Միհրան Հակոբյան

Logo of Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է։


Ծնվել է 1984 թվականի հուլիսի 15-ին Երևանում։ Միջազգայնագետ է, պատմական գիտությունների թեկնածու։


Մեդիայի հետ կապ ունեցել է դեռ երիտասարդ տարիներից. 2003-2005թթ. թղթակցել է «Երկիր» եւ «168 ժամ» թերթերին: Դրանից հետո անցում է կատարել հեռուստատեսային արտադրություն, 2014-2015թթ. եղել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի պրոդյուսեր, 2015-2017թթ.՝ «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն: 


Քաղաքական գործունեություն Միհրան Հակոբյանը սկսել է 2011 թվականից՝ դառնալով այդ ժամանակ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ։ 2011-2014թթ. եղել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականը։


2017 թվականին ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով Հակոբյանն ընտրվել է Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր։


2019 թվականի հունվարին դադարեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունն ու Սամվել Ֆարմանյանի, Արման Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի հետ հիմնադրել «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ն, որի կազմում էին «Թերթ էյ եմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն։ Այս լրատվամիջոցները մինչ այդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող «Պանարմենիան» մեդիա հոլդինգի մեջ էին։


2018 թվականի իշխանափոխությունից հետո, որպես ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանը հայտնվել է մի շարք միջադեպերի կենտրոնում։


2020 թվականի դեկտեմբերին Հակոբյանը, իր տված  հարցազրույցներից մեկի ընթացքում խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին, որպես պատմական օրինակ մատնանշել էր Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի ընտանիքի պատմությունը։ Չաուշեսկու ընտանիքը ռումինական տրիբունալի կողմից դատապարտվել էր մահապատժի։ Միհրան Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու համար, սակայն շուրջ կես տարվա քննությունից հետո Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակության հիմքով, նրա վերաբերյալ քրեական գործը՝ կարճվել։


Միհրան Հակոբյանի նկատմամբ մի քրեական հետապնդում էլ սկսվել էր 2020 թվականի նոյեմբերի 19-ին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկ հատվածում հավաք կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ 


Ըստ Քննչական կոմիտեի՝ Հակոբյանը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հավելվածում սահմանված կարգն էր խախտել, որով արգելվում էր ռազմական դրության պայմաններում ՀՀ ամբողջ տարածքում հավաքների, գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։


2020 թվականի դեկտեմբերին կառավարությունը վերացրել էր այս սահմանափակումների արգելքը, սակայն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ պաշտպանի միջնորդությունը 2021 թվականի հունվարին մերժվել էր։ Ի վերջո, երկար քննությունից հետո 2022 թվականի փետրվարին հանցակազմի բացակայությամբ այս գործը ևս կարճվել է։

Մեդիա ընկերություններ / խմբեր

Լրատվամիջոցներ

Փաստեր

Այլ լրատվամիջոցներ

Ռադիո

  • Ռադիո 107 ՖՄ (Հայաստան)

Այլ՝ մեդիայի հետ առնչվող բիզնեսներ

Կինո և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն

  • «Հրաշալի երկիր» ՍՊԸ (տնօրեն, Հայաստան)

