Արմեն Ամիրյան

Արմեն Ամիրյանը «Երևան էֆէմ» և «Ավտոռադիո» ռադիոծրագրերը հեռարձակող «Ար Ռադիո Միջմայրցամաքային» և «Ավտոռադիո» ՍՊԸ-ների սեփականատերերից մեկն է։ Նախկինում եղել է ՀՀ մշակույթի նախարար և Հանրային ռադիոյի տնօրեն։
Ծնվել է 1967 թվականի մայիսի 21-ին Երևանում։
Հայկական մեդիա դաշտում առաջին քայլերն արել է պատանեկության տարիներին։ 1982 թվականից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ։ Երկու տարի անց աշխատանքի է անցել Հայաստանի հեռուստառադիոպետկոմում՝ որպես ռեժիսորի օգնական։
1985-1997 թթ. վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։ Հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։
1995-1996 թթ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «ԱրմենԱկոբ» մշակութային կենտրոնը, 2000 թվականին՝ «ԱրմենԱկոբ» մասնավոր հեռուստաընկերությունը, որի հիքի վրա հետագայում ստեղծվել է «Ա-թիվի» հեռուստաընկերությունը։
Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի հանրային ռադիոն՝ 1997-2015 թթ․ լինելով գործադիր տնօրենը։
2015-2016 թթ․ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ Ապա նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար ու պաշտոնավարել մինչև 2018 թ․ մայիս։
2017 թվականի հունվարին՝ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, անդամակցել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) և զբաղեցրել կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը։ Ընտրություններից հետո, սակայն, հրաժարվել է ստացած մանդատից ու շարունակել աշխատանքը մշակույթի նախարարի պաշտոնում։
2018 թվականի ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ամիրյանը ստանձնեց նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը, սակայն մայիսի 2-ին հրաժարական ներկայացրեց։
Ամիսներ անց լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Արմեն Ամիրյանը հեռացել է ՀՀԿ-ից։
2018 թվականի իշխանափոխությունից հետո Ամիրյանը տեղփոխվել էր ԱՄՆ։ Երբ դեռ Հայաստանի հանրային ռադիոյի ղեկավարն էր, Ամիրյանը մի քանի միավոր անշարժ գույք էր ձեռք բերել Գլենդելում, ապա վաճառել առանձնատներից մեկը, նոր առանձնատուն ու բնակարան գնել: Նույն քաղաքում 2020 թվականին Արմեն Ամիրյանը հիմնել է “Radio House” ընկերությունը։ Հատկանշական է, որ «Ռադիոտուն» անվամբ ընկերություն կա նաև Հայաստանում, որի հիմնադիրն ու 2025 թվականի մարտի դրությամբ 49% սեփականատերը Ամիրյանի գործընկերն է՝ Վախթանգ Կարախանյանը։ Համացանցի մի քանի աղբյուրներում Վախթանգ Կարախանյանը ներկայացվում է որպես «Ավտոռադիո»-ի և «Ռադիո Երևան»-ի գլխավոր պրոդյուսեր:
Արմեն Ամիրյանի եղբորորդու՝ Արտավազդ Ամիրյանի հիմնադրած «Ավտոռադիո» ՍՊԸ-ում մշակույթի նախկին նախարարը 2022-ի վերջից 34% սեփականատեր է։
Նույն թվականին Ամիրյանի կինը՝ Հրանուշ Ամիրյանը, հիմնադրել է «Նովատուն» ՍՊԸ-ն, որը բազմաբնակարան բնակելի շենք է կառուցում Երևանի կենտրոնում՝ Հանրային ռադիոյի շենքի հարևանությամբ։ Արմեն Ամիրյանը ընկերության տնօրենն է և ֆեյսբուքյան իր էջում ակտիվ գովազդում է այս նախագիծը։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| affiliated_business_interests | Բնակելի շենքերի շինարարություն
|
|---|
| Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ) |
|
|---|





