Վարդան Տողանյան

«Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ի կանոնադրության համաձայն՝ դրա միակ բաժնետերը Վարդան Տողանյանն է։ Նույն տեղեկությունը նշված է նաև իրական շահառուների հայտարարագրում։ Տողանյանն այս ընկերության իրական շահառուն է դարձել 2017-ին։
2017-2022 թթ. Վարդան Տողանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է եղել։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետն արգելում է դիվանագետներին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Իսկ ընկերության կանոնադրության 2.1 կետում հստակ նշվում է, որ ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեությամբ շահույթ ստանալն է։ Այդ պատճառով Տողանյանը «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն հանձնել է հավատարմագրային կառավարման։ Պաշտոնյայի՝ 2021-ին ներկայացրած տարեկան հայտարարագրի համաձայն՝ հավատարմագրային կառավարիչը Մերուժան Բադալյանն է։
Տողանյանի աշխատանքային գործունեությունը մեծամասամբ կապված է Ռուսաստանի հետ։ Մինչև դեսպան դառնալը եղել է պատմության ուսուցիչ Երևանում (1991-1992), այնուհետև Մոսկվայում ՀՀ Մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ (1992-1994), Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (1994-1995), Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար (1996-1997), ՌԴ-ում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար (1997-1998), ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական (1998-2000), 2001-ից «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, 2012-ից ռուսական «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, միաժամանակ 2013-2015-ը եղել է «Կինոտեխնիկա» և «Սոյուզկնիգա» ԲԲԸ-ների տնօրենների խորհրդի անդամ, «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ (2013-2016)։ 2016-ից եղել է «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2017-ին արդեն նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։
ՌԴ նախագահի հրամանագրով 2021-ին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։ 2022-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վարդան Տողանյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։
Նախկին դեսպանը եղել է 2018-ին հիմնադրված «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից։ Ըստ 2025-ին ներկայացրած իրական շահառուների հայտարարագրի՝ նա 50% բաժնեմաս ունի վերը նշված բարեգործական հիմնադրամում։ Բացի այդ, Տողանյանը եղել է Հայաստանում գործող «Սիրուն Դայմնդս» ՍՊԸ-ի հիմնադիրներից։ Ընկերությունը հետագայում վերանվանվել է «Նոր Դեվելոփմենթ» ՍՊԸ, ապա՝ «Գոլդ Ընդ Դայմոնդ» ՍՊԸ։
2015-ին հիմնված ընկերությունում Տողանյանը մինչ վերջերս՝ 2025-ի մայիսն ունեցել է 33.3% բաժնեմաս։
Հետաքննող լրագրողների Hetq.am կայքը 2016-ին հրապարակել էր «Պանամայի փաստաթղթեր» նախագծի շրջանակներում ստացված՝ օֆշորում գրանցված ընկերությունների ցուցակը, որտեղ հայեր կան։ Ցուցակում առկա է նաև Վարդան Տողանյանի անունը։


