Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը «24 Նյուզ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է և ներկայում 10%-ի բաժնետերը։ Հիմնադրման օրվանից մինչ օրս նա նաև «24 Նյուզի» տնօրենն է։
«24 Նյուզ» ՍՊԸ-ին է պատկանում համանուն 24news.am լրատվական կայքը։
Նարեկ Գալստյանը միաժամանակ կայքի խմբագիրն է, հաճախ հարցազրույցներ է վարում, որոնք հրապարակվում են 24news.am կայքում և դրա յութուբյան ալիքում։ Գալստյանը նախկինում զբաղվել է քաղաքականությամբ։ Նա դեռևս ուսանողական տարիներին եղել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահը։ 2007-ին նրա վրա հարձակում էր եղել։ Գալստյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ծեծը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։ Ըստ Գալստյանի՝ դեպքի նախորդ օրը ընկերոջ հետ «Սարգսյան Սերժին հայը կմերժի» (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը) գրությամբ թռուցիկներ է փակցրել Երևանի կենտրոնում շենքերի պատերին, որից հետո իրենց են մոտեցել ոստիկաններ։ Ոստիկաններից մեկը սկզբում ապտակել է Նարեկ Գալստյանին, ապա տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և այնտեղ ծեծել։ Դեպքը հանրայնացնելու հաջորդ օրը նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսել։ Այդ ժամանակ ՍԴՀԿ-ն հայտարարել էր, որ արմատական ընդդիմություն է և առաջիկա նախագահական ընտրություններին աջակցելու է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
Նարեկ Գալստյանը 2003-2006-ը եղել է նաև «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագրի ղեկավարը։ Բացի այդ, 2009-ին հիմնադրել է HayNews.am լրատվական կայքը, որի խմբագիրն է եղել մինչև 2012-ը։ Այնուհետև՝ 2012-2013-ը նա եղել է վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականը։ Ինչ վերաբերում է Գալստյանի անդամակցած Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը, ապա այն հետագայում մասնատվեց։ 2009-ին հրավիրված երկու տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանը առանձին, իսկ Գևորգ Պերկուպեկյանն՝ առանձին, նշել են, թե իրենք են ատենապետը։ Ըստ Գևորգ Պերկուպեկյանի՝ Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն է հայտնել կուսակցության գործող կառույցների մեծ մասը։ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ վարչությունը որոշել է հեռացնել Պերկուպեկյանին։ Կուսակցությունն, ի վերջո, պառակտվեց։ Հետագայում կուսակցության նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն հիմնեց՝ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցություն անվանումով։ 2013-ին Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ դարձավ Նարեկ Գալստյանը։ Դրա համար նա հրաժարվեց վարչապետի օգնականի պաշտոնից։ Ավելի ուշ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը և ՍԴՀԿ կուսակցության անդամները հեռակա բանավիճում էին։ Սարգսյանը լրատվամիջոցներին ասել էր, որ ՍԴՀԿ-ն վաճառվել է իշխանություններին. «Այսօր ՍԴՀԿ-ն կամովին գերեվարվել է Տիգրան Սարգսյանի կողմից եւ այսուհետեւ օգտագործվելու է կոնկրետ նպատակներով»։ ՍԴՀԿ-ն և Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը 2015-ին հանրահավաք էին անում հանուն քաղաքացիների իրավունքների, իսկ Նարեկ Գալստյանը մամուլի ասուլիսի ժամանակ քննադատում էր գործող իշխանություններին՝ նշելով, որ «Հայաստանում օլիգարխիան դարձել է քաղաքական և հասարակական հարաբերությունների գլխավոր դոմինանտը»։ Կուսակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու է 2017-ի խորհրդարանական ընտություններին։ ՍԴՀԿ-ն քննարկումների մեջ էր «Ծառուկյան» (գործարար Գագիկ Ծառուկյանի դաշինքը) դաշինքի հետ, սակայն ավելի ուշ տեղեկացրեց քննարկումների դադարեցման մասին։ Ըստ կուսակցության՝ Ծառուկյանի գլխավորած միավորումը միակողմանիորեն խախտում է պայմանավորվածությունները։
Ամիսներ անց կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին՝ արհեստական խոչընդոտների պատճառով։ Ըստ Գալստյանի՝ երկու օրվա ընթաքում իրենք չէին հասցնի առանձին ցուցակ կազմել և փաստաթղթեր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 2018-ի հակակառավարական ցույցերի ժամանակ, որի արդյունքում Հայաստանում իշխանափոխություն եղավ, կուսակցությունը կոչ էր արել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները և խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին։



