Հայաստանի հանրապետություն

Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունի մի քանի մեդիա ընկերություններում, դրանք են՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ն, «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն և «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ-ն։
Հայաստանի հանրային ռադիոն և հեռուստաընկերությունը հիմնադրվել են դեռևս Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժամանակ, երբ մեդիան խիստ վերահսկվում էր պետության կողմից։ Հայաստանի անկախացումից հետո ռադիոն և հեռուստաընկերությունը մնացին պետության սեփականությունը՝ տարբեր անվանումներով։
Ընկերությունների եկամտի հիմնական աղբյուրը պետական բյուջեն է, ամեն տարի բյուջեից գումար է տրամադրվում նրա գործունեությունը ապահովելու համար։ Ընկերությունները սահմանափակված չեն այլ աղբյուրներից ֆինանսական միոցներ ստանալու հարցում։ Գովազդի և որոշ ծառայությունների մատուցմամբ ևս ֆինանսական միջոցներ են ներգրավվում։
ՀՀ-ն Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի կառավարումն իրականացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի միջոցով։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը սահմանում է՝ Հանրային հեռարձակող է համարվում ՀՀ-ին 100% պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակողը, իսկ Հանրային հեռարձակողի համար լիազոր մարմինը Հանրային հեռարձակողի խորհուրդն է, որը հաստատում է հանրային հեռարձակողների կանոնադրությունը։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը անդրադառնում է նաև Հանրային հեռարձակողի խորհրդին (ՀՀԽ)։ Հանրային հեռարձակողների կառավարումն ապահովում և հսկում է ՀՀԽ-ն։ ՀՀԽ-ի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը, իսկ նախագահը ընտրվում է ՀՀԽ կազմից՝ գաղտնի քվեարկությամբ։
ՀՀԽ-ի նախագահը Վասակ Դարբինյանն է, որն այդ պաշտոնում ընտրվել է 2025-ի հունիսի 2-ին։ ՀՀԽ-ի անդամ է նշանակվել 2021-ի հոկտեմբերին՝ վարչապետի որոշմամբ։
Նա մեդիաոլորտում աշխատում է 1982 թվակնից։ Կարիերան սկսվել է «Երևանի համալսարան» շաբաթաթերթում, որից հետո նա աշխատել է «Հայք», «02», «Թերթ», «Առավոտ», «Ժամանակ», ‹‹Տարեգիր››, ‹‹Այբ-Ֆե›› պարբերականներում՝ իբրեւ լրագրող, նաեւ՝ գլխավոր խմբագիր։ Վասակ Դարբինյանը նաև հեռուստատեսությունում է զբաղեցրել խմբագրի պաշտոն․ Հանրային հեռուստաընկերության ‹‹Հայլուր›› ծրագրի խմբագիր (1998-1999), «Արմենիա» հեռուստաընկերության ‹‹Օրվա մամուլը›› հաղորդաշարի հեղինակ և խմբագիր (1999-2000), «Ա1+» հեռուստաընկերության ‹‹Ա1+ մամուլ›› հաղորդաշարի hեղինակ և խմբագիր: Աշխատել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում որպես մամուլի փորձագետ (2014-2015): Մինչեւ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակվելը Վասակ Դարբինյանն աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ»-ում՝ որպես սրբագրիչ (2016-2021)։ Այս լրատվամիջոցում է աշխատել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը որպես խմբագիր։ «Հայկական ժամանակ»-ը տնօրիող ընկերության բաժնետոմսերի 70%-ը ներկայում պատկանում է Աննա Հակոբյանի մորը։
«Շողակաթ» հեռուստաալիքը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ծրագիրն է, որով, հիմնականում, հեռարձակվում են կրթական, մշակութային, հոգևոր թեմաներով հաղորդումներ։ «Շողակաթ»-ով հեռարձակվող հաղորդումները պատրաստում է «Շողակաթ հեռուստաընկերություն» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցին է։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը 2025-ի հոկտեմբերին փոփոխություններ են առաջարկել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում, որոնք ընդունվելու պարագայում կկրճատվի հանրային հեռարձակողների թիվը՝ առնվազն երեքից դառնալով առնվազն երկուսը։ Ըստ հիմնավորումների՝ նախագծի նպատակը համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է, սակայն, ըստ մամուլի, նկատի ունենալով, որ նախագիծը քննարկվում է իշխանության և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միջև սրված հարաբերությունների ֆոնին, այս փոփոխության նպատակը կարող է լինել «Շողակաթ» հեռուստաընկերության փակումը, որի հիմնադիրը Մայր Աթոռն է։
Առաջարկված փոփոխությունների ընդունման դեպքում Հանրային հեռարձակողի խորհուրդն է որոշելու, թե հանրային որ հեռարձակողը կամ ծրագիրն է դադարեցնելու գործունեությունը։
Մեդիա ընկերություններ / խմբեր
Լրատվամիջոցներ
Փաստեր
| Այլ լրատվամիջոցներ | Հեռուստաալիք
Առցանց
|
|---|
| Ակտիվ թափանցիկություն | ընկերությունը/ալիքը պրոակտիվ և ամբողջական հայտնում է սեփականության մասին, տվյալները պարբերաբար թարմացվում են և հեշտությամբ ստուգելի են | |
|---|---|---|
| Վերնագրեր | ||
| Մետատվյալներ | Հայաստանի Հանրապետությանը պատկանող ընկերությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ՀՀ-ի Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ ՀՀ-ին պատկանող ընկերությունների ծրագրերը տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել են իրենց կայքերում։ Հանրային հեռարձակողի խորհրդի մասին տվյալները հասանելի են ՀՀԽ-ի կայքում, իսկ ընկերությունների կառավարման մեխանիզմը հասկանալու համար ուսումասիրել ենք «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը և ՀՀԽ-ի կայքում առկա տեղեկատվությունը։ | |
| Աղբյուրներ | ||
| Փաստաթղթեր (PDF) |
|





