Civic.am

Logo of Civic.am

Civic.am կայքը հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կուսակցության վարչության նախագահը Նիկոլ Փաշինյանն է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ ՔՊ կուսակցության իրական շահառուի հայտարարագրում ևս նշված է նրա անունը՝ որպես կուսակցության գործունեության ընդհանուր կամ ընթացիկ գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձ։


Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարչապետի պաշտոնում ընտրվել է 2018 թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Փաշինյանի երրորդ ժամկետը կլրանա 2026 թվականին։


Civic.am-ը, ըստ ինտերնետ արխիվի տվյալների, հիմնադրվել է 2021 թվականին։ Կայքի բովանդակությունը հայերեն է։ ՔՊ կուսակցության կանոնադրության մեջ նշված է՝ կուսակցությունը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ։


civic.am կայքը ՔՊ կուսակցության խոսափողն է: Սակայն կուսակցությանը պատկանելության մասին կայքում նշված չէ։ Կայքը չունի «Մեր մասին» բաժին, որտեղ, սովորաբար, զետեղվում են հիմնադրի, խմբագրական անձնակազմի մասին տեղեկությունները։ Civic.am կայքի կարգախոսն է՝ քաղաքացիակենտրոն լրատվություն։


Civic.am-ի կապը ՔՊ կուսակցության հետ պարզ է դարձել, երբ Վազգեն Գալստանյանը (արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան) 2024թ. մայիսի 24-ին հայց է ներկայացրել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ  Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Հայցում կուսակցության անվան կողքին փակագծերում գրված էր՝ civic.am լրատվական կայք։ 


Մինչ այդ՝ 2022 թվականին, Սաթիկ Սեյրանյանը, «168 ժամ» ՍՊԸ-ն և «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ն էին դատական հայց ներկայացրել «Սիվիկ էյէմ»-ի և Աշոտ Մելիքյանի դեմ՝ հերքման պահանջով։ Սակայն դատարանը որոշել էր վերադարձնել հայցը, քանի որ պատասխանողը պետք է ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիներ։ Հայցվորները դատարանին պարզաբանել էին, որ տարբեր եղանակներով փորձել են ճշտել կայքը հիմնադրած իրավաբանական անձի անունը, սակայն չի հաջողվել։ Դիմել են կայքի դոմեյնը գրանցած ընկերությանը, բայց տեղեկատվություն չի տրամադրվել, զանգահարել են կայքում նշված հեռախոսահամարով, պատասխանել են, որ ահրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել կայքում նշված էլեկտրոնային հասցեին։ Հարցում են ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե ում է պատկանում կայքը, բայց պատասխան չեն ստացել։ Դատական գործը քննվել է նաև վերաքննիչ դատարանում, որն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը նույն հիմնավորմամբ՝ հայցվորներին չի հաջողվել նույնականացնել պատասխանողին, այսինքն՝ թե ում է պատկանում Civic.am կայքը։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակը գտնվում է Սայաթ Նովա 40 հասցեում, այս նույն հասցեում է տեղակայված Civic.am-ի խմբագրությունը, կայքում էլ նույն հասցեն է նշված։


Լրատվամիջոցը ֆինանսավորվում է ՔՊ կուսակցության բյուջեից, այն շահույթ չի հետապնդում, քանի որ առևտրային կազմակերպության չի պատկանում: Սա է պատճառը, որ Civic.am-ում գովազդ չի տեղադրվում։ Civic.am կայքում մեզ չհաջողվեց տեղեկություն գտնել լրատվամիջոցի ֆինանսական ծախսերի մասին։ Ուսումնասիրեցինք ՔՊ կուսակցության 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունները: Դրանցում եւս լրատվամիջոցի ծախսերի վերաբերյալ տեղեկություններ չկային։


ՔՊ կուսակցության 2024 թվականի տարեկան հաշվետվության մեջ միակ տեղեկությունը, որ առնչվում էր Civic.am-ին, այն էր, որ «Հետազոտություններ» բաժնում հիշատակված 6 հետազոտությունից չորսը հրապարակվել են Civic.am կայքում։