Փոխկապակցված շահեր (ընտանիք և ընկերներ)
  • Արման Սաղաթելյան
    Արման Սաղաթելյանը (ծնվ. 1975թ. օգոստոսի 26) «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է։ Նա քաղաքական գիտությունների թեկնածու է և լայն կապեր ունի Հայաստանի քաղաքական ու մեդիա ոլորտներում։ Սաղաթելյանը մեդիա ոլորտում իր գործունեությունը սկսել է դեռևս 1991 թվականին՝ Հայաստանի ազգային հեռուստատեսությունում, ապա զբաղեցրել մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ «ԱրմՌադիո ՖՄ 107»-ի տնօրեն (2011-2013 թթ․), «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրենի տեղակալ (2012-2013 թթ․)։ Նա զգալի դերակատարում է ունեցել նաև պետական ապարատում՝ 2013-2015 թվականներին աշխատելով որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։ 2015-2016 թվականներին եղել է ՀՀ հանրային ռադիոյի տնօրեն։ Հատկանշական է, որ 2010-2011 թվականներին, երբ Սաղաթելյանը խորհրդական էր նախագահի աշխատակազմում, նրա հորեղբայրը՝ Արա Սաղաթելյանը, նույն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրենն էր։ 2017 թվականին Սաղաթելյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ընդգրկվելով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու։ 2019 թվականի հունվարին նա Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի և Կարեն Բեքարյանի հետ համահիմնադրել է «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն։
  • Սամվել Ֆարմանյան
    Սամվել Ֆարմանյանը (ծնվ. 1978թ. փետրվարի 17) «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է՝ Միհրան Հակոբյանի հետ միասին։ Նա պատմական գիտությունների թեկնածու է և զգալի փորձ ունի ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ պետական կառավարման համակարգերում։ Մինչև պետական ծառայության անցնելը՝ 2003-2005 թվականներին Ֆարմանյանը համակարգել է «Բաց հասարակության ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի Քաղաքացիական հասարակության և Զանգվածային լրատվության ծրագրերը։ 2005-2006 թվականներին նա աշխատել է որպես Ազգային ժողովի նախագահի խորհրդական՝ զբաղվելով արտաքին քաղաքականության հարցերով, իսկ 2008 թվականին միացել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմին՝ որպես ռեֆերենտ և մամուլի քարտուղար։ Հետագայում՝ 2010-2012 թվականներին, նա ղեկավարել է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի լրատվական ու վերլուծական ծրագրերը։ Ֆարմանյանը 2012 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), իսկ 2016 թվականին ընտրվել է դրա գործադիր մարմնի կազմում։ Նա երկու անգամ անընդմեջ Ազգային ժողովի պատգամավոր է եղել (2012-2017 և 2017-2018 թթ․), աշխատել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և ղեկավարել Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայկական պատվիրակությունը, եղել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ: 2018 թվականի իշխանափոխությունից հետո ընդդիմադիր դիրքերից քննադատում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ 2019 թվականի հունվարին նա դուրս է եկել ՀՀԿ-ից և Միհրան Հակոբյանի, Արման Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի հետ համահիմնադրել «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն։ Բացի քաղաքականությունից և մեդիայից, նա դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։ 2025 թվականի օգոստոսին նա դադարեցրել է իր համագործակցությունը ՀԱՀ-ի հետ՝ իր գնահատմամբ՝ քաղաքական ճնշումների պատճառով։
  • Կարեն Բեքարյան
    Կարեն Բեքարյանը (ծնվ. 1970թ. մարտի 2) «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիրներից է։ Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Բեքարյանը 1993-1999 թվականներին աշխատել է Ներքին գործերի նախարարության համակարգում, իսկ 1999-2010 թվականներին ծառայել է որպես Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ։ 2003 թվականից նա անցել է մեդիա ոլորտ, որտեղ հեղինակել և վարել է միջազգային վերլուծական ծրագրեր։ Միաժամանակ նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ 2006-2010 թվականներին եղել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության տնօրեն, իսկ 2010-2011 թվականներին՝ Հանրային ռադիոյի լրատվական, քաղաքական և վերլուծական ծրագրերի տնօրենի տեղակալ։ Այնուհետև, 2011-2015 թվականներին, նա աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես խորհրդական։ Բեքարյանը նաև դասավանդել է մի շարք համալսարաններում և 2002-2018 թվականներին նախագահել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն։ Նա երկու անգամ (2015-2017 և 2017-2018 թթ․) ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակով՝ անկուսակցական կարգավիճակով անդամակցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ 2019 թվականի հունվարին Բեքարյանը Սամվել Ֆարմանյանի, Արման Սաղաթելյանի և Միհրան Հակոբյանի հետ համահիմնադրել է «Քառյակ Մեդիա» ՓԲԸ-ն։ Սակայն 2025 թվականին նա դուրս է եկել ընկերությունից՝ իր 25% բաժնեմասը փոխանցելով Միհրան Հակոբյանին, ինչի արդյունքում Հակոբյանը դարձել է ընկերության 50% բաժնեմասի սեփականատեր։ 2021 թվականի փետրվարին Բեքարյանին մեղադրանք է առաջադրվել ազգային թշնամանք հրահրելու և ռազմական դրության կանոնները խախտելու համար, որը կապված էր 44-օրյա պատերազմի ընթացքում կեղծ օգտահաշվի կառավարմանը մասնակցելու ենթադրյալ դեպքի հետ։ Նա ձերբակալվել է, սակայն երեք օր անց ազատ է արձակվել։
Ակտիվ թափանցիկություն
ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են
Վերնագրեր
Մետատվյալներ

Միհրան Հակոբյանի կենսագրական տվյալները հասանելի են բաց աղբյուրներում։ 

Թեև «Քառյակ մեդիան» 2022 թվականին հայտարարել էր գործունեությունը դադարեցնելու մասին, 2025 թվականին այն շարունակում է մնալ «Թերթ էյ էմ» ՍՊԸ-ի 100% սեփականատերը։ Ընդ որում, «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի 2025 թվականի իրական շահառուների հայտարարագրում փոփոխություն է կատարվել, Կարեն Բեքարյանը դուրս է եկել ընկերությունից, իսկ իր 25% մասնաբաժինն անցել է Միհրան Հակոբյանին։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Quartet Media profile (Armenian)
    Link File
  • Quartet Media Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Quartet Media CEO (Armenian)
    Link File
  • Quartet Media charter (Armenian)
    Link File
  • Quartet Media profile (Armenian)
    Link File
  • Quartet Media Beneficial ownership declaration (Armenian)
    Link File
  • Quartet Media CEO (Armenian)
    Link File
  • Quartet Media owners (Armenian)
    Link File
  • Quartet Media charter (Armenian)
    Link File