղորդակցության, շինարարության, անշարժ գույքի և այլն։

Մեդիայի, քաղաքականության և բիզնեսի այս փոխկապակցվածությունը ձևավորում է ազդեցությունների բարդ ցանց Հայաստանի տեղեկատվական միջավայրում։Սեփականատիրոջ յուրաքանչյուր անհատական բնութագիր ներառում է տվյալներ սեփականության բաժնեմասերի, կենսագրության, քաղաքական կապերի, մեդիայից դուրս բիզնես շահերի և իրավական խնդիրների (եթե առկա են) վերաբերյալ։

Տվյալների շտեմարանն ապահովում է թափանցիկություն՝ ցույց տալով, թե ովքեր են վերահսկում Հայաստանի ամենաազդեցիկ լրատվամիջոցները, ինչը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հասկանալ այն անձնական, քաղաքական և տնտեսական շահերը, որոնք կարող են ազդել խմբագրական որոշումների վրա։ Այս կապերը բացահայտելով՝ տվյալների շտեմարանը նպաստում է տեղեկացված մեդիա սպառմանն ու Հայաստանի մեդիա ոլորտում հաշվետվողականության ամրապնդմանը։