Հիմնական փաստեր

Լսարանի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Սեփականության տեսակՄասնավոր
Աշխարհագրական ծածկույթՄիջազգային
Բովանդակության տեսակԱնվճար
Տվյալներն անհասանելի են
սեփականության տվյալները հրապարակային չեն, ընկերությունը/ալիքը մերժում է տեղեկատվության հրապարակումը կամ չի արձագանքում, չկա հանրային գրառում

Սեփականություն

Սեփականության կառուցվածք

Civic.am-ը չի պատկանում որևէ առևտրայի կազմակերպության։ Այն կառավարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։

Քվեարկության իրավունք Տվյալները բացակայում են
Անհատ սեփականատեր

Փաստեր

Հիմնադրման տարեթիվ2021

Մեզ չհաջողվեց բաց աղբյուրներում գտնել կայքի հիմնադրման տարեթիվը, բայց ինտերնետ արխիվի տվյալների համաձայն՝ այն գործում է 2021 թվականից։

Հիմնադիր
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականին։ Կուսակցության վարչության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Իրական շահառուի հայտարարագրում ևս նշված է նրա անունը՝ որպես կուսակցության գործունեության ընդհանուր կամ ընթացիկ գործունեությունը իրականացնող պաշտոնատար անձ։

    Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարչապետի պաշտոնում ընտրվեց 2018 թվականին՝ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա, ժողովրդական» հեղափոխությունից հետո: Նույն տարում նա հրաժարական տվեց խորհրդարանը ցրելու և նոր ընտություններ կազմակերպելու համար։ Այն տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ ընտրվեց վարչապետ։ 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Փաշինյանը 2021-ի ապրիլի 25-ին հրաժարական տվեց, նույն տարվա հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացվեցին։ ՔՊ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կազմեց, և Փաշինյանը երրորդ անգամ ընտրվեց վարչապետ։ Խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2026-ին։

    Հիշատակման արժանի են ՔՊ կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ լրագրողական բացահայտումները։ 2024թ. «ՍիվիլՆեթը» եւ «Ինֆոքոմը» պարզել էին, որ 2022թ. կուսակցության նվիրատուների մեջ եղել են մարդիկ, որոնք տեղյակ չեն եղել իրենց անունից նվիրաբերված գումարների մասին: Բացի այդ, բազմաթիվ նվիրատուների ֆինանսական վիճակը թույլ չէր տալիս, որ նրանք այդ գումարները նվիրաբերեին։ Իսկ որոշ դեպքերում այդ գումարներն օրենքով թույլատրվածից մեծ էին։ Փաստացի, ըստ լրագրողական հետաքննությունների, կուսակցության որոշ համակիրներ կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ գումարներ էին նվիրաբերել կուսակցությանը այլոց անունից։ 

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր, որ տեղի ունեցածում խնդիր կա, բայց այն որակել էր քաղաքական, ոչ քրեական։ Միաժամանակ հանդիմանել էր լրագրողներին, թե ինչու մյուս կուսակցությունների հաշվետվությունները չեն ստուգում։ Ի դեպ, ՔՊ կուսակցության հաշվետվությունը Infocom.am-ը  ստացել էր դատարանի միջոցով։

    Իրավապահներն այդ բացահայտումների առնչությամբ երկու քրեական վարույթ էին հարուցել կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու, նվիրատվության առավելագույն չափը գերազանցելու, չթույլատրված աղբյուրներից նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։ Քրեական վարույթներից մեկը կարճվել է, մյուսի քննությունը շարունակվում է։

Գլխավոր խմբագիր
  • Աստղիկ Սափեյան

    Աստղիկ Սափեյանը Civic.am-ի խմբագիրն է, սակայն հայտնի չէ, թե երբվանից։ Նա աշխատել է նաև 1in.am-ում, այս մասին նշված է նրա Facebook-յան էջում։ Ազգային անվտանգության ծառայության կայքում 2019 թվականի մարտին հրապարակված հաղորդագրություններից մեկում նշված է, որ նա «Ժամանակ» և 1in.am կայքերի գլխավոր խմբագիրն է եղել։ Այդ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հերքում էր 1in.am կայքում հրապարակված տեղեկավությունը։

    Աստղիկ Սափեյանն ազգակցական կապ ունի Հայաստանի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։Նրա մասին այլ տեղեկություններ համացանցում չկան։

Այլ կարևոր անձինք
  • Նիկոլ Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է, սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ Սակայն ուսումը չի ավարտել՝ ավարտական կուրսում հեռացվել է համալսարանից, ինչպես նշված է իր կենսագրականում՝ «քաղաքական դրդապատճառներով»։

    Նա 1992 թվականից ակտիվորեն համագործակցել է տարբեր թերթերի հետ, ապա 1998 թվականին հիմնադրել «Օրագիր» օրաթերթը, որը 1999 թվականին քաղաքական պատճառներով դատական կարգով փակվել է։ 1999 թվականին դարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2012 թվականը։ 2006-2008թթ. եղել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենը։ Լրագրողական գործունեության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել են մի շարք քրեական գործեր զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքներով։ 1999 թվականի օգոստոսին դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

    Քաղաքական ուղին Նիկոլ Փաշինյանը սկսել է որպես ընդդիմադիր գործիչ՝ 2006 թվականին մասնակցելով «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադրմանը։ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենթ» դաշինքի ցուցակի առաջին համարը, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում։ 2009 թվականի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է դատախազություն, ձերբակալվել և 2010 թվականի հունվարին դատապարտվել յոթ տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Բանտում անցկացնելով մեկ տարի 11 ամիս՝ ազատ է արձակվել 2011 թվականի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ։ Բանտից ազատվելուց հետո, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով։ 2013 թվականին նա հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը, որի հենքի վրա 2015-ին ձևավորվել է համանուն կուսակցությունը։ 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով կրկին ընտրվել է պատգամավոր, և 2017 թվականի մայիսից եղել է «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

    2018 թվականին Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» անվամբ շարժումը, որի արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։ Այժմ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման երրորդ ժամկետն է, որը կլրանա 2026 թվականին։ Նրա ղեկավարած ՔՊ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել 2026 թվականի ընտրություններին։

Կոնտակտային տվյալներՍայաթ-Նովայի 40 շենք
Երևան
news@civic.am
+374 44 473 732
www.civic.am
ԵկամուտՏվյալները բացակայում են
ՇահույթՏվյալները բացակայում են
Գովազդ (ընդհանուր ֆինանսավորման %)Տվյալները բացակայում են
Շուկայի մասնաբաժինՏվյալները բացակայում են
Վերնագրեր
Մետատվյալներ

Civic.am կայքում տեղեկություններ չկան այն հիմնադրողների, անձնակազմի վերաբերյալ։ Կայքը չունի «Մեր մասին» բաժին։ Նշված են միայն էլ․ հասցեն, հեռախոսահամարը և գտնվելու հասցեն։ Լրատվամիջոցի հիմնադրի մասին տեղեկացել ենք Դատական տեղեկատվաան համակարգից, որտեղ քաղաքացիական գործերից մեկով որպես պատասխանող նշված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (civic.am լրատվական կայք)։ civic.am-ի խմբագրություն մի քանի զանգից հետո կարողացանք կապ հաստատել աշխատակիցներից մեկի հետ, որը ներկայացավ որպես խմբագիր և հաստատեց, որ կայքը պատկանում է ՔՊ կուսակցությանը: Լրատվամիջոցի տարեկան ֆինանսական հաշվետվությունը բաց աղբյուրներում մեզ չհաջողվեց գտնել։

Աղբյուրներ
Փաստաթղթեր (PDF)
  • Civil Contract party profile (Armenian)
    File
  • Civil Contract party Beneficial ownership declaration (Armenian)
    File
  • Civil Contract party CEO (Armenian)
    File
  • Civil Contract party financial report (Armenian)
    Link File
  • MOM request to Civic.am (Armenian)
    